Ուրբաթ, 19.04.2024, 05:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » Վարդան Գրիգորյան. «Պատմավեպեր»
14:39
Վարդան Գրիգորյան. «Պատմավեպեր»
Հավերժական վերադարձ
Եթե մի օր ընկերս` արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը, զրույցի ընթացքում փայլող աչքերով ու մեծ վստահությամբ չխոսեր Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ» վիպակի մասին, որը,  ըստ նրա՝ հայ գրականության բացառիկ ու լավագույն ստեղծագործություններից է, չգիտեմ՝ գուցե հետագայում ուշադրություն չդարձնեի, ցանկություն չունենայի փնտրելու ու ընթերցելու նրա բոլոր ստեղծագործությունները:

Հրաչից իմացա, որ Վարդան Գրիգորյանը երիտասարդ տարիքում է մահացել` թողնելով ընդամենը երեք պատմավեպ, որոնք բացարձակապես տարբերվում են` կառուցվածքով, գեղագիտությամբ, ներքին դինամիկայով` նյութի խորին իմացությամբ ու ժամանակային մթնոլորտի դիպուկ ցուցադրությամբ:

Մահը` մանավանդ երիտասարդ գրողի,  միշտ էլ ավելի մեծ հետաքրքրասիրության ու մտածմունքների առիթ է տվել: Միանգամից մտածում ես չասվածի-չգրվածի, ասվածի-գրվածի մասին: Համարձակվում եմ ասել, որ Վարդան Գրիգորյանի պարագայում իրապես ամեն ինչ ասված է ու գրված:

Հետաքրքիր է, որ  «3» սրբազան թիվը Վարդան Գրիգորյանի արձակի սկզբի ու վերջի համար գուցե ճակատագրական եղավ՝ երեք պատմավեպ. երեք պատմություն. երեք վերադարձ…

Պատմությունը նրա մետաֆորն է, ներկա ժամանակն ըմբռնելու լավագույն տարբերակը. «Հավասարապես սիրելով պատմությունն ու գրականությունը` այդպես էլ անկարող եղա նախապատվությունը տալ դրանցից մեկին: Պատմությունը դարձավ մասնագիտությունս, գրականությունը` կյանքիս նպատակը: Երկվություն, որն իր տրամաբանական լուծումը երեւի պետք է գտներ պատմագեղարվեստական ժանրում»,-գրում է Վարդան Գրիգորյանը:

Նրա հերոսները ոչ միայն իրենց պատմական ժամանակի զավակներն են, այլեւ մարդիկ, ովքեր հավերժական հարցերի պատասխանները գտնելու անվերջ փորձեր են անում: «Չհպատակվել ու չկառավարվել, ապրել միայն աստծո հետ, տեսանելի լինել միայն նրան, խոսել միայն նրա հետ»:

Դա փախուստ էր, րոպեական թուլություն: Սիմեոնը հիշեց, որ երբ ութ-տասը տարեկան էր, ուսուցիչը` մի ծեր քահանա, պատմեց քրիստոնյաներից առաջինը ճգնակեցություն ընտրած Պողոս Թեբեացու զրկանքների ու տառապանքների մասին… «Ով ճգնում է,-ասաց նա,- մեջը կասկած ունի: Տերը սիրում է, որ իրեն հավատան առանց փորձության ու տառապանքի: Եղի՛ր զինվոր, հավատդ սրով պաշտպանիր այլադավաններից»: Սիմեոնը կանգ առավ, քահանայի մոտ քսան տարի առաջ արտասանած խոսքերը զնգում էին ականջներում:

«Ես սկսել եմ կասկածել»,- շշնջաց նա:

«Հավերժական վերադարձ» վիպակի այս հատվածը ցայտուն բնորոշումն է գրիգորյանական աշխարհի անհանգիստ ու անվերջ որոնումների. կասկածել ամեն ինչում, կասկածել ու որոնել, գտնել ու կասկածել: Վարդան Գրիգորյանի համար կասկածը հավերժական հարցերին կրկին ու կրկին  վերադառնալու վերջին ճանապարհն է, որին ուղղված են գրողական բոլոր նպատակները:

Մեկ գրքում երեք պատմավեպերի վերահրատարակումը, հեղինակի կողմից նոր շտկումներով եւ փոփոխություններով` (Երեւան, «Նաիրի» հրատարակչություն, 2011թ.), «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք», այն լավագույն հնարավորությունն է, որ թույլ կտա  ճանաչելու, ծանոթանալու, կրկին վերընթերցելու, անդրադառնալու, վերջապես խոսելու ու քննարկելու այս տաղանդավոր արձակագրի գործերը, ով երկար ժամանակ մոռացության էր մատնված:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/21/v-grigoryan/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1202 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0