Հինգշաբթի, 25.04.2024, 19:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Փարիզի երդվայլների ատյանում
13:46
Փարիզի երդվայլների ատյանում
 տիկին Մանուշյան
ՆԱԽԱԳԱՀ - Պաշտպան Լեկլե´րկ, ի՞նչ հարց եք ուզում տալ վկային։

ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ - Պատասխանը միանշանակ է, պարոն նախագա´հ։ Նախ ես ուզում եմ ձեզ ներկայացնել տիկին Մանուշյանին, նրա ներկայությունը մեզ համար խիստ կարեւոր է։ Դուք հավանաբար հիշում եք կարմիր որմազդը, որը դիմադրության տարիներին հայտնվել էր Փարիզի փողոցներում ու բառացիորեն ազդարարում էր. «Ահա´ վկայությունը այն բանի, որ եթե ֆրանսիացիները թալանում, պայթեցնում, վնասում, սպանում են, ապա օտարազգիները՝ գործազուրկներն ու ոճրագործներն են նրանց ղեկավարում...»։

Այդ ազդի տակ նշված է մարտախմբի հրամանատարի՝ Միսաք Մանուշյանի անունը, որը հիսունվեց գրոհ է կազմակերպել, 150 ֆաշիստական բռնազավթիչ շարքից հանել։

Մի քանի օր առաջ հանրապետության նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ ինքը ակնկալում է, որ կառավարությունը համապատասխան հանձնարարականներ տա, որպեսզի փետրվարին առանձնակի շուքով նշվի Միսաք Մանուշյանի՝ դիմադրության շարժման նշանավոր հերոսներից մեկի զոհվելու 40-ամյակը։

Ուրեմն, տիկին Մանուշյանը հայուհի է։ Ես կուզեի, որ նա մեզ տեղեկացներ, թե ինչո՞ւ է դատարան եկել եւ ի՞նչ է ուզում ասել։

ՄԱՆՈՒՇՅԱՆ - Ես եկել եմ հայտնելու, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որբացել, երկրորդի ժամանակ այրիացել եմ։ Ահա´, մի նախադասությամբ, իմ կենսագրությունը։ Մենք՝ երեք, չորս, հինգ տարեկան հայ որբերս դեպքերից առաջ խաղում էինք թուրք, հույն, հրեա, այլ ազգության երեխաների հետ, դրսում՝ թուրքերեն, տանը՝ մեր մայրենի լեզվով էինք խոսում։

Մենք ի հարկե չիմացանք, թե ինչո՞ւ, ինչպե՞ս սկսվեց պատերազմը, բայց զգացինք, որ մի շատ կարեւոր բան փոխվեց՝ թուրք մանուկները սկսեցին մեր հետեւից քարեր շպրտել։ Մենք զարմացանք եւ երբ հայտնեցինք մեր ծնողներին, նրանք ասացին. «Դուք էլ նույնն արեք»։

Ուրեմն համաշխարհային մեծ պատերազմում մենք ունեինք մեր փոքրիկ պատերազմը, որը դրանով չավարտվեց։ Մեզ՝ հայ որբերիս հավաքեցին Ադաբազարի ամերիկյան որբանոցում, որի դաստիարակները հայեր էին։ Ավելի ուշ, երբ թուրքական կառավարությունը հրահրեց Զմյուռնիայի հրդեհը, մեր տնօրինությունն զգաց, որ ապահով չենք, մեզ Հունաստան՝ մի ուրիշ ամերիկյան որբանոց տեղափոխեց, որտեղից էլ 1926-ին եկանք Ֆրանսիա ու հայկական մանկատան սաներ դարձանք։

ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ - Ես ուզում եմ ձեզ հարցնել, թե ամուսնանալուց հետո ինչո՞ւ եք դուք եւ ձեր ամուսինը՝ Մանուշյանը Դիմադրական շարժմանը նվիրվել։

ՄԱՆՈՒՇՅԱՆ - Իմ ամուսինը նույնպես Առաջին համաշխարհային պատերազմի որբերից էր, նրան Երկրորդ համաշխարհային պատերազմում, ինչպես գիտեք, գնդակահարեցին նացիստները։ Մենք զինվորագրվեցինք Դիմադրական շարժմանը, որովհետեւ նախ երախտապարտ էինք այն երկրին, որտեղ հանգրվանել էինք, բացի այդ՝ տեսնում էինք, որ կրկնվում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Մեզ՝ հայերիս համար, Թալեաթը նացիստ էր։ Ավելի մանրամասնեմ՝ չէինք կարող չպաշտպանել Ֆրանսիան, որը մեզ համար արտասովոր երկիր էր, երկիր, որտեղ մեզ չէին ձերբակալում, չէին տանջում, որտեղ ժողովրդավարությունն էր գերիշխում։ Իսկ նացիզմը, նացիզմը գաղափարախոսություն չէ, անասնական բնազդ է, մենք փաստորեն ականատես էինք լինում 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությանը։ Ահա´ թե ինչու ես ու Մանուշյանը իրար հետ խորհրդակցելուց հետո Դիմադրության շարքերն անցանք հենց առաջին օրվանից ու կռվեցինք մինչեւ 1943-ի նոյեմբերի 15-ը, երբ ամուսինս ձերբակալվեց ու գնդակահարվեց...

Նրանց դատավարության ժամանակ դատարանի դահլիճում կային ֆրանսիական լրտեսներ, ինչպես նաեւ Գեստապոյի գործակալներ, որոնք Մանուշյանի մարտիկներին «ոճրագործներ» էին կոչում։ Ամուսինս, որ երկար ժամանակ չէր կորցնում պաղարյունությունը, ի վերջո դահլիճ շրջվեց ու ասաց. «Գեստապոյի գործակալների դեմ ես ոչինչ չունեմ, մենք պայքարել ենք եւ այժմ ձերբակալվել, բայց դո´ւք՝ ֆրանսիացի լրտեսնե´ր, ձեր խիղճն ու հոգին ծախել եք թշնամուն։ Դուք սոսկ ժառանգել եք ֆրանսիական քաղաքացիությունը, այսօր մենք դրան արժանանում ենք»։

Այո´, նա կռվում էր Ֆրանսիայի համար, չունենալով ֆրանսիական հպատակություն։

ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ - Դուք ձեր հուշերի գրքում նկարագրել եք՝ երբ Մանուշյանը ընդհատակ անցավ, ինչի՞ մասին էր մտածում...

ՄԱՆՈՒՇՅԱՆ - 1936, թե 37 թվականին էր, մենք մեկտեղ դիտեցինք «Ես դատապարտում եմ» շարժանկարը, որտեղ Վիկտոր Ֆրանսենը մի անծայրածիր գերեզմանոցում հիշում էր Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, մրմնջում. «Ես դատապարտում եմ, ես դատապարտում եմ...»։ Մանուշյանն ասաց. «Հիշեցի հորս, որը զենքը ձեռքին գնաց, որպեսզի կռվի Թալեաթի կառավարության դեմ, պաշտպանի հայ ժողովրդին»։ Իրոք, ցեղասպանությունն արդեն սկսվել էր, նրա հայրը ընկնում է մարտի դաշտում, մայրը խողխողվում է իր երեխաների ոտքերի առջեւ։ Մանուշյանը պատմում էր. «Ես հիշեցի այս ամենն ու նռնակը նետեցի ֆաշիստների վրա, տեսա մորս ընկնելը, հորս ընկնելը եւ նետեցի նռնակը։ Այդ պահին մտապատրանք ունեցա՝ ինչ-որ մեկը դրդում էր ինձ. «Կրակի´ր, դու իրավունք ունե´ս, կրակի´ր, դու սպանում ես մա´հը, դու սպանում ես թշնամո´ւն, նացիստների´ն...»։ Այդպե´ս ես գրոհեցի եւ ասես ուսերիցս մի մեծ բեռ ընկավ, զգացի, որ.հերոսություն եմ անում, հետեւում եմ հորս, ես միշտ կհետեւեմ նրան, ֆրանսիացի ժողովրդին, ազատության բոլոր մարտիկներին»։

Այդպե´ս է իմ ամուսինն սկսել իր պայքարը, նա 125 բռնարարք է կատարել, բայց ոչ մի ֆրանսիացու չի վնասել, եթե նկատի չունենանք ժան Հերոլդի նման այն մի քանի դավաճաններին, որոնք իրենց հայրենակիցներին Գեստապոյին էին հանձնում։ Մանուշյանը մարտնչել է միայն Գեստապոյի՝ այն գերմանացիների դեմ, որոնք եկել էին Ֆրանսիան ծնկի բերելու համար։

ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ - Ի՞նչ էր ձեզ գրել Մանուշյանն իր վերջին նամակում։

ՄԱՆՈՒՇՅԱՆ - Նա գրել էր՝ «Թանկագի´ն Մելինե, շատ սիրելի որբուկս>>, ցանկանալով նշել, որ ես երկրորդ անգամ որբանում եմ։ Ապա ավելացրել էր. <<Ես գերմանացի ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, համոզված եմ, որ բոլոր ժողովուրդներն էլ խաղաղ կգոյակցեն գերմանացիների հետ, պատերազմը երկար չի տեւի, երջանկությունն ամենուր կիշխի»։ ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ - Ի՞նչ կուզեիք ասել մեղադրվող երիտասարդներին։ ՄԱՆՈՒՇՅԱՆ - Ի հարկե, ես ոչ մի իրավասություն չունեմ պնդելու՝ նրանք ճի՞շտ են, թե՞ սխալ, բայց վստահ եմ, որ ահաբեկիչներ չե´ն, ազատամարտիկնե´ր են, ինչպես մենք։ Ես նրանց կուզեի ասել. «Նայե´ք աչքերիս, զո´ւսպ եղեք, մի´ պարզեք ձեր բռունցքները, որովհետեւ այս ամենը դեռ հաղթանակ չէ, ուղղակի հայ ժողովուրդը չի´ կորցրել արժանապատվությունը, նա դեռ կանգո´ւն է, պայքարո´ւմ է։ Եվ քանի որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, ուրեմն դուք կարող եք ձեզ բավարարված զգալ։ Առաջին քայլը կատարված է, ճիշտ է, այն փոքր է, բայց ես վստահ եմ, որ ուրիշները կհաջորդեն, եւ հայ ժողովուրդը հատուցում կստանա, արդարությունը կվերականգնվի։ Պահպանե´ք ձեր ոգին, մի´ կորցրեք կորովն ու հույսը»։ Ինձ թվում է, որ հարկ չկա Ֆրանսիայում բռնարարքները շարունակել, որովհետեւ եթե հանրապետության նախագահն ընդունել է, շատերը կհետեւեն նրա օրինակին։ Դրա համար ես ձեզ խնդրեցի՝ «Մի´ կորցրեք հույսն ու կորովը»։ Ուզում եմ ավելացնել նաեւ, որ ճիշտ է, մենք բոլորս ձեր մայրերն ու տատիկներն ենք, բայց դուք ունեք մի այլ մայր՝ Հայրենիքը եւ հայ ժողովուրդը, որոնք ձեր հետ են։ Փորձեմ պատասխանել նաեւ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, որ ցեղասպանություն չի եղել։ Այն, ինչ ասելու եմ, ուսումնասիրել եմ անձամբ։ Հենց ցեղասպանությունը Թուրքիայում սկսվեց, ֆրանսիացի մեծ գրող Անատոլ Ֆրանսը, - նա կարո՞ղ էր ստել, - ազդարարեց. «Մեր հայ եղբայրներին սպանում են, ցեղասպանություն է սկսվել, ինչո՞ւ ենք լռում, ինչո՞ւ նրանց չենք պաշտպանում»։ Երբ ես աշխատում էի նման վկայություններ ընդգրկող գրքի վրա, մտածում էի. «Եթե ամբողջ աշխարհն այսպես վարվեր, ո՞վ գիտե, թերեւս երկրորդ ցեղասպանությունը տեղի չունենար»։ Ճիշտ է, ես ինքս մարմար շատ եմ սիրում, բայց ստիպված եմ խոստովանել, որ մարդկության մեծամասնությունը մարմարի պես սառն ու անտարբեր մնաց։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, ես շատ հուզված ու հիվանդ եմ, բայց դուրս եմ եկել անկողնուց, որ սեփական աչքերով տեսնեմ այս չորս հայ տղաներին։ ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿ - Շնորհակալությո´ւն։ ՆԱԽԱԳԱՀ-Ո՞վ է ցանկանում հարց ուղղել տիկին Մանուշյանին։ Դո՞ւք, պարոն ընդհանուր պաշտպ´ն։ Ո՞չ։ ՄԱՆՈՒՇՅԱՆ - Իրավունք ունե՞մ, կարո՞ղ եմ սեղմել չորսի ձեռքը։ ՆԱԽԱԳԱՀ - Որպես բացառություն՝ այո´, բայց կուզեի, որ նման միջադեպեր չկրկնվեին։ (Տիկին Մանուշյանը սեղմում է մեղադրյալների ձեռքը, հեռանում։)

Թարգմանությունը՝ ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ



Աղբյուր`http://araxmag.blogspot.com/2011/08/blog-post_464.html

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 826 | Ավելացրեց: admin | Տեգեր: Միսաք Մանուշյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0