Հինգշաբթի, 28.03.2024, 22:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Վարդավառ. Պատմություն և խորհուրդ (տեսանյութ)
14:41
Վարդավառ. Պատմություն և խորհուրդ (տեսանյութ)
Վարդավառ. Պատմություն և խորհուրդ
Վարդավառի տոնի խորհրդի հետ կապված «Առաջին լրատվականը» զրուցեց Հայ առաելական եկեղեցու քահանա Տեր Բաբկեն Հայրապետյանի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ-դիցաբան Գոհար Վարդումյանի հետ։

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը այսպես մեկնաբանեց տոնը. «Մեր Հայ առաքելական եկեղեցին այն նշում է որպես Հիսուս Քրիստոսի այլակերպության կամ պայծառակերպության տոն։ Ընդ որում՝ միայն հայ եկեղեցին է, որ այն կոչում է պայծառակերպության տոն։ Իսկ իրական պատմությունն այն է, որ Հիսուսը իր բոլոր տանջանքներից առաջ ցույց տվեց իր փառքը աշակերտներին, որպեսզի երբ խաչվեր, աշակերտներն իր տկարությունից չտկարանային»,- ապա հավելեց.

«Պայծառակերպության տոնը մեր նախնիները կոչել են Վարդավառի տոն, դա խորը արմատներ ունի, և ժողովուրդը կապում է ջրհեղեղից հետո նորից ծիածանով մարդ-Աստծված հաշտության հետ, այդ ջուրը իրար նետելով՝ կարծես մարդիկ հիշեցնում էին ջրհեղեղը, և նաև բացատրում է, թե ինչու եղավ ջրհեղեղը։ Այսինքն, սթափեցման մի սովորություն է և մաքրագործվելու իմաստ ունի»։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ-դիցաբան Գոհար Վարդումյանը Վարդավառը մեկնաբանեց որպես վաղնջական ժամանակներից եկող տոն, որը կապված է ջրի պաշտանմունքի և ջրի հետ կապված պատկերացումների հետ. «Մարդիկ ամառվա շոգին իրար ջրել են նաև բնությանը հարմարվելու համար։ Մենք ունենք նաև հայկական ժողովրդական մի ավանդազրույց, ըստ որի Նոյը, երբ տապանից դուրս եկավ և հանգրվանեց Նախիջևանում, իր զավակներին ասաց, որ այդուհետ տոն կարգվի՝ ամառվա շոգին իրար ջրեն՝ ի հիշատակ Նոյյան ջրհեղեղին»։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանսիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը, մեզ հետ հետ զրույցում խոսելով տոնի վերաիմաստավորված լինելու մասին, հայտնեց, որ սա հեթանոսական տոն է, որը քրիստոնեական վերաիմաստավորում է ստացել։ Ըստ նրա՝ այս տոնը ծագել է նախաքրիստոնեական ժամանակներում և կապված է Աստղիկ դիցուհու հետ. «Վարդավառը նախաքրիստոնեական ջրային ծես է, որը կապված է ամառային շոգ ժամանակների հետ. Քրիստոնյաներն այն կապում են Հովհաննես Մկրտչի հետ, ով ջրով մկրտել է Քրիստոսին և տոնը անվանում են Քրիստոսի այլակերպության ու պայծառակերպության տոն։ Ամենաճոխ կերպով տոնը նշվել է հենց Մշո սուրբ Կարապետի վանքում։ Սուրբ Կարապետը հենց Հովհաննես Մկրտիչն է, նա, ով նույնպես ջրով մկրտել է։ Ե՛վ եկեղեցականները, և՛ գիտնականները համամիտ են, որ սա հին ժամանակվա ծես է և վեևաիմաստավորվել է քրիստոնեական ոգով։ Նման բաներ կան ամբողջ աշխարհում»։

Բառի ստուգաբանության մասին խոսելով՝ Ա.Պետրոսյանը նշեց, որ «վարդ» և «վառել» իմաստներով բառի բացատարությունը ոչ թե ժողովրդական ստուգաբանություն է, այլ «ծաղիկ վառել» գաղափարի հետ է կապված. «Սիրո տոն է, քանի որ ծաղիկ անվանում են սիրահարներին»։ Հավանական է նաև բառի ստուգաբանությունը հնագույն խեթական «վաթար» բառի միջոցով, որը հենց ջուր նշանակությունն ունի։

Անդրադառնալով բառին տրվող բացատրություններին, մասնավորապես «վարդ» և «ջուր» անվանումներին՝ ազգագրագետ Գ.Վարդումյանը այսպես մեկնաբանեց. «Վարդավառի օրերին Անահիտին և Աստղիկին նվիրաբերել են վարդեր, նրանց արձանները ջրցողել են, վարդի թերթիկներ են թափել արձանների վրա։ Կա նաև մի ուրիշ զրույց, ըստ որի Աստղիկ դիցուհին երբ քայլել է, ոտքերը վնասվել են, և նրա արյան կաթիլներից գեղեցիկ վարդեր են բուսնել»,- ապա հավելեց.

«Բացի այդ, Վարդավառը կապված է բերքահավաքի տոնի հետ, ընդհանրապես՝ նավասարդյան տոնակատարությունները բերքի տոներ են եղել, և հեթանոս Հայաստանում մարդիկ ուխտագնացությունների են գնացել, և Վանատուրը օթևան է տվել, իսկ Ամանորը նոր պտուղներ է հրամցրել ուխտավորներին»։

Գ.Վարդումյանի խոսքով՝ ամբողջ Նավասարդի տոնաշրջանի մեջ է ընգրված եղել այս տոնը և նվիրված է եղել Ամահիտ և Աստղիկ աստվածուհիներին։ Նա նաև նշեց, որ, իհարկե, ջրի տոներ ունեն նաև այլ ժողովուրդները, բայց այն խորհուրդը չունեն, ինչ մեր Վարդավառը։

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով՝ այս տոնի խորհրդի ամբողջ բանալին Հայր աստծո խոսքն է՝ «Սա է իմ սիրելի որդին, նրան լսեցեք». «Սա բոլոր ժամանակների համար երկնքից մի կոչ էր։ Պայծառակերպության այն ժառանգությունը, որ մենք ստանում ենք Քրիստոսից (մենք մկրտությամբ ստանում ենք որդեգրություն, ժառանգություն), դառնում ենք տաճար Սուրբ հոգու համար և նմանության պատիվ ենք ունենում։ Քրիստոսը պայծառակերպվեց, որ 8-րդ օրը մենք էլ կարողանանք պայծառակերպվել։ Այս տոնով մենք ուզում ենք փառավորակից լինել այդ ժառանգությանը»։

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված Վարդավառի տոնի հստակ օրը, Տեր Բաբկեն քահանան հայտնեց. «Տաղավար տոների հաշվարկը մարդկային որևէ կամքից բարձր է, ոչ մեկ չի կարող օր փոխել։ Վարդավառի օրը կապված է Զատկի տոնի հետ, Զատիկից 14 շաբաթ հետո հանդիպող կիրակի օրը համարվում է Վարդավառի տոն։ Եվ այս տարի հուլիսի 31-ին է»։

Խոսելով Վարդավառի և Քրիստոսի պայծառակերպության տոների նույնացման մասին՝ Գ.Վարդումյանը հայտնեց. «Քրիստոսի պայծառակերպությունը և այլակերպությունը առանձնապես կապ չունեն Վարդավառի հետ, ուղղակի այդ օրը հարմարեցվել է Քրիստոսի պայծառակերպության տոնին»։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28394.html





Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1180 | Ավելացրեց: admin | Տեգեր: քահանա Տեր Բաբկեն Հայրապետյան, Արմեն Պետրոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0