Ուրբաթ, 26.04.2024, 06:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » Րաֆֆի Խարաջանյանը Հայաստանում է
13:23
Րաֆֆի Խարաջանյանը Հայաստանում է
Րաֆֆի Խարաջանյան
Հայաստանյան երաժշտական կյանքում երբեւէ գործիքային անսամբլների պակաս չի զգացվել, մինչդեռ դաշնամուրային դուետը մեզանում երբեւէ իր նկատմամբ հետաքրքրություն չի ձեւավորել, այսպիսով նաեւ ինչ-որ տեղ նվազեցնելով կամերային այս ժանրում ստեղծագործողների թիվը: Օրինակ, աշխարհում մշտապես գործող դաշնամուրային դուետ է ֆրանսուհի Լաբեքյու քույրերի անսամբլը: Մեր իրականությունում ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո, միայն վերջերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) Սեն Սանսի «Կենդանի դիմակահանդեսի» մեկնությամբ հանդես եկան դաշնակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Լեւոն Ջավադյանը եւ Արտյոմ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է աշխարհի ամենաերկարակյաց դուետին (40 տարի), դա Լատվիայի պետական ֆիլհարմոնիայի Նորա Նովիկ եւ Րաֆֆի Խարաջանյան դաշնամուրային դուետն է, որը 2009թ. դադարեց գործելուց՝ Ն. Նովիկի անժամանակ մահվան պատճառով:

«Առավոտը» հանդիպեց Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանին, ով նաեւ արեւմտյան հեղինակավոր երաժշտանոցների հրավիրյալ պրոֆեսոր է, իսկ վերջերս էլ Առնո Բաբաջանյանի անվան պատանի եւ երիտասարդ դաշնակահարների առաջին միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում էր:

Ճանաչված դաշնակահարը հայտնեց, որ իր տիկնոջ ու կոլեգայի՝ Ն. Նովիկի մահվանից հետո ընկերներն իրեն անվանել են «միաթեւ թռչուն», միաժամանակ հորդորելով գտնել այն դաշնակահարին, ով կփոխարինի անկրկնելի Նորային: Որոշակի ընդմիջումից հետո Ր. Խարաջանյանը վերսկսում է բեմական կյանքը՝ հանդես գալով Լատվիայի երաժշտական ակադեմիայի իր դասարանի նախկին սաների՝ լոնդոնաբնակ Ռեյնիս Զարինի եւ հելսինկիաբնակ Ռուսլան Պերեժիլոյի հետ: «17-րդ դարից սկսած կոմպոզիտորների դաշնամուրային դուետների համար գրված երկերը, վերջին շրջանում կատարված փոխադրումները հարստանում են արեւմտյան ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով: Թյուր կարծիք կա նույնիսկ պրոֆեսիոնալների շրջանում, թե իբր սակավաթիվ են, ասենք, մերօրյա գործերը՝ դաշնամուրային դուետների համար»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ աշխարհում նույնիսկ մոդայիկ են դարձել ստեղծագործել ոչ միայն դաշնամուրային դուետների, այլեւ տերցետների, օկտետների եւ այլ կազմերի համար: Օրինակ՝ այս տարվա ապրիլին Խարաջանյանը հրավիրվել էր Մինսկ եւ տեղացի երկու դաշնակահար պրոֆեսորների հետ կատարել Ռոբեր Կազադեզիուսի կոնցերտը՝ գրված 3 դաշնամուրի համար, կամ՝ իբրեւ խորհրդատու հանդես եկել բուլղարացի կոմպոզիտոր Ալեքսանդր Յոսիֆովի երկու դաշնամուրի եւ 8 դաշնակահարի համար գրված երկի նախապատրաստական փուլին: Դաշնակահարը ժյուրիի կազմում բազմիցս մասնակցել է դաշնամուրային դուետների մրցույթ-փառատոներին, այդ թվում՝ Սան Ֆրանցիսկոյում, Սանկտ Պետերբուրգում, եվրոպական երկրներում: Զրույցի ընթացքում նա հիշեց, թե իր հանգուցյալ տիկնոջ հետ քանի-քանի հայ հեղինակների դուետներ են հնչեցրել աշխարհում, այդ թվում՝ Լեւոն Աստվածատրյանի, Միխայիլ Կոկժաեւի, Ջիվան Կիրակոսյանի, Արիս Թերզյանի, Սերգեյ Բալասանյանի, Ալան Հովհաննեսի եւ այլոց, հատկապես նշելով Ալեքսանդր Հարությունյանի եւ Առնո Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիան»: Պարզեցինք, որ Լատվիայի երաժշտական ակադեմիայում, Բոլոնիայի համաձայնագրի համապատասխան, մագիստրոս շրջանավարտներին տրվում է որակավորման հավաստագիր՝ դաշնամուրային դուետ մասնագիտությամբ: Կանխելով մեր հարցը, Ր. Խարաջանյանն ասաց, որ ցավում է, որ երբեք հայ ուսանող չի ունեցել: Կես կատակ-կես լուրջ էլ մեր զրուցակիցն ասաց, որ եթե իրեն Երեւանի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհվի, գուցե դասավանդի Հայաստանում՝ այդպիսով քավելով հայ ուսանող չունենալու «մեղքը»:
 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95363/view

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 666 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0