Հինգշաբթի, 02.05.2024, 01:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Պահանջողին ո՞վ է բանի տեղ դնում
13:17
Պահանջողին ո՞վ է բանի տեղ դնում
Էդվարդ Միրզոյան
Հարցազրույց ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ

-Պարոն Միրզոյան, ինչպե՞ս եք սովորաբար օրը սկսում:

- Օրը գիտի, գրաֆիկ չկա: Լինում է, որ արթնանում ու զբաղվում եմ ինչ-որ հարցով, այդ ժամանակ դառնում եմ կազմակերպված: Ինձ համար գոյություն չունի կարեւոր կամ երկրորդական հարց: Ինձ համար կամ այդ հարցը կա, կամ չկա: Եթե կա, ուրեմն դա ինձ համար սկզբունք է:

- Իսկ այդ հարցերը հիմնականում ստեղծագործակա՞ն բնույթի են լինում:

- Բոլորովին ոչ, օրինակի համար՝ չի բացառվում, որ վաղն առավոտյան ես քո մասին մտածեմ: Ու քանի որ մտածում եմ, ուրեմն դա հարց է, բայց հաճելի հարց:

- Այսօր ի՞նչ ստեղծագործության վրա եք աշխատում:

- Մեր մեծ Արամ Խաչատրյանն ասում էր, երբ գրեմ, այն ժամանակ կիմանաք: Բայց պիտի ասեմ, որ աշխատում եմ մի գործի վրա, որը շատ վաղուց խոստացել եմ մեկին: Դա ինձ համար դարձել է նպատակ, ժամանակ առ ժամանակ տարվում եմ այդ գործով, հետո նորից այդ տարվածությունը խախտվում է:

- Որպես քաղաքացի եւ որպես կոմպոզիտոր՝ այսօր ի՞նչն է Ձեզ ավելի շատ մտահոգում:

- Կա կոնկրետ մի հարց, որ ինձ մտահոգում է եւ անհանգստացնում՝ կոնսերվատորիայի ճակատագիրն է: Մտահոգված եմ, քանի որ չգիտեմ ինչով կվերջանա այս ամենը: Սարաջյանը հրաժարական տվեց, եւ հիմա, թե ով կլինի կոնսերվատորիայի ռեկտոր, դա մտահոգում է թե կոնսերվատորիայի կոլեկտիվին, թե հասարակությանը: Սա հարց է, որն ինձ շատ է անհանգստացնում, սկզբունքորեն ինձ համար ոչինչ չի փոխվի, բայց շատ անհանգիստ եմ:

- Ո՞ւմ եք տեսնում կոնսերվատորիայի ռեկտոր:

- Ոմանք եւ հատկապես մեկը շատ է ուզում, որ իր թեկնածուն անցնի, ինչին ես դեմ եմ:

- Խոսքը Շահեն Շահինյանի՞ մասին է:

- Չեմ ուզում անուն տալ: Ոչ թե վախենում եմ, այլ չեմ ուզում ասել: Եթե լիներ այն պահը, որ իմ խոսքը որոշիչ լիներ, անպայման կասեի, հիմա ձեռնպահ եմ: Կարող եմ ասել, որ քչերն են նրան տեսնում ռեկտորի պաշտոնում:

- Շատերն ասում են, որ երաժշտական դաշտն այսօր մոնոպոլիզացված է, համաձա՞յն եք դրան:

- Այդպիսի կարծիք կա, երեւի դրա մեջ կա ճշմարտություն:

- Այսօր երիտասարդ կոմպոզիտորների ի՞նչ սերունդ ունենք:

- Կոնսերվատորիայում աշխատում եմ 1938-ից ու այս ընթացքում ունեցել եմ 90-ից ավելի ուսանող՝ շատ ուժեղ եւ պակաս ուժեղ, բայց դժվար է նախօրոք ասել՝ սա ունի հեռանկար, իսկ նա՝ ոչ:

- Իսկ դա ե՞րբ է երեւում:

- Իմ օրինակով ասեմ. երբ կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող էի, մեր պրոֆեսորներից մեկն ասել էր, որ ես հեռանկար չունեմ, բայց, միեւնույն ժամանակ, մեկ ուրիշն էլ ասաց, որ ես կոչված երաժիշտ եմ: Դա միանգամից չեղավ, ես շատ երկար ժամանակ չգիտեի՝ իմ մեջ դա կա՞, թե՞ ոչ: Կասկածը շատ ուժեղ է եղել իմ մեջ մինչեւ այն ժամանակ, երբ իմ սիմֆոնիայի մասին շատ լավ խոսքեր ասաց Շոստակովիչը, որից հետո նույնիսկ Խրուշչովը ցանկացավ ինձ հետ ծանոթանալ:

- Մաեստրո, ունեք բազմաթիվ կոչումներ, բայց Ձեզ տրված ամենամեծ գնահատականը ո՞րն եք համարում:

- Նախ՝ այնքան էլ բազմաթիվ չեն, հետո՝ այդքան շատ էլ չեմ գրել եւ գրել եմ դժվարությամբ: Հիմա էլ եթե գրում եմ՝ դժվարությամբ: Սովետի ժամանակ ստացել եմ ամենաբարձրագույն՝ Լենինի անվան շքանշանը ու մինչեւ հիմա հպարտանում եմ, որ մեծ պետության բարձրագույն շքանշանն եմ ստացել: Ես զգում եմ նաեւ ժողովրդի վերաբերմունքը եւ երջանիկ եմ դրա համար:

- Դուք այն կենդանի դասականներից եք, որ կենդանության օրոք արդեն իսկ մեծարման է արժանանում. ի՞նչ եք զգում այդ պահերին:

- Չեմ թաքցնում՝ այդ պահերը հաճելի են, բայց, որպես կանոն, բանի տեղ չեմ դնում: Երբ դարձա 90 տարեկան, սկսեցի ասել, որ 90 տարեկան տղա եմ, ով շարունակում է պաշտել իր ընկերներին:

- Պարոն Միրզոյան, այսօր մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը շատ են քննադատում, Դուք ի՞նչ կարծիք ունեք այսօրվա մշակութային կյանքի մասին:

- Հետեւում եմ մշակութային կյանքին եւ չեմ կարող լինել անտարբեր: Իմ համոզմամբ՝ բաներ կան, որ վերաբերում են Հասմիկ Պողոսյանին, բայց ոչ ամեն ինչ: Բաներ էլ կան, որ չեմ հասկանում: Որոշ վերապահումներով հանդերձ, այսօրվա ղեկավարությունն ավելի գործնական ու լավ է վերաբերվում մշակույթին:

- Իսկ հեռուստացույց նայո՞ւմ եք, գո՞հ եք այն ամենից, ինչ ցույց են տալիս եթերով:

- Ոչ միշտ, բայց փոքր վերապահումներով շատ եմ հավանում «Երգ երգոցը»:

- Իսկ ընդհանուր մշակութային դաշտն ինչպե՞ս կգնահատեք:

- Չէի ասի, թե լավ վիճակում է, ամենաշատը մտահոգված եմ ժողովրդի վիճակով, իսկ այսօր, ցավոք, ժողովուրդը հեռու է լավ լինելուց:

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ իշխանությունը դրանում իր մեղքը չունի՞:

- Չեմ ուզում անդրադառնալ սովետի շրջանին, բայց չեմ էլ կարող չասել, թե, իր թերություններով հանդերձ, ինչ երկիր էր, որը կործանվեց, ու մեր ժողովուրդն ուրախացավ: Բայց սովետի ժամանակ ժողովուրդը պահանջելու իրավունք ուներ, իսկ հիմա պահանջողին ո՞վ է բանի տեղ դնում: Սովետի շրջանը հարկավոր էր խմբագրել: Այսօրվա իշխանությանը, անկեղծ եմ ասում՝ հարգում եմ եւ չեմ ժխտում, որ զգում եմ այդ իշխանության վերաբերմունքը, բայց, ցավոք եմ ասում՝ հիացած չեմ: Մնում է ցանկանանք, որ լավանանք:

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան


Աղբյուր`http://www.report.am/news/culture/gandzasar-parispner-dadar.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 674 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էդվարդ Միրզոյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0