Հինգշաբթի, 25.04.2024, 16:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » Սանկտ Պետերբուրգում բացվել է Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոն
12:07
Սանկտ Պետերբուրգում բացվել է Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոն
Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների առիթով Սանկտ Պետերբուրգ ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 28-ին հանդիպում է ունեցել Ս. Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը ներկա են եղել թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Սանկտ Պետերբուրգի նահանգապետը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իր ուրախությունն է հայտնել Նորին Սրբության այցի առիթով' այն նկատելով վառ վկայություն երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական հարաբերությունների: Վ. Մատվիենկոն անդրադարձել է երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մեծ ավանդին, ապա հպարտությամբ ընդգծել հայ համայնքի կարեւոր բազմադարյա դերակատարությունը քաղաքի կյանքում: Նահանգապետն իր խոսքում կարեւորել է նաեւ մեր օրերում եկեղեցու առաքելությունը հասարակության մեջ, հատկապես' հոգեւոր-բարոյական արժեքների դաստիարակության անհրաժեշտությունը երիտասարդ սերնդի կյանքում:

Այնուհետեւ Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել նահանգապետին: Նա գոհունակությամբ անդրադարձել է նահանգապետի ջանքերին, որոնք միտված են առավել սերտացնելու երկու բարեկամ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաեւ երախտագիտություն արտահայտել հայորդիների եւ նրանց ազգային, հոգեւոր-մշակութային կյանքի նկատմամբ Ռուսաստանի, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների եղբայրական փոխհարաբերությունների եւ գործակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի արդյունավետ գործընկերության մասին:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցականաց դասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի կյանքում եկեղեցու առաքելությանը եւ հոգեւորականների սպասավորությանն առնչվող հարցեր: Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել թեմակալ առաջնորդին եւ եկեղեցականներին նախանձախնդիր ու նվիրյալ ծառայության համար:

Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահել է Սանկտ Պետերբուրգի Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բացման արարողությունը: Օրհնության արարողությունից հետո Նորին Սրբությանը ողջունել է Եզրաս եպիսկոպոսը, ապա անդրադարձել կենտրոնի կարեւոր առաքելությանը համայնքի կյանքում:

Ուրախություն հայտնելով Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին այցելելու առիթով' Նորին Սրբությունը գոհաբանական աղոթք է բարձրացրել առ Աստված, որ Ռուսաստանը դարեր ի վեր սիրով ընդունել է մեր ժողովրդին, հնարավորություն ընձեռել ապրելու խաղաղ, ստեղծելու եւ ստեղծագործելու, պահպանելու եւ զարգացնելու իր հոգեւոր ու մշակութային կյանքը: Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ կենտրոնի բացմամբ կշարունակվեն ու կզարգանան եղբայրական սիրո ու համագործակցության, հոգեւոր ու մշակութային կապերի ավանդները, որոնք Աստծո օրհնությամբ առատորեն ծաղկել են Նեւայի ափին, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում նրա հիմնադրման առաջին տասնամյակներից: Նորին Սրբությունը նաեւ համոզմունք է հայտնել, որ կենտրոնը պիտի նպաստի, որպեսզի հայորդիների կյանքում ապրեն հայրենական ժառանգությունն ու արժեքները, հայ-ռուսական բարեկամության թանկագին հիշատակներն ու ավանդները: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամել է ժողովրդին որդիական նույն սիրով հավատարիմ մնալ հայրերի սրբազան արժեքներին, մեր եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին' հորդորելով հայորդիներին պահպանել ազգային ինքնությունը, աճել ու զորանալ հավատքի մեջ, զավակներին կրթել մեր պատմության փառավոր էջերով ու հայրենական արժեքներով, սնուցել նրանց եղբայրության ավանդներով:

Նորաբաց կենտրոնում կազմակերպված առաջին միջոցառումը Սանկտ Պետերբուրգի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:

Ի նշան գնահատության կատարված ազգանվեր գործի' Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր է շնորհել Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բարերարներ Կարեն Մկրտչյանին, Յուրի Սարգսյանին, Արմեն Մկրտչյանին, Իգոր Ջանադովին, Էդուարդ Գասպարյանին, Հովհաննես Գադյանին, Ալբերտ Տապալցյանին, Գագիկ Զաքարյանին, Միքայել Ֆիլիկյանին, Յուրա Իսայելյանին եւ Ռուդիկ Ալթունյանին: Հայրապետական օրհնության գրի են արժանացել նաեւ համայնքային կյանքին ակտիվ մասնակցություն բերող հայորդիներ' Խաչատուր Բդոյանը, Աստղիկ Քոչարյանը, Վլադիմիր Թաթոսովը, Ռուբինա Քալանթարյանը, Կարեն Ակոպովը, Սամվել Մովսիսյանը, Խաչատուր Հարությունյանը, Աշոտ Ներսիսյանը, Վահան Բաբախանյանը, Յուրի Բաբայանը, Նորիկ Պողոսյանը եւ Սերգեյ Տեր-Գաբրիելյանցը:

Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ներկա է գտնվել Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի հայորդաց տների սաների համերգին, որով ավարտվել են հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/656983/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 659 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0