Չորեքշաբթի, 24.04.2024, 06:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Ուրիշի ցավը տեսնել է պետք
14:39
Ուրիշի ցավը տեսնել է պետք
Հարություն Շատյան
Երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմն այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է միանգամից երեք մրցանակի: Ֆիլմը պատմում է ՀՀ քաղաքացի մի երիտասարդի մասին, որը բազմաթիվ խնդիրներ ունի: Պետության տրամադրելիք «Ինսուլին» դեղամիջոցը չստանալով` նա ստիպված է գողություն անել, միամտության ու անտեղյակության պատճառով պարտադրված է ուրիշի վարկը փակել, աշխատանքի խնդիր ունի: «Բեռնելով կյանքս» ֆիլմի թե օպերատորը, եւ թե գլխավոր դերակատարը Հարություն Շատյանն է:

- Հարություն, ձեր ֆիլմում մեր կյանքն է` իր տարբեր տխուր կողմերով: Իսկ ինչո՞ւ մեր կյանքն այդպիսին դարձավ:

- Չգիտեմ, թե ինչից դա սկսվեց, բայց միգուցե իրար չընդունելու խնդիր ունենք հիմա: Ես տեսարան ունեմ ֆիլմում, որտեղ ներկայացվում է, որ համաշխարհային մեծ իրադարձություններ են տեղի ունենում. Եգիպտոսում` բունտեր, երկրաշարժ` Ճապոնիայում, տեռորիստական ակտեր` Ռուսաստանում, ու Հայաստանում բոլորը սեւեռվում են դրանց վրա, բոլորն այդ հիմնախնդիրների մասին գիտեն, սակայն մեր կողքի մարդկանց պրոբլեմի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում այնքան ժամանակ, մինչեւ որ դա չի հասնում կրիտիկական սահմանի: Այսինքն` մեզ մոտ հիմա կա իրար չճանաչելու խնդիր, որ մարդիկ չգիտեն իրենց կողքինի, իրենց հարեւանի, իրենց ընկերոջ պրոբլեմը: Ու միգուցե չեն էլ ուզում իմանալ, որովհետեւ իրենց պրոբլեմներն արդեն շատ են, եւ ավելին իմանալը ծանր է երեւի: Բնականաբար, դրա համար էլ այսօր ստեղծվում է այդ իրավիճակը, որ ոչ ոք չգիտի` ով ինչ դարդի է:

- Պետության վրա էլ հույս դնել` մարդը չի՞ կարող:

- Չգիտեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել` անկեղծ ասած, որովհետեւ ես առաջին հերթին հույս եմ դնում ինքս ինձ վրա: Հույս ոչ մեկի վրա չի կարելի դնել, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ ապրելակերպ է:

- Հույս դնել` պաշտպանված լինելո՞ւ իմաստով:

- Պաշտպանվածություն կա, սակայն չի կարող նույն այդ կառավարությունը բոլորին պաշտպանել եւ չի կարող օգնել բոլորին: Նույնն էլ մարդը. նա չի կարող օգնել յուրաքանչյուրին: Ճիշտ է, պետությունը, կառավարությունը պետք է դա անի: Եթե աներ, այսօրվա ֆիլմը միգուցե եւ չլիներ, որովհետեւ չէի տեսնի այն պրոբլեմները, որոնք կան: Թեկուզ նույն դեղամիջոցների հետ կապված, որ ուղղակի պոլիկլինիկայում դեղ չի եղել, ու հերոսը չի ստացել իր հասանելիքը: Բայց կոնկրետ ինչ-որ մեկին մեղադրելու համար հնարավոր է այդ շղթայի վերջը չգտնես, որովհետեւ ես կատարել եմ լրագրողական հետաքննություն, ու շղթան տանում է ինչ-որ անհայտ տեղ, որտեղ չգիտես` կոնկրետ ով է մեղավոր, որ պոլիկլինիկայում դեղը չկա: Ուղղակի պետք է բարձրաձայնել, որպեսզի մարդիկ հասկական, որ այսօր մեր շուրջը կան լիքը հիմնախնդիրներ, ու դրանք լուծելու համար ուղղակի ասելը քիչ է: Պետք է փորձես ինչ-որ մի կերպ ցույց տալ, այսպես ասած` բոլորի աչքը մտցնել: Այո, խնդիրները կան, բայց ոչ ոք չի խոսում դրանց մասին, ուստի որոշեցի խոսել: Ու ընդհանրապես ես ցանկանում եմ, որ ֆիլմը դիտողը հասկանա, որ վաղը եթե նա վարկ վերցնի բանկից, միգուցե չստացվի դրա մարումը, միգուցե դա բերի նրան, որ չունենա միջոց` դեղ գնելու համար, իսկ դեղ գնելու միջոց չունենալով` գնա հանցագործության:

- Այդ դեպքում արդարացնո՞ւմ եք մարդուն:

- Ես չեմ արդարացնի ոչ մի տեսակի հանցագործություն: Դա չի կարելի, սակայն երբ հերոսը հասնում է ծայրահեղ բարդ իրավիճակի եւ դիմում է այդ քայլին, միգուցե ես հասկանամ: Բայց գլխավոր նպատակը ոչ թե արդարացնել կամ մեղադրելն է, այլ այն, որ մարդ տեսնի, թե ինչ կարող է լինել իր կողքինի հետ, երբ նրան գոնե ինչ-որ բանով օգնելու համար ձեռք չմեկնի: Նա կարող է հանցագործություն անել, կարող է ինքնասպան լինել, որը շատ ավելի վատ է, բնականաբար:

Աննա Զախարյան


Աղբյուր`http://www.armtimes.com/26724

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 723 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հարություն Շատյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0