Ուրբաթ, 29.03.2024, 09:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » Յոյսի ճախրանք...
14:42
Յոյսի ճախրանք...
Աաւիկ Տէիրմէնճեան
Աաւիկ Տէիրմէնճեանի «Յոյս եւ Լոյս» բանաստեղծական ժողովածուն յոյսի ու լոյսի մի խաբրիկ է սփիւռքից, մարդկային անմիջական յոյզերի ու յոյսերի պարզուկ մի երգ:

Այսօր արտերկրից ստացուած ամէն մի հայ գիր ամէնից առաջ մեր ժողովրդի հոգեւոր կենսունակութեան վկայութիւն է, ապա նոր միայն գեղարուեստական փաստ. այն էլ այսպիսի  մի վկայութիւն՝ կիրթ գրական հայերէնով, ուշագրաւ բանաստեղծական գեղանկարչութեամբ ու զգացմունքայնութեանբ: Քնարական հերոսի համար հիմնականն ու տեւականը հայ լեզուն է, հայ խօսքը հայ ոգին սերնդէսերունդ փոխանցող միակ աստուածային բանալին, որի տէրն է ժողովածուի հեղինակը:

Կեանքը նա ընկալում է սիրոյ հատուածակողմով, որը իմաստաւորում է  մարդ-էակի անցողական գոյութիւնը, սէր՝ հայրենիքի, հայոց լեզուի, մօր, մտատիպար կնոջ հանդէպ: Ուշագրաւ է առաջին՝ «Երկրային դրախտ» շարքը, որտեղ «լոյս եւ յոյս» Հայաստանի կերպարն է, ուր քնարական հերոսն ինքն իրեն է գտնում առաջին հերթին, նրանում ամբողջանում ու գտնում վերջապէս իր էութեան լրումը: Հայաստանը նրա մեծ սէրն է անթիւ սէրերում եւ զարմանալի չի թւում այն խոստովանութիւնը, թէ բանաստեղծը նրա կեանքով է  ապրում իր կեանքը:

Հայաստանն է իր կարօտների միակ ապաստանը, իր պանդուխտ հոգու միակ հանգրուանը, իսկ յառնելու, չպարտուելու երաշխիքը միակ՝ ոգինէ Վարդանանց ու գիրը Մեսրոպեան: Ահա թէ ինչու բաժաման պահին մրսում է հոգին ու ակամայ մտորում է՝ «Որ գնամ, մէկ էլ ե՞րբ եմ դառնալու»: Սփիւռքն առաջին հերթին վտանգուած գոյութիւն է եւ վտանգուած էութիւն, ահա թէ ինչու  Հայաստանը մշտամնայ մի արժէք է, տառապանքի ու ոգեւորութեան մի ակունք քնարական հերոսի համար, սակայն հիմնական իշխող զգացումը պանդուխտ գոյութեան գիտակցումն է, որը տրտմութիւնից զատ, նրան մղում է հայրենի մասունքներին ու յաւերժական Արարատին, քանզի՝

Քեզնից մինչեւ հիմա
Հեռու եմ եղել,
Բայց քեզ փնտռելով
Ինքս ինձ եմ գտել…

Կրկնում է քնարական հերոսն ու չի յոգնում ասելուց, որ ինքը երամից զատուած կռունկ է մոլորուած՝ ամենօրեայ մեծ ու փոքր պարտութիւններով ու անխուսափելի նահանջներով:

Աւիկի բանաստեղծութիւնը պոռթկումներ չունի. մեղմ է, քնարական ու յաճախ էլ տէրեանական տխրութեամբ օծուած: Նրա սիրային բանաստեղծութիւնը նոյնպէս անմիջական է, սիրոյ երազով թաթաւուն, մերթ էլ ժողովրդական արտայայտչաձեւերին հակուած: Քնարական հերոսը կրկին նոյն երազողն է, ռոմանտիկ նոյն էութիւնը, որի կեանքը բովանդակաւորւում է գոնէ սիրոյ երազով, որը ոչ մի կերպ չի ընդունում աներազ գոյութեան հնարաւորութիւնն անգամ: Աւիկը գրում է  իր ներաշխարհին համահունչ՝ առանց մտավարժանքների, պարզ ու անսէթեւեթ. Գրում է այն ամէնի մասին, ինչ կարող է լինել մարդու մէջ ու նրա հետ: Առանձնանում են այն կտորները, որոնք բնութեան ու սիրոյ երգեր են. Սիրուն կտորներ են «Վերջին հանգրուան», «Արեւի յոյսը», «Թախծոտ երգը», «Ձմեռնային հեքիա»չ, «Անբաժանութիւն», «Տիրոջ կամքը»: Մի խօսքով, սա մի ուրոյն աշխարհ է՝ միշտ նորացող ու հին, ծանօթ մարդուն ու տարագիր հային: Լաւատես է բանաստեղծը, հաւատում է գալիքին ու մեծ Հայաստանի մեծ երազինեւ այս ամէնը՝ լոյս երանգներով, մեղեդային շեշտերով:

Մաղթենք էլ աւելի լոյս ու յոյս մեր սիրելի բանաստեղ՝ Աւիկ Տէյիրմէնճեանին:
ԱՆԱՀԻՏ ՅԱԿՈԲԵԱՆ

Գրականագէտ, Բանասիրական Գիտութիւնների թեկնածու, Գիւմ-րիի Միքայէլ Նալբանդեանի անուան պետական մանկավարժական գրականութեան ամպիոնի վարիչ:

========================================================

«Ձօն Հայաստանի Անկախութեան 20 ամեակին»
Հայեացքս դէպի
Ապագան յառած,
Արեանս վարար ընթացքով եռման,
Կրկին ես տեսայ
Լոյսը հաւատիս,
Տաք է ժպիտս՝ հրարփի  նման…
Ո՜վ իմ քացրաբոյր
Հայոց լեռնաշխարհ,
Թո՛ղ քո արեւը կապոյտում շողայ,
Որ երազներդ
Անմէգ, երփնաթոյր,
Նոր սերմեր ցանեն՝ դաշտերիդ  վրայ…
Թո՛ղ լուսաբացի
Շղարշի միջից,
Անոյշ  զանգերիդ  ղօղանջը  ցոլայ,
Որ  սրտանուաճ
Խօսուն տողերով,
Յաղթութեան երգդ՝ յաւերժ  հուրհրայ…
Թո՛ղ կամքդ ճեղքի
Պատը խաւարի,
Արեւալոյսը  ճանապարհդ բանայ,
Որ եռագոյնը
Փողփողայ առմիշտ,
Վշտերով թաթախ՝ քո հողի վրայ…
Տենչանքներդ անեղծ,
Աստղեր համբուրող,
Մեծ ոստիւններով հանապազօրեայ,
Թո՛ղ նոր, բազմաբոյր,
Հրաշքներ յառնեն,
Հնամեայ հողումդ Աստուածաընծայ…
Թո՛ղ ահը սանձուի
Փորձութեանդ պահին,
Ամպրոպը ցրուի լեռներիդ վրայ,
Որ երգեր հիւսուեն
Մանկան օրոցքի,
Լոյսայայտնութեան՝ կանչերով վաղուայ…
Թո՛ղ լինելութեանդ
Լոյսը տարածուն,
Կանգուն եւ անխոնջ՝ մի փարոս դառնայ,
Որ հրայրքներդ
Բոցով կենսահորդ,
Հասնեն  հեռաւոր ափերիդ վրայ…
Ո՜վ իմ հայրենիք
Աւետեաց երկիր,
Երազիդ առուն՝ կ՛ուզեմ ծով դառնայ,
Որ արծուասլաց
Թռիչքներիդ մէջ,
Ճախրես քո լոյսով՝ յաւերժագնայ…
Աւիկ Դէիրմենջեան
Բոստօն

Աւիկ Տէիրմէնճեան
ԱՆԱՀԻՏ ՅԱԿՈԲԵԱՆ


Աղբյուր`http://asbarez.com/arm/104765/
Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 750 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աաւիկ Տէիրմէնճեան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0