Ուրբաթ, 26.04.2024, 02:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » "Սերունդներ պետք է անցնեն, որ ինչ-որ բան փոխվի"
17:10
"Սերունդներ պետք է անցնեն, որ ինչ-որ բան փոխվի"
Նարեկ Դուրյան
Report.am-ի զրուցակիցը բեմադրիչ, դերասան Նարեկ Դուրյանն է

"Սերունդներ պետք է անցնեն, որ ինչ-որ բան փոխվի"- Պարոն Դուրյան, ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում մերօրյա Հայաստանում:

- Մարդկանց մտքերը, ընդհանուր մտածելակերպը, ինտելեկտուալ մակարդակը, որը ոչ միայն Հայաստանում է խնդիր: Աշխարհը տարօրինակ եւ ծիծաղելիության աստիճան փոխվել է. անգրագիտությունն ամոթ չէ: Այսօր այնքան բան կա, որ փոխարինում է գրագետ լինելուն, որ պետքություն չունես, ասենք, թատրոն գնալու: Առաջ ստեղծագործական հանդիպումներ էին լինում որեւէ արվեստագետի հետ, մարդիկ բանուգործ թողած` գալիս էին դահլիճում նստում, իսկ հիմա Դուք ինձ հետ սրճարանում նստած զրուցում եք եւ այս զրույցն այլեւս հասանելի է լինելու աշխարհի ցանկացած անկյունից  ինտերնետից օգտվող ցանկացած մեկին: Գուցե հին մարդու տպավորություն թողնեմ, բայց պետք է ասեմ` հանցագործություն են թվային գրքերը, ես կգնդակահարեի դա մտածողին: Բա գիրքը չբռնե՞ս ձեռքդ, չթերթե՞ս…

- Գիտեմ, որ ԽՍՀՄ օրոք հարկադրված եք գնացել Հայաստանից: Ի՞նչը Ձեզ ետ բերեց:

- Ջեկ Լոնդոնի խոսքով ասած` նախնիների կանչը: Դա աննկարագրելի հզոր երեւույթ է: Նաեւ` եթե Ֆրանսիան մնար այն Ֆրանսիան, որ ես ժամանակին գնացի, հնարավոր է` չվերադառնայի: Հավատացեք, Ֆրանսիան էլ ահավոր փոխվեց: "Ֆասթ" կոչվածը միայն սննդի մեջ չէ, որ կիրառվում է, այն մտել է մարդկային գործունեության բոլոր ոլորտները, ասել է թե` այսօր ամեն ինչից առաջ կարող ես գործածել այդ "ֆասթ" բառը` "ֆասթ թատրոն", "ֆասթ կինո", "ֆասթ մտավորական", "ֆասթ աստղեր", "ֆասթ թալան": Ուղեղների լվացմամբ են զբաղվում աշխարհի բոլոր երկրներում, եւ այս առումով անտանելի էր անգամ Ֆրանսիան…

- Եվ Դուք Ձեր ասած անտանելի Ֆրանսիայից վերադարձաք Հայաստան: Այստեղ լա՞վ եք զգում:

-Ոչ, բնականաբար: Եվ չկարծեք, թե ես մտածում եմ` Հայաստանն ավելի լավ տեղ է, քան Ֆրանսիան: Նման ծիծաղելի թյուրիմացություն մտքովս անգամ չի անցնի: Բայց ինձ համար Ֆրանսիան եւ Հայաստանը սկսեցին նույնը դառնալ: Մտածեցի` եթե երկուսն էլ կեղտ են, ավելի լավ է իմ կեղտում ապրեմ: Տնտեսական պայմանները, բժշկության, մարդու իրավունքների եւ էլի շատ հարցերում Ֆրանսիան մի 50 տարով առաջ է մեզանից: Բայց եթե  ամեն քայլափոխի գովազդը պետք է գլուխս տանի, ավելի լա՞վ չէ` ես եւ իմ ներկայացումները լինենք այդ գովազդներում: Հաշվի առեք, որ մտավորականն ամեն տեղ է այս օրի` չգնահատված, արժեզրկված: Պարզապես եթե ես կարողանայի Ֆրանսիայում մի ներկայացում ունենալ, որը կապահովեր այնպիսի հետաքրքրություն, ինչպիսին այստեղ իմ "Մորաքույրը Փարիզից" ներկայացումն է ապահովում, հաստատ էլ չէի աշխատի եւ հանգիստ մինչեւ կյանքիս վերջը անհոգ կապրեի:

- Ձեր կարծիքով ի՞նչը պետք է դառնա մեզ` 3-րդ հազարամյակի հայ մարդկանց համար իդեալ… Լենինյան գաղափարները նվաստացվել են, նորերն էլ, կարծեք թե, չեն նշմարվում…

- Լենինը պատճառ էր, որ մենք ուրիշ` հակալենինյան իդեալներ ունենայինք: Դժվար է նստել եւ իդեալներ մտածել, դրանք կա'մ լինում են, կա'մ չեն լինում… Կուզեմ, որ մեր իդեալները հայրենասիրության շուրջ կառուցվեն: Եթե մի երկրի բոլոր հեռուստաալիքները գովազդում են Թուրքայի հրաշալիքները եւ առաջարկում գնալ, հանգստանալ, դժվար թե այդ երկրում իդեալներ ծնունդ առնեն: Հայերենով հնչող "Հեքիաթային Անթալիա" նախադասությունն ինձ համար անհասկանալի է, անըմբռնելի: Նման պահերին ուղղակի կարոտում եմ սովետական ցենզուրան: Մենք մեր մեծ հայրերի, մեծ մայրերի պատվին գոնե չպետք է ասենք այդ նախադասությունը, էլ չասեմ` գնալու եւ այնտեղ հանգիստ վայելելու մասին:  Իմ մեծ հոր 8 եղբայրներին թուրքերը մորթել են, ես ինչպե՞ս կարող եմ գնալ "Հեքիաթային Անթալիա": Ինչքան հասկանում եմ` հիմա սովորական ժամանակ է. ԽՍՀՄ օրոք կոմպոզիտորներ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, շախմատիստ Տիգրան Պետրոսյան,  աստղագետ Վիկտոր Համբարձումյան ենք տվել աշխարհին, հիմա նման մեծանուն մարդիկ չեն ծնվում… Ես ելք չեմ տեսնում, վատ է… Ժամանակներ եւ սերունդներ պետք է անցնեն, որ ինչ-որ բան փոխվի: Հիմա ով ինչ ցանկանում է, անում է, ով ինչ կարողանում է, ինչպես կարողանում է… Ինձ խորապես հուզում է մեր քաղաքի այսօրվա տեսքը: Մոդեռն շենք կառուցելու համար պետք չէ հնաոճ եւ արժեք ներկայացնող շինությունները քանդել: Սա ճարտարապետական պոռնոգրաֆիա  է:

- Ձեր կարծիքով ո՞րն է ճշմարիտ մտավորականի առաքելությունը:

- Իրականությունն ինչ-որ ձեւով արտացոլելն է: Իրականությունը փոփոխելը մեր գործը չէ: Մենք հեղափախականներ չենք, արվեստագետներ ենք:

- Ֆրանսիական հեղափոխությունը թատրոնից սկսեց…

- Այո, բայց մեր մտավորականները ֆրանսիացի մտավորականների հնարավորությունները չունեն: Մերոնցից 10-ից 8-ն իրենց, միայն իրենք իրենց մասին են մտածում, նրանք պատրաստ են 4 կտոր լինել` "ՀՀ վաստակավոր արտիստ" կոչումը ստանալու համար: Ապշում եմ, որ տեսնում եմ որոշ, այսպես ասած, մտավորականներ, Սովետից մինչեւ այսօր իրենց կայուն տեղն ունեն ինչ-որ ոլորտում: Ախր, մտավորական են, չէ՞, ո՞նց կարող են Բրեժնեւից մինչեւ Սերժ Սարգսյան հլու-հնազանդ իրենց տեղերում մնալ: Լավ, այդ մարդիկ ո՞նց են կարողանում բոլորի հետ լավ լինել, բոլորի աչքին լավ երեւալ…

- Ի՞նչ կասեք Ձեր գործընկեր այն մտավորականների մասին, ովքեր հատկապես նախընտրական քարոզարշավների ժամանակ են ինչ-ինչ հարթակներում կանգնում ինչ-ինչ քաղաքական այրերի կողքին:

- Դա նրանց գործն է: Չեմ ողջունում, բայց եթե տվյալ մտավորականի համոզմամբ` արժե կանգնել որեւէ քաղաքական այրի կողքին, նա այդ մտքին հանգել է գաղափարական հողի վրա, ուրեմն ես կհարգեմ: Ինչ-որ է` ես չեմ անի: Չեմ անի, քանի որ չեմ տեսնում այն անձը, ում կարելի է հավատալ եւ նա արժանի է, որ կողքին կանգնես: Բացի այդ, մեր խեղճ մտավորականները մտածում են` որտեղի՞ց մի կտոր հաց գողանանք:  Այդ մարդիկ հացի խնդիր են լուծում: Եվ եթե մի հասարակությունում մտավորական մարդիկ հացի խնդիր են լուծում, տվյալ հասարակությունում նույն մտավորականների խոսքը չի կարող մեծ դեր եւ կշիռ ունենալ:

Հետո էլ, աշխարհն է այդպիսին: Ամեն տեղ էլ մտավորականներին, մարզիկներին օգտագործում են որպես քարոզարշավի գործիք: Մի հատ Ռուբեն Մամուլյան ունենք, մի հատ էլ Շառլ Ազնավուր… Բա քի՞չ են: Քիչ չեն: Այս երկու մարդիկ մեկ միլիոն մտավորականի հարց են լուծում:

-Ե'վ գոհ եք, փաստորեն, ե'ւ դժգոհ:

-Այդպես էլ կա: Տեսեք. մեր երկրում խցանումներ շատ են լինում: Գիտե՞ք, դա լավ կյանքի նշան է: Նշանակում է` մարդիկ մեքենաներ ունեն եւ լավ մեքենաներ: Երեկոյան ուզում ես մի բար մտնել, տեղ չես գտնում: Բարերի լեփ-լեցուն լինելը չի՞ նշանակում, որ մարդիկ լավ են ապրում… Արժեքները խեղվել են, մարդկանց համար գերնպատակ է դարձել ավտոմեքենա ունենալը, Թուրքիայում կամ չգիտեմ ուր հանգստանալը… Արդեն հակված եմ մտածելու, որ մենք լավ չհասկացանք, սխալ հասկացանք անկախությունը, ոչ մենք, ոչ մեր իշխանությունները, ոչ մտավորականները, ոչ ոք ճիշտ չհասկացավ ազատությունը… Իշխանավորներն ամենից սխալը հասկացան:

- Ձեր հայրը` երջանկահիշատակ Օհան Դուրյանը, վերջին տարիներին ՀԱԿ-ի կողքին էր կանգնում…

- Քոչարյանի օրոք նրան նեղացրեցին, ինքն էլ, ըստ իրեն, ընտրում էր չարյաց փոքրագույնը: Ինձ համար բոլորն էլ նույնն են: Հորս հետ հաճախ էի վիճում այս թեմայով: Ասում էի` նույնն են, մեկին առ, մյուսին` զարկի… Առաջիններն ինչպես բազան դրեցին, հաջորդները նույն կերպ շարունակում են:

Ուզում եմ անպայման գրեք, որ մտահոգություններս ցավով եմ փաստում: Անձամբ ես այս պահին էլ կարող եմ նստել օդանավ եւ գնալ Ֆրանսիա: Ֆրանսիայի քաղաքացի եմ, իմ նախագահը Սարկոզին է, եւ ես նրան նորից եմ ձայն տալու:

- Հայաստանը Ձեզ համար էկզոտիկա՞ է:

- Բայց ես չեմ ուզում, որ էկզոտիկա լինի:

Զրուցեց

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


Աղբյուր`http://www.report.am/news/culture/narek-duryan-harcazruyc.html

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 1035 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, Նարեկ Դուրյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0