Երեքշաբթի, 16.04.2024, 17:46
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Պոեզիան կարեկցանք է աշխարհին
11:38
Պոեզիան կարեկցանք է աշխարհին
 Սոնա Վան
Սոնա Վանը ծնվել է Երեւանում, մասնագիտությամբ բժիշկ է եւ հոգեբան, ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Չորս բանաստեղծական ժողովածուի հեղինակ է, առանձին գրքերով եւ բանաստեղծական շարքերով թարգմանվել է վրացերեն, ուկրաիներեն, ռուսերեն, բելառուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ ղազախերեն: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի հիմնադիրն է:

- Ի՞նչն է Ձեզ ստիպում բանաստեղծություն գրել, չէ՞ որ կարելի է նաեւ առանց գրելու ապրել: Ո՞րն է Ձեր ներշնչման աղբյուրը:

- Ինձ ներշնչում է իմ շրջակա աշխարհում գտնվող չհայտնաբերված գեղեցկությունը: Անտեսված գեղեցկություններն ի հայտ բերելու մեծ կիրք կա իմ մեջ, ինչը հետեւանք է այն մեծ սիրո, որը ես տածում եմ կյանքի նկատմամբ: Սիրում եմ կյանքն իր բոլոր դրսեւորումների մեջ, սիրում եւ ընդունում եմ մարդուն իր ամենաթերի վիճակների մեջ: Անտեսվածը, արհամարհվածն ու չարժեւորվածն է, որ վերցնում եւ ուզում եմ նորից ու նոր բովանդակության մեջ հնչեցնել: Ինձ համար պոեզիան կարեկցանքի ակտ է նախեւառաջ:

- Այն բոլոր հոգնածնե՞րն են Ձեր ուշադրության կենտրոնում, որոնց ավետարանական սկզբունքով կանչում եք եւ հավաքագրում:

- Ինչպես ընտանեկան լուսանկարի մեջ, երբ ուզում ես, որ բոլորը երեւան` անգամ ամենափոքրիկը, աննշանը եւ քեզ շրջապատող ամեն մի մանրուք, երկրորդականն ու անկարեւորը, ճիշտ այդպես էլ ուզում եմ հատկապես այն ամենը երեւա, որոնց վրա երբեք որեւէ մեկն ուշադրություն չի դարձրել: Ինչը որ անտեսված է մարդու աչքից, ուզում եմ հավասար տեղ գտնի մարդկային հոգու պատմության մեջ: Պոետի աչքը Նոյյան տապանի զգացողությունն է, փորձում է փրկել ամեն ինչ, հավաքագրել ու ոչինչ չկորցնել: Երբ ապագայում մարդկային հոգու էվոլյուցիայի պատմության գիրքը գտնվի, հանկարծ այնտեղ մի բան պակաս չլինի, մի էլեմենտ, որը եղել է աշխարհի վրա ու այլեւս չկա: Իմ մեջ ամենաարտահայտվածը կարեկցանքն է ու արդարության զգացումը, որոնցով ուղղորդվում եմ իմ առօրյա կյանքում, եւ հենց այդ սկզբունքով էլ ստեղծված է իմ պոեզիան: Այդ պատճառով է, որ դեպքերն ու պահերը դառնում են տող, որոնք թվում է, թե պոեզիա չեն:

- Իսկ ամե՞ն բան է, որ կարող է դառնալ պոեզիա, թե՞ այստեղ էլ խորթեր ու յուրայիններ կան եւ հատուկ արտոնությամբ են մուտք գործում պոետական տարածք:

- Ինձ համար յուրաքանչյուր երեւույթ եւ առարկա կարող է դառնալ պոեզիա, չկան տաբու թեմաներ եւ օբյեկտներ, որոնք պոետիկ չեն: Եթե մեծ սեւեռումով ես նայում եւ խորանում երեւույթի մեջ, կարեւոր չէ` շնչավոր է թե անշունչ, ինչ-որ ձեւով ինքը պատասխանում է քեզ, եւ հենց այդ պատասխանն է, որ վերածվում է տողի: Այդ պահին կարողանում եմ նույնանալ, մերկանալ երեւույթի հետ եւ չեմ զգում սահմանը իմ ու նրա միջեւ: Իմ ներաշխարհի եւ արտաքին աշխարհի առավելագույն փոխհարաբերությունն է` միմյանց մեջ տարրալուծվելով դառնալ մեկ եւ այդ վիճակը վերարտադրել: Պոեզիան այդ հպման վայրկյանն է եւ հենց ակնթարթային զգացողությունը: Սակայն կան այնպիսի պոետիկ զգացողություններ, որոնց նկատմամբ պատասխանատվություն ունես միայն քո ներսում պահելու` չհանձնելով ոչ թղթին, ոչ էլ աշխարհին, քանի որ այնտեղ են նրանք կատարյալ: Իսկ երբ զգում ես, որ կիսատ է ինչ-որ բան, այդ տարակուսանքը, կիսատությունը լրացնելու ցանկությունն է հենց գրելը:

- Ամեն արտադրող գիտի, թե իր առաքածն ինչ տեղ եւ արժեք ունի շուկայում: Իսկ պոետն ի՞նչ ակնկալիք ունի: Իր ստեղծածն ի՞նչ կարող է տալ մարդուն եւ փոխել նրա կյանքում:

- Բառն ինքնին մտածողություն է եւ հոգեբանություն, մարդը հենց այդ արժեքն իր մեջ կրելով է կենդանուց տարբերվում: Խոսքը, որ աստվածային սկիզբն էր, տրված է պոետին` պահելու իր դրախտային վիճակում: Բառի դրախտը պոետի շուրթերի վրա է, իսկ այլ տեղերում երկակի իմաստ է ստանում, ճկվում է, շահի ոլորտ է գնում, երբ քաղաքական գործչի լեզվի վրա է, մեկ այլ տեղ` օգտագործվում է խաբեության, համոզելու նպատակով: Բառը, որ հազարամյակներ է հաղթահարել, մտածում ես, թե այդ ի՞նչ կենսունակություն ունի իր մեջ, որ կարողացել է իր իմաստը պահպանել, երբ նրա կողքին ազգեր ու ժամանակներ են ոչնչացել: Այս հեղհեղուկ աշխարհում, որ ոչնչի չես կարողանում վստահել, բառը դեռեւս կարողանում է նույն զգացողությունը փոխանցել, որ հազարավոր տարիներ առաջ մեկ ուրիշին է փոխանցել եւ դառնում է քո ամենավստահելի ընկերը: Ինձ ամենից շատ վախեցնում է բառի իմաստազրկումը ժամանակների ընթացքում: Ավելի մեծ կարողություն ունեցող, առավել կենսունակ, քան բառն է, ես չեմ պատկերացնում, եւ դրա պահպանելու շնորհը տրված է պոետին: Պոեզիան բառը հավերժության մեջ պահպանելու արարք է, եւ դրանից ավելի մեծ առաքելություն չեմ պատկերացնում: Պոետը բառը փոխանցում է` միջնորդ դառնալով մարդու եւ աստվածայինի միջեւ, հենց դա է բանաստեղծության արժեքը` օգնել մարդուն փրկվել բառի միջոցով:

- Ձեր վերջին` «Չառա անունով թռչունը» ժողովածուի բաժինները` «Պատերազմ եւ վարդ», «Տիրոջ գաղտնի կյանքը», «Այստեղ եւ վերեւում», խորհրդավոր կապվածություն ունեն: Միմյանց հակասող երեւույթներ, որոնց ներդաշնակել, ի մի եք բերել. մարդու առեղծվածային գոյությո՞ւնն է, որ հենց այդ հակասությունների դաշնությունն է:

- Գրքում ինչպես պատերազմի, այնպես էլ մահվան ժամանակի թեման դարձավ սեւեռուն: Գիտեմ, որ բացառություն չեմ, եւ նույն ձեւով ինձ է այցելելու մահը: Ցանկությունս է, որ այդ պահին հայացքիս սթափությունը պահպանեմ եւ կարողանամ այդ պահի զգացողությունը փոխանցել ինչ-որ մեկին, այսինքն` ինչ ես զգում այդ հավերժական բաժանման ժամանակ: Պատերազմի թեման ավելի ռեալ դարձավ, երբ հասկացա, որ դեմոկրատիայի քողի տակ շատ սիրուն անուններ կրող պատերազմները էկոնոմիկ, մի պատառ ավելի ունենալու կռիվ են: Անիմաստ թափված արյուն, որդեկորույս մայրեր… եւ այդ ամենը մի պահ այնքան ռեալ դարձավ, որ հայտնվեց թղթին. ԱՄՆ-ում ապրող մարդու զգացողություն է: Ուզում եմ պատերազմ հայտարարել պատերազմին: Իսկ Տիրոջ նկատմամբ իմ զգացողությունը միշտ անձնական է թվացել` դուրս ավետարանական զգացողություններից, իմացություններից եւ ավելի շատ հենված է այդ տարածքի իմ չիմացության վրա: Աստծուն տեսնում եմ ինձ շրջապատող աշխարհում, իմ ամենօրյա կյանքին մասնակից: Աստծո ներկայությունը ես զգում եմ իմ ամեն ինչում, եւ մեղքիս մասնակից, եւ անմեղությանս: Ինձ այդ տեսակ հարաբերությունն է դուր գալիս, եւ թվում է, թե ինքն էլ է ուզում այդպես հարաբերվենք:

- Դուք վանեցու թոռ եք, վերջերս եղաք Արեւմտյան Հայաստանում` Վանում, տեսաք եւ շոշափեցիք նախնյաց ժամանակը: Դուք նաեւ ցեղասպանության թեման եք արծարծել Ձեր բանաստեղծություններում: Որպես ժամանակակից պոետ, ի՞նչ զգացողություններ ունեք այդ դեռեւս բաց ցավի ու կորստի նկատմամբ:

- Արեւմտյան Հայաստան այցելությունն իմ մեջ շատ բան փոխեց, մինչ այդ նախնյաց հայրենիքի թեման ինձ համար եղել էր գունեղ հեքիաթ, քանի որ պապիկիս ընտանիքը փրկվել է` առանց ցեղասպանությանը զոհ գնալու: Փրկել էր մի մոլլա, որ ընտանիքի ընկերն էր: Մեր ընտանիքը չուներ արյունոտ հիշողություն, եւ ինձ միշտ պատմել են կարծես դրախտի մասին: Հանդիպումը Վանի հետ ինձ չթվաց, թե ես օտար հող եմ մտել: Կարծես կորցրածդ երկվորյակին ես հանդիպում հանկարծ, փաթաթվում ես, եւ թվում է՝ չի եղել այդ կորստյան ժամանակը, երբեք չի բաժանվել քեզանից, որ հիմա միանա: Գտա այն եկեղեցին, որտեղ պապիկս քահանա էր եղել, մոտավորապես տան տեղը գտա, եւ թվում էր՝ ամեն բան ինչպես թողել, այնպես էլ եկել ես վերցնելու: Ամեն քար իր պատմությունն ուներ ինձ պատմելու, ամեն կողմից կանչում էին, ինչ-որ բան ունեն քեզ ասելու, պատմելու, եւ ձայնային քաոսի մեջ էի գտնվում` խելագարության հասնող: Զարմանալի էր, որ թուրքերը, քրդերը խոսում էին կասկածամիտ հայացքով եւ աչքերիդ մեջ չէին նայում: Այդպես կարող է լինել մեկը, մի քանիսը, բայց մի ամբողջ ա՞զգ: Հրեաները երազի շուրջ երկիր կառուցեցին, իսկ մենք մեր իրական երկիրը տվեցինք թուրքին:

- Այս արժեքների, կորստի բեռը մեր ուսերին ո՞ւր ենք գնում, երբ արժեքներից, երազից ու վեհ իրականությունից ենք կտրված:

- Մշակույթը քաջալերելու պետական մտածողություն բացարձակ գոյություն չունի, գրականությունը, իրական արվեստը համարվում են ճոխություն, որը կարող է նաեւ չլինել: Չեն արժեւորում, նախ պետք է կարեւորեն, որպեսզի միջոց ու ջանք տրամադրեն: Չեն ուզում մտածել, որ այդպես ժողովուրդն անասնանում է, երբ միայն իր մարսողական խողովակի մասին է մտածում: Պետք է թույլ տան, որ գրողի ձայնը բարձր հնչի, եւ ժողովուրդն ապավինի այդ ձայնին, հակառակ դեպքում կմնա այն, ինչ որ այսօր է` հավատն ու վստահությունը կորցրած, բարոյալքված:

Ֆելիքս Եղիազարյան


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/10/poezian-karekcanq-e/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 764 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, Սոնա Վան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0