Ուրբաթ, 19.04.2024, 19:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Սպահանի հայոց թեմը ինչո՞ւ է շարունակում լռել Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված սրբապատկերների կապակցությամբ
18:17
Սպահանի հայոց թեմը ինչո՞ւ է շարունակում լռել Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված սրբապատկերների կապակցությամբ
 Սպահանի հայոց թեմ
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 03.08.2011: Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից թալանված սրբապատկերների լուրի հրապարակումը և այդ հարցի նկատմամբ Սպահանի հայոց թեմի պատասխանատուների կիրառած լռությունը, նրանց ոչ թափանցիկ գործունեությունը, հարցերը «խորհրդապահորեն» լուծելու մասին իրենց հայտարարությունները, որ կատարվածը օրինական ճանապարհներից դուրս «լուծելու» նրանց խոստովանությունն է, ուղղակիորեն շշմեցրել են իրանահայության, նամանավանդ Սպահանի հայ համայնքին:

14-րդ և 17-րդ դարերին պատկանող ազգային ժառանգության մասունքները հայտնվել են Լոնդոնում: Թալանչիները, օրը ցերեկով, բազար են անում հնարավորինս շուտ և բարձր գնով դրանք վաճառելու համար, իսկ Սպահանի ՀԹ Թեմական խորհուրդը շտապ և օրինական միջոցների դիմելու փոխարեն հայտարարել է «որեւէ սխալ քայլ կամ տեղեկատւութիւն կը վտանգի պատառիկների վերադարձը՝ արտասահմանեան նշեալ աճուրդի կենտրոնից եւ դրա շարունակութեամբ՝ կը խանգարւի յանցագործութեան բացայայտման գործընթացը»:

Մենք կրկին անգամ զգաստության ենք հրավիրում Սպահանի ՀԹ Թեմական խորհրդին, որ ստաձնի իր պատասխանատվությունը կատարվածի նկատմամբ, իսկ, հակառակ դեպքում, եթե շարունակի այս անընդունելի ձգձգումն ու անարդարանալի լռությունը, որը համազոր է կատարվածի քողարկման հետ, հարկադրված ձեռնամուխ ենք լինելու կատարված խայտառակության նկատմամբ նոր բացահայտումներ կատարելու, որից հետո Սպահանի ՀԹ Թեմական խորհրդի անդամների ներկայի լռության նկատմամբ հասարակությունը կտա իր վերջնական գնահատականը:

Թալանի առնչությամբ Խոսք ուղղված`
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության

Հունիսի 12-ին, Լոնդոնում, երկու հայ անձինք փորձել են վաճառքի հանել հայկական թանգարանային հինգ սրբապատկերներ, (որի մասին նույն ժամանակ, ի միջի այլոց, տեղեկացվել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, նստավայր՝ Անթիլիաս), այդ մասին առաջին լրատվությունը կատարվեց Երևանի «Ազգ» օրաթերթի կողմից: Լուրը ստանալու պես, հուլիսի 7-ին, «Արաքս» շաբաթաթերթը հետաքրքրվեց խնդրի մասին և հստակեցրեց, որ Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագիր գրքերի միջից պոկվել և թալանվել են՝

ա- «Սուրբ թաղումն Տիառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», Սարգիս Բիծակ, 1329թ. մագաղաթի վրա, չափսը` 16 * 23 սմ.
բ- «Վերնայտուն», (Ոտնալվա) Կիրակոս Սյունեցի, 1300թ. մագաղաթի վրա, չափսը` 16 * 23 սմ.
գ- «Հոգիգալուստ», Կիրակոս Սյունեցի, 1330թ. մագաղաթի վրա, չափսը` 16 * 23 սմ.
դ- «Ավետարանիչ», Սարգիս Աբեղա, 1600թ. թղթի վրա, չափսը` 18 * 25 սմ.
ե- «Ավետարանիչ», Հակոբ Ջուղայեցի, 1607թ. թղթի վրա, չափսը` 18 * 25 սմ.
ու նաև երկու յուղաներկ նկարչություններ:

Մանրամասնությունները պարզելու համար, թերթիս խմբագրությունը նաև կապ հաստատեց Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի հետ, մեր հարցումին ի պատասխան առաջնորդարանի գրասենյակի պատասխանատուն հաստատեց սրբապատկերների թալանի լուրը, բայց չկարողացավ հստակացնել յուղաներկ նկարչությունների պարագան. «Դրանց մասին դեռ հստակ բան չենք կարող ասել» եւ հավելեց նաեւ, որ հարցը հետեւում են:

Նկատի ունենալով, որ սա քանիերորդ անգամն է ինչ թալանի է ենթարկվում Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը և Սպահանի հայոց թեմի առաջնորդարանը շաբաթներ անց անհասկանալի պատճառներով խուսափում է թափանցիկ գործունեությունից, շարունակում է ձգձգել և լռել կատարվածի նկատմամբ, փաստորեն խուսափելով իր պատասխանատվությունից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության է մնում իր միջամտությամբ պատասխանատվության կանչել Սպահանի ՀԹ Թեմական խորհրդին, որպեսզի հստակացնի՝

- Քանի՞ թանգարանային նմուշ է թալանվել Վանքից, որից վերոնշյալ նմուշները միայն հայտնվել են անգլիական աճուրդում:

- Եվ արդյո՞ք իրավապահ մարմինները տեղյակ են պահվել թալանի մասին, իսկ եթե ոչ, ինչո՞ւ:

Հ.Գ. Այս առնչությամբ այլ գրություններ կից ուղարկվում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն: Կրկնօրինակը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության, Սուրբ Էջմիածին:


Աղբյուր`http://araxmag.blogspot.com/2011/08/blog-post_8299.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 521 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սպահան, Սբ. Ամենափրկիչ վանք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0