Հինգշաբթի, 18.04.2024, 23:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Տոլմայի համահայկական փառատոն. մշակույթի նախարարի յուրօրինակ բաղադրատոմսը
16:51
Տոլմայի համահայկական փառատոն. մշակույթի նախարարի յուրօրինակ բաղադրատոմսը
Տոլմայի համահայկական փառատոն
«Մամիս դոլմեն ոչ ոք չի կարող սարքի, դոլմի հետ մատներդ էլ կուտեիր»,-ասում է 87-ամյա իրանահայ Թադևոս պապը, որ կնոջ հետ եկել էր մասնակցելու Տոլմայի համահայկական փառատոնին: Բայց երբ տաղավարներից մեկում նրան տոլմա հյուրասիրեցին, գոհունակ ժպիտով ասաց. «Լա՜վն է»:

Ամսի 14-ին Սարդարապատի հուշահամալիրը լի էր մարդկանցով, որոնք տաղավարից տաղավար անցնելով` համտեսում էին չտեսնված ու չլսված տոլմայի տեսակներ:

Օրինակ, երբևէ կերե՞լ եք հորթի, գառան, խոզի և հավի մսերի խառնուրդից պատրաստված տոլմա, որը խոհարարներն անվանում են փունջ կամ էլ խմորի շերտերի մեջ լցոնած, որը հիշեցնում է հայկական փախլավա: Եթե ներկա լինեիք տոլմայի համահայկական փառատոնին, ապա կտեսնեիք նաև ոլոռով, սիսեռով և ոչխարի մանր կտրատած մսով տոլմա, մրգային և հատապտղային հավելումներով, բրնձով և սունուբարով տոլմա, հոնի, ծիրանի  հյութով պատրաստված, հավի կրծքամսով, տավարի ծեծված մսով և ձավարով, անգամ խեցգետնի ու իշխանի մսով տոլմաներ:

Բացի ավանդական կաղամբից ու թփից, այս փառատոնի տոլմաները լցոնված էին եզան լեզվի, ազնվամորու, լոբու, թզի, թթի տերևների, նույնիսկ դդմի չբեղմնավորված ծաղկի մեջ:

Միջոցառման հյուրն էր նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով «Անկախ»-ի հետ զրույցում խոստովանեց, որ նման էկզոտիկ տոլմաներ երբևէ չի փորձել, քանի որ դասականի կողմնակից է. «Իմ ընտանիքի անդամները գերադասում են խաղողի թփով տոլմա, և դա է պատճառը, որ ձմեռային պաշարների մեջ առանձնահատուկ քանակությամբ տեղ է գտնում խաղողի թուփը»,-ասաց նա:

Այնուամենայնիվ, նա ասաց, որ մի յուրօրինակ տոլմայի բաղադրատոմս էլ ինքը գիտի, որը շատ է սիրում և անձամբ պատրաստում է: Ահա նախարարի բաղադրատոմսը.

«Դա պատրաստվում է դդմիկով. դդմիկը լցոնում եք տավարի և խոզի մսով` 1:3-ի հարաբերակցությամբ: Մնացածն` ինչպես ավանդական տոլմայի մեջ է` չորացրած ռեհան, սոխ և այլն: Շատ համեղ է և յուրահատուկ: Ընդհանրապես, ինչքան հյուրասիրել եմ, բոլորի դուրը եկել է»,-ասաց Հասմիկ Պողոսյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև բազմաթիվ օտարերկրացիներ, որոնցից շատերը Հայաստանում էին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:

Ինչպես նշեց փառատոնի կազմակերպիչ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը, միջոցառման նպատակներից մեկն էլ տուրիզմի զարգացումն է. «Առանց սպասարկման ոլորտի և հատկապես ազգային խոհանոցի շատ դժվար կլինի զարգացնել տուրիզմը,-կարծում է խոհարարը,-երբ տուրիստը մեր երկրից գնա, նրա մեջ ամենաուշը կմոռացվի համի և հոտի զգացողությունը»:

Սակայն փառատոնի գլխավոր նպատակը հայկական ազգային խոհանոցի նկատմամբ հարգանքի և վստահության բարձրացումն է, քանի որ կա կարծրատիպ, թե այն հարուստ ու բազմազան չէ. «Ի դեպ, այդ թյուր կարծիքը մեր մեջ է, օտարները շատ լավ գիտեն մեր խոհանոցի արժեքը,-նշեց խոհարարը,-մենք պետք է ապացուցենք, որ մեր խոհանոցը ոչ միայն հզոր է, այլև ծառայել է դոնոր մեր հարևան և ոչ հարևան երկրների համար»:

Փառատոնի ընթացքում ներկայացված էր 22 տաղավար` տոլմայի 64 տեսակով:  Հաղթող ճանաչվեց Աֆրիկյանների պանդոկը` ստանալով ոսկե մեդալ և կավե գավաթ, իսկ «Ոսկե Ծիրանի» կողմից` արծաթե հուշամեդալ:

Տարբեր անվանակարգերում հաղթողները ստացան մեդալներ, հուշանվերներ և պատվոգրեր:

Կազմակերպիչներն ավելի քան գոհ են միջոցառման արդյունքներից և արդեն վստահաբար ասում են` այն կդառնա ավանդական:


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/133732/

Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 1475 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տոլմայի համահայկական փառատոն, տոլմա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0