Հինգշաբթի, 08.12.2022, 20:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » Պետք չէ մեզ մեղադրել
00:28
Պետք չէ մեզ մեղադրել
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութուն
Վերջին շրջանում ակտիվացել են քաղաքացիական-հասարակական նախաձեռնությունները: Թե «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, թե դրա շրջանակներից դուրս այսօր բավական հայտնի ու ակտիվ է «Չենք լռելու» նախաձեռնությունը: Վերջինիս մասնակիցների կողմից բազմաթիվ հայտարարություններ են տարածվել:

Նախաձեռնությունը, չնայած իր ոչ այնքան երկար գոյությանը, արդեն հասցրել է մի շարք հաջողությունների հասնել: Հենց այս նախաձեռնության ակտիվության շնորհիվ դադարեցվեց Գանձասարի եկեղեցու շինարարությունը, ինչպես նաեւ աղմուկ բարձրացվեց Սանահինի վանքի անմխիթար վիճակի վերաբերյալ: «Ֆեյսբուքում» «Չենք լռելու» խումբն այսօր ունի մոտ 1.100 մասնակից: Մեր հարցերին պատասխանում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանը:

- Ե՞րբ է ստեղծվել «Չենք լռելու» նախաձեռնությունը եւ ո՞ւմ կողմից:

- Նախաձեռնությունը ստեղծվել է 2 ամիս առաջ՝ մի խումբ ակտիվ երիտասարդների կողմից: Դրանք այնպիսի երիտասարդներ են, ում սիրտը ցավում է Հայաստանի համար, ովքեր ոչ միայն ապրում են իրենց հետաքրքրություններով, այլեւ մտահոգություն ունեն մեր երկրի վաղվա օրվա համար: Ցավոք, երիտասարդության մի ստվար զանգվածի ուշքն ու միտքը երկրից ամեն գնով հեռանալն է: «Չենք լռելու»-ի հիմնադիր խմբի գրեթե բոլոր անդամներն ունեին եւ ունեն այդ հնարավորությունը, բայց նրանք գիտակցում են Հայաստանն այս ծանր պահին թողնելու վտանգը: Այլ կերպ ասած, նրանք չեն լքում իրենց փոքրիկ երկիրը, որ չդարձնեն այն ավելի փոքր: Ի դեպ, մոտ օրերս «Չենք լռելու»-ն այդ խորագրով էսսեների մրցույթ է հայտարարելու: Հիմա փորձում ենք հաղթողների մրցանակի համար հովանավոր գտնել:

- Ի սկզբանե ինչի՞ էին ձգտում հիմնադիրները:

- Նախաձեռնության հիմնական նպատակն առավել տագնապահարույց հարցերը բարձրաձայնելն ու դրանց լուծմանը հետեւելն է: Մենք ձգտել ենք առավել օբյեկտիվ եւ պետականամետ մոտեցում ցուցաբերել: Շատերի համար իշխանությունն ու պետությունը նույնացվող հասկացություններ են: Իշխանամետության ու պետականամետության միջեւ եւս դնում են հավասարության նշան: Մինչդեռ դրանք տարբեր են ըստ էության: Շատ դեպքերում պետականամետությունը ենթադրում է, որ պարտավոր ես քննադատել իշխանությանը: Մենք ձգտում ենք, առաջին հերթին, լինել պետականամետ:

- Ի՞նչ հաջողությունների եք հասել Ձեր կարծիքով:

- Ինչ խոսք, ամենամեծ հաջողությունը Սանահինի վանական համալիրի բարեկարգմանը հասնելն էր: Չնայած մշակույթի նախարարությունը փորձեց ներկայացնել իրավիճակն այնպես, թե «Չենք լռելու»-ի բարձրացրած աղմուկը որեւէ կապ չունի բարեկարգման որոշման հետ, եւ որ իրենք վաղուց էին պլանավորել Սանահինի փրկումը կործանումից, սակայն փաստերը խոսում են հակառակի մասին: Մասնավորապես, «Չենք լռելու»-ի կազմակերպած լրագրողական շրջայցը դեպի Սանահին եղել է շաբաթ օրը: Դրան հաջորդող օրերին մշակույթի նախարարության տարբեր պաշտոնյաներ լրագրողներին ասում էին, թե գերատեսչությունը փող չունի խնդրի լուծման համար, չնայած դեռ 2010թ. ապրիլին վարչապետի տված հանձնարարականի: Հետո, չորեքշաբթի օրը, երբ Սանահինի շուրջ աղմուկը շատ մեծ հնչեղություն ստացավ, նախարարությունն անսպասելի հաղորդագրություն տարածեց, թե Սանահինի բարեկարգումն ընթացքի մեջ է` փաստացի հերքելով նախորդ օրերի իր հայտարարությունները: Չնայած մենք չուզեցինք մամլո հաղորդագրության միջոցով մերկացնել նախարարության գործելաոճը, բայց, ամեն դեպքում, եկեք միմյանց հանդեպ արդար լինենք:

Հայտնի է, որ վրացիները քաղկեդոնական շրջանի մի շարք հայկական վանքեր յուրացնելու փորձեր են ձեռնարկում: Վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին չի կարող ծայրահեղ առճակատման գնալ վրացիների հետ` բարեկարգելով դրանք: Այս դեպքում հայկական քաղկեդոնական շրջանի վանքերի փրկությունը պետք է լինի Հուշարձանների պահպանության վարչության խնդիրը:

Մենք պետք է ապացուցենք վրացիներին, որ տեր ենք քաղկեդոնական շրջանի մեր պատմությանը, ոչ թե «բրախենք» այն` լեզու դնելով հարեւանների բերանը:

- Սանահինի խնդիրը բարձրացնելուց հետո սոցիալական ցանցերում սկսվեցին կաթողիկոսի հրաժարականը պահանջող խմբեր բացվել, բայց «Չենք լռելու»-ն առաջին օրը հանդես եկավ դրանք դադարեցնելու հորդորով: Ո՞րն է պատճառը:

- Մեր նախաձեռնությունը եղել եւ մնում է առողջ քննադատության ջատագովը: Ծայրահեղականությունը շեղում է ուշադրությունը բուն թեմայից եւ միայն ստիպում դիմացինին ագրեսիվ տրամադրվել քո հանդեպ` առաջարկություններովդ հանդերձ: «Չենք լռելու»-ի խնդրանքը Մայր Աթոռին մեկն է` հնարավորինս ուշադրություն դարձնել անտերությունից կործանվող մեր սրբավայրերին:

Ինչ վերաբերում է Սանահինի խնդրի բարձրաձայնումից հետո կաթողիկոսի դեմ սկսված արշավին, ասեմ, որ կոնկրետ այդ հարցով ի սկզբանե Մայր Աթոռին որեւէ պահանջ չէր ներկայացվում: Մեր զայրույթն առաջացրել էր մշակույթի նախարարության կողմից վարչապետի հանձնարարականը չկատարելը: Երեքշաբթի հայտնի դարձավ Սամվել Կարապետյանի` «Արմինֆո»-ին տված հարցազրույցը, որում հուշարձանագետը մեջբերել էր կաթողիկոսի խոսքերը, թե նա կապ չունի սարերում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ, ինչի կապակցությամբ «Չենք լռելու»-ն հայտնեց իր վրդովմունքը:

Նույն օրը երեկոյան «Ֆեյսբուքի» որոշ օգտատերեր կաթողիկոսի հրաժարականը պահանջող խմբեր բացեցին: Թեեւ հաջորդ օրն իսկ «Չենք լռելու»-ն հայտարարեց, որ այդ խմբերը միայն ջուր են լցնում աղանդների ջրաղացին եւ, միեւնույն է՝ որեւէ օգուտ չեն տալու, որոշ հոգեւորականներ մամուլում անհեթեթորեն սկսեցին մեղադրել «Չենք լռելու»-ին «կաթողիկոսի հրաժարականի պահանջ ներկայացնելու եւ «դրսի ուժերի» պատվեր կատարելու մեջ»:

Մեր նախաձեռնությունը չի կարող պատասխանատվություն կրել իր կողմից բարձրացված հարցերից ծայր առած ողջ ռեակցիայի համար: Այդպիսի շղթաները կարելի է անվերջ շարունակել, եւ «Չենք լռելու»-ն արդեն մեղավոր կլինի ավիավթարների մեջ: Պետք չէ մեր բարձրացրած հարցերի շուրջ ֆեյսբուքյան քննարկումների եւ այլ մարդկանց գործողությունների համար մեղադրել մեզ` այն էլ ոչ ավել- ոչ պակաս, քան «դրսի ուժերի» հետ կապեր ունենալու մեջ: Դա առնվազն անհեթեթություն է:

- Հասարակական կյանքում այսօր քաղաքացիական նախաձեռնություններն ի՞նչ դեր ունեն, որքանո՞վ են դրանք նպաստում հասարակական կյանքի բարելավմանը:

- Հասարակական ճնշումը, որն ապահովում են քաղաքացիական նախաձեռնությունները, բազմիցս ստիպել է իշխանություններին փոխել իրենց պլանները։ Հիշենք նույն Սանահինի վանական համալիրի բարեկարգման, սադիստ սպայի ինքնության, Խալաֆյանի գործի բացահայտման, պարզեցված հարկի մասին օրենքի վերացումից հրաժարվելու ու մի շարք այլ փաստեր, որոնք Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման թեեւ փոքր, բայց անչափ կարեւոր ապացույցն են:

- «Չենք լռելու»-ն անգամ մեղադրող հայտարարություններով է հանդես եկել: Չե՞ն եղել պատասխան սպառնալիքներ կամ մեղադրանքներ:

- Մեղադրանքներ շատ են եղել, սպառնալիքներ` ընդհանրապես: Մեր հասցեին մեղադրանքները հիմնականում հնչում են այն մարդկանց կողմից, ում մենք ենք մեղադրում: Արդարացումների տեղը նախատինք մատուցելն անլուրջ մարդու գործելաոճ է եւ խոսում է հակափաստարկների բացակայության մասին:

Նատաշա Հարությունյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/16/petq-che-mexadrel/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 874 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0