Հինգշաբթի, 28.03.2024, 15:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Սրճարանն ինքնարտահայտման տարածք է
23:53
Սրճարանն ինքնարտահայտման տարածք է
Վարդան Ջալոյան
Զրույց «Կետիկնոցում» մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ անցյալ ամառ, երբ այն դեռ  կարմիր` Կոկա Կոլայի գույնի էր, հիմա` կապույտ է` Պեպսի Կոլայի: Բայց ոչինչ չի փոխվել սրճարանում…

- Ես գալիս եմ «Կետիկնոց» («Վերնիսաժ») սրճարան` ինձ ցույց տալու, միանգամից շատերին տեսնելու, և նրանցից քչերն են, որ ինձ հաճելի չեն: Կարաս քո սուրճը կամ լիմոնադը վերցնես ու ժամերով նստես էստեղ, մնացած սրճարանների նման շնչիդ նստող չկա, որ անընդհատ պտտվեն շուրջդ ու նայեն, թե` բան չես վերցնում ու երկար նստում ես։ Համեմատաբար էժան է, ու չնայած վզզացող ավտոմեքենաների աղմուկի ու հնչող տարաբնույթ և ոչ միշտ տրամադրությանդ համահունչ երաժշտությանը, մի երկու հազար դրամով, 3-4 հոգով երեկոդ կարճում ես համեմատաբար հանգիստ միջավայրում, համոզված լինելով, որ ոչ «քյարթուները», ոչ էլ դիմացի` օպերայի մայթին նստող մեծ ու մանր բուրժուաները քո հագուկապին չեն նայի ու քմծիծաղ տան, էստեղ դու քո տեղում ես, քո «գեղամիջում»: Մարդիկ իրենց հնարավորինս իրական դեմքերով են նստած, դրա համար ես գալիս եմ էստեղ: Բա դո՞ւ ինչի ես գալիս, Ջալոյան:

- Ես համաձայն եմ, որ սրճարանն էլ քաղաքի կամ փողոցի թատրոնի մասն է կազմում: Դե պարզ է, որ դու գնում ես մի տեղ, որտեղ գիտես, համոզված ես, որ էն դերը, որ դու խաղալու ես, էն պոզան, որ ընդունելու ես, ո՞նց է ընդունվելու էդ մարդկանց կողմից: Ովքե՞ր են նստած սրճարաններում: Ինչո՞ւ ենք մենք նայում էն դիմացի մայթի բարձր բուրժուազիայի սրճարաններին, ու մտածում, որ իրենք ունեն ցանկություններ, մնացածներն ունեն հոգսեր: Եւ էն բանը, որ կարող ես նստել էս սրճարանում, սպասել` չգիտեմ ում, չգիտեմ ինչի, դա էն մասին է խոսում, որ քո մեջ էլ կան ցանկություններ: Սրճարանը, քաղաքն ամբողջությամբ ցանկության մի մեծ մեքենա է: Քաղաքները կառուցվել են, որպեսզի կատարվեն մարդկային ցանկությունները, և էդ առումով` գյուղացի մարդը երբ ուզում էր ասել, թե ինչ-որ ցանկություններ ունի, ասում էր. «Երևան գնալու եմ, մշտական մնալու եմ»: Որովհետև դա հենց էն բանն է, որով ինքը ներկայանում է: Քաղաքը մի տեղ է, որտեղ ցանկություններն իրենց պրոյեկցիաներն են ստանում: Ուզում եմ ասել, որ սրճարաններն ասելիք ունեցող մարդկանց համար են: Ասելիքն ինքը ցանկությունն է, որն անընդհատ խոսում է, իհարկե` ոչ միշտ էն բանի մասին, ինչի մասին ուզում է: Մտավորականներն են շատ խոսում, մտավորականի ցանկությունը յուրօրինակ է, տարբերվում է և բիզնեսմենի,և գյուղացու ու աշխատավորի ցանկությունից:

- Հիմա էս սրճարանի բոլոր մարդիկ ցանկություննե՞ր ունեն:

- Մտավորականի ցանկությունները միշտ բոհեմական են լինում. ամենաառաջին ցանկությունը մինչ ռոմանտիկ սերն է` կրքի պատահական բռնկում, ու ռոմանտիկ սերը, որը միշտ փնտրում է, և ճակատագիրն իրեն պարգևում է: Կան տարբեր սերեր` ժողովրդի սեր, հայրենիքի սեր: Մտավորականի մոտ դա որոշակի պարանոիդալ բնույթ է կրում` սոցիալ-քաղաքականի և անձնականի հիբրիդ, որը հետաքրքիր է: Ցանկությունը, ինչպես մենք ընկալում ենք, հայտնվել է ռոմանտիկ դարաշրջանում, ու պատահական չի, որ սրճարաններն էլ են էդ ժամանակ հայտնվել:

- Գուցե սալոննե՞րը. էնտեղ էլ է եղել ռոմանտիկ սեր:

- Սալոնների կուլտուրան վայելքի կուլտուրան է, ոչ թե ցանկության, և` ֆլիրտի: Ռոմանտիկ սերը 200 տարվա պատմություն ունի ընդամենը, մինչ էդ ոչ մի սեր չի եղել, եղել է կիրք, եղել է Լեյլի ու Մեջնուն:

- Բա Լեյլի-Մեջնունինը ռոմանտիկ սեր չէ՞ր:

- Հիմնական ռոմանտիկան սիրո մեջ նախատրամադրվածությունն է դեպի սերը, մարդն ինքն իրեն պատրաստում է: Մարդը հոգեկրթվում է, կարդում է Սևակ ու Տերյան, այսպիսով` իր հոգին նախապատրաստում է սիրահարվելուն:

- Այլ կերպ` գլուխն է գցում հա՞. ժամանակակից մարդը, երբ կիրք է լինում, որոշում է, որ դա սեր է, հետո զարգացնում է, հետո` երբեմն ձեռքը կրակն է ընկնում: Մարդը, պարզվում է, էն չի, բայց արդեն կարա ուշ լինի` ամուսնություն, երեխաներ…

- Ժամանակակից երիտասարդը զանազան տեխնիկաներ է գործադրում, որպեսզի ինքը մի պահի սիրահարվի, որպեսզի դա չլինի պատահական, այլ ուղարկված` Աստծո կողմից: Դա պատահականի ու նախապատրաստության արդյունքն է: Ռոմանտիկ սերը նաև ունի տարածական կառուցվածք, ինչպես ասում էին ընկերներ Դելեզն ու Գվատտարին, ու չի հանգում սովորական Էդիպյան եռանկյունու: էդ եռանկյունին բացվում է սրճարանի նման մեքենաներով: Սրճարանը հարկավոր է նաև դրա համար: Էստեղ առաջանում են որոշակի հատուկ խավի տիպիկ ցանկություններ, որոնք պերվերսիվ (պերվերսիա` լատ. perversiō, բառացիորեն թարգմանվում է շուռ տված, նորմայից շեղված, ալյասերվածություն: Էստեղ` շուռ տված, IMHO) ցանկություններն են` մտավորականի ցանկությունները:

- Իսկ դրանք չե՞ն կարող քաղաքական ցանկություններ լինել:

- Դա մոտավորապես նույն բանն է: Քաղաքական ցանկությունը տիպիկ պերվերսիվ ցանկություն է, երբ նորմալ օբյեկտից ինքը շեղվում է մի քիչ ուրիշ կողմ, և էդ առումով մտավորականի ցանկությունը, նկատի ունեմ ռոմանտիկ սերը և այլն, մշտապես միջնորդավորված է ստեղծագործությամբ և քաղաքականությամբ, որոնք մոտավորապես նույն բանն են: Այսինքն, եթե համարենք նորմալ ռոմանտիկ սերն էն է, որ դու սիրում ես խելացի, գեղեցիկ և այլ բարեմասնություններով աղջկա, ապա էստեղ կատավում է պերվերսիվ տիպի ընտրություն: Եւ էս առումով սա էնքան էլ ռոմանտիկ չի. ծառայողական սիրավեպ չի, որն էլի պերվերսիվ տարր ունի իր մեջ: Մտավորականների համար նախատեսված սրճարանները պերվերսիա են:

- Հիմա սա մտավորականների՞ սրճարան է:

- Այո, էս պերվերսիան կոչվում է ստեղծագործական-քաղաքական պերվերսիա:

- Ի՞նչ մարդիկ են էստեղ լինում, ի՞նչ խավի, ի՞նչ տեսակի:

- Էստեղ խավ չկա: Էստեղի մարդիկ պերվերսիվ են, այսինքն` շուռ տված: Ցանկությունների մատրիցան մտավորականների մոտ ուրիշ է, բիզնեսմենի մոտ` ուրիշ, մնացածների մոտ` ուրիշ: Էստեղ մարդիկ իրար գտնում են, հայտնում ու ցուցադրում իրենց ցանկությունները: Ցանկությունն առաջին հերթին թատրոնն է, որ դու ուզում ես ցույց տալ: Եթե դու ոչինչ ցույց չես տալիս, քո դերը չես կատարում, դա նշանակում է, որ քեզ մոտ ցանկություն չկա, որովհետև ցանկությունն առաջին հերթին արտահայտվում է այն բանով, որ մարդն ուզում է երևա ոչ էնպիսին, ինչպիսի ինքն իրականում կա:

- Այսինքն, էստեղ բոլորն ուզում են երևալ ոչ էնպիսին, ինչպիսին իրենք իրականում կա՞ն:

- Դրան ընդունակ է առաջին հերթին մտավորականը, որովհետև նա միշտ արտիստ է: Նա էն մարդն է, որ ինքը չի, ինչ որ ինքը կա` էն չի: «Ա»-ն հավասար չի «Ա»-ի: Ինքը զբաղված է սեփական «ԵՍ»-ի դիալեկտիկական բացասումով, որն ինքն անում է, օրինակ` ինքնակենսագրական վեպեր գրելու միջոցով, որովհետև ինքնակենսագրական վեպի հերոսը նույն իսկական մարդը չի, որ գոյություն ունի իրական աշխարհում, էն մարդն է, որ ապրում է իր երևակայության աշխարհում:

- Սրճարանի այլ ֆունկցիաները, բացի թատրոնից:

- Բացի դրանից` ուրիշ ֆունկցիաներ չեն կարող լինել: Սրճարանն ինքնարտահայտման տարածք է: Սրճարանը չի կատարում էն դերը, որ մենք վերագրում ենք, ինքը ստատուսային խնդիրներ չի լուծում, բուրժուական լինի, բանվորագյուղացիական, թե` այլ: Բայց… Հնարավոր չի գտնվել մի մարդու կողքին, որը համամիտ չի ու չի հասկանում քո ցանկությունները: Հետևաբար, սրճարաններում էդ խմբերը կազմվում են իրենց էդ գաղտնի ու գուցե իրենց անհայտ ցանկություններով, և իրենք նույն թատրոնի թատերախումբն են: Եթե դու կոմեդիայի թատրոնի թատերախմբից ես, ինքը` ողբերգության, ուրեմն` դուք չեք կարող միասին լինել: Քո դերասանական արվեստը չի հասկացվում կամ գնահատվում: Էստեղ մարդ չկա, էստեղ բոլորը դեր են կատարում: Մեկը` գրողի, մեկն` ակադեմիկոսի կամ նախարարի, մյուսն էլ, կներեք, մշակութաբանի: Էն առումով, որ էստեղ առաջին հերթին ոչ թե մարդն է հանդես գալիս, այլ` իր մտավորականի մասնագիտությունը: Էստեղ, իմիջիայլոց, շատ քիչ են գալիս դերասանները: Եթե դու դերասան ես ու չես ուզում, որ քո բեմական կերպարը փլվի, էսպիսի տեղեր չես գա: Մտավորականի ամենամեծ խնդիրը «դավադրություններ» նյութելն է։ Սրճարանները միշտ էլ եղել են «դավադրությունների» համար:

- Բայց էստեղ պատահական մարդիկ էլ են գալիս: Սիրահարներ են գալիս, ջահելներ են գալիս, որովհետև էժան է, Սարյանի արձանի մոտից` միտինգավորները…

- Հա, գալիս են, բայց` մեկ-մեկ ու պատահական, եթե հոգնել ես, նստում ես էստեղ: Բայց «քո» սրճարանն էն տեղն է, որտեղ դու մշտապես գալիս ես: Ու եթե դու պատահական ես եկել, կնստես, կխոսես, կողքից խեթ-խեթ կնայեն` բան չեն ասի, բայց երկրորդ անգամ էլ չես գա էստեղ, եթե պատահական ես, օտար ես էս թատրոնում: Նույնն էլ դու, կարող ես գնալ դիմացի սրճարանները, խոսել կինոյից, թատրոնից կամ գրականությունից, բուրժուազիան կսկսի նայել վրադ, թե` էս ի՞նչ են խոսում: Չնայած թվում է, թե ընկերներով նորմալ նստած եք, բայց դու էլ չես գնա էդ սրճարանը, որովհետև էդ քոնը չի: Էստեղ նաև շատ կարևոր են սպասարկող անձնակազմ – հաճախորդ հարաբերությունները: Եթե տերը չուզի, որ էս մարդիկ գան էստեղ, նրանց լավ չեն ընդունի, ու նրանք էլ չեն գա: «Կազիրյոկում» ու էստեղ միշտ ուրախ են ընդունում մտավորականին: Մյուս կարևոր հարցը: Սրճարանն էթիկետ է, կանոններ, որոնք որոշում են նաև, որ մարդը քաղաքաբնակ է: Էստեղ գալով ու նստելով` ինքդ քեզ ապացուցում ես քաղաքաբնակ լինելդ: Բանգլադեշի երիտասարդներն ասում են. «Իջնենք քաղաք»: Որովհետև էստեղ, էս կենտրոնի թատրոնի մեջ կարող են ցույց տալ, թե իրենք ինչպես են հագնված, ինչպես են քայլում, և որ իրենք քաղաքաբնակ են: Իրեն ցուցադրելն ու մարդկանց նայելն ամենակարևոր էկզիստենցիալ մարդկային ֆունկցիաներից մեկն է: Դու չես կարող փողոցով ման գալ, եթե քեզ վրա անընդհատ թքեն կամ քարով խփեն:

- Բայց էդպիսի մարդիկ էլ կան, չէ՞:

- Դա էլ պերվերսիայի լրիվ ուրիշ ձևն է, զրույցի այլ թեմա:


Աղբյուր`http://www.armversion.am/2011/07/08/%D5%BD%D6%80%D5%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84-%D5%A7/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 835 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0