Հինգշաբթի, 21.11.2024, 14:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » 150 քանդակ՝ Արցախին
16:42
150 քանդակ՝ Արցախին
Վիգեն Ավետիս
Հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը, որ վերջին տարիներին ապրում ու ստեղծագործում է Ֆլորենցիա քաղաքում, մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է, մի քանի անգամ այցելել է նաեւ Արցախ: «Առավոտի» հետ հանդիպման առիթը հուլիսի 15-28-ը Շուշիում նրա նախաձեռնությամբ անցկացվելիք «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումն է, որին մասնակցելու համար այսօր երկու տասնյակ իտալացի արվեստագետներ կժամանեն Երեւան: Սիմպոզիումի կազմակերպիչներից է «Նարեկացի» արվեստի միությունը» աջակցել են նաեւ Հայաստանի եւ Արցախի մշակույթի նախարարությունները, Երեւանի քաղաքապետարանը: «Ցավով պետք է նշեմ, որ այսօր Հայաստանում հիասթափված սփյուռքահայ բարերարներ կան: «Նարեկացին» այն քչերից է, որ այսքան տարի դիմանում է: Ցավով լսեցի, որ ազնիվ Նարեկ Հարությունյանը նույնպես հիասթափվել է: Բացի այն, որ նրա գործունեությունը բավարար չափով չի խրախուսվում, այս անգամ իմացա նույնիսկ, որ նա այլ խնդիրներ էլ ունի, հարկային եւ այլ հարձակումներ կան նրա վրա: Վախենում եմ, որ նա էլ շատ հայ բարերարների նման հիասթափվի»,- նկատում է Վ. Ավետիսը: Մեզ հետ զրույցում քանդակագործն անկեղծանում է, որ Շուշիում մշակութային գործունեություն ծավալելու միտքը դեռեւս 1992 թվականին է ծնվել. «Երբ տեսա ազատագրված Շուշին, այդ ավերակ գեղեցկուհուն խոստացա, որ կծառայեմ: Հետո ճակատագրի բերումով հայտնվեցի Իտալիայում: 19 տարի անց խոստումս կատարում եմ»: Շուշիի քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումի գեղարվեստական ղեկավարը իտալացի հայտնի արվեստաբան Ֆրանչեսկո Գալոն է: Սիմպոզիումի նախագահ Վ. Ավետիսի խոսքով, քանդակի սիմպոզիումն այսուհետեւ ամենամյա է լինելու եւ շարունակվելու է մոտ տասը տարի: Առաջին սիմպոզիումին կմասնակցեն հրավիրված քանդակագործներ, հաջորդ տարիներին մասնակիցները կընտրվեն մրցույթով: Քանդակագործները, ապրելով եւ աշխատելով Շուշիում, յուրաքանչյուրը կրաքարից մեկ քանդակ կկերտի ու կնվիրի Շուշիին: «Քաղաքապետարանն ամեն տարի կհարստանա նոր քանդակներով, որոնք կտեղադրվեն քաղաքի տարբեր մասերում: Այսինքն՝ տասը տարի անց 150 աշխատանք կզարդարի քաղաքը: Վստահ եմ, որ իտալացիները Արցախի նորաստեղծ թանգարանին արվեստի նոր գործեր կնվիրեն»,- հայտնեց նա: Ըստ Վիգենի, Հայաստանի, Արցախի, ղարաբաղյան կոնֆլիկտի մասին իտալացիները ոչինչ չգիտեն. «Ինձ ճանաչելով՝ նրանք Հայաստանն են ճանաչում: Ցավոք, քաղաքական պայմաններից ելնելով, արտասահմանցին, որ ոտք է դնում Արցախ՝ Ադրբեջան գնալու իրավունք այլեւս չունի: Այդ մասին Հայաստան եւ Արցախ ժամանող իտալացի արվեստագետները տեղյակ են եւ, ռիսկի դիմելով, այդ փոքրիկ զոհողությանը գնում են»:

Վիգենը չնայած Ֆլորենցիայում է ստեղծագործում, բայց իրեն Հայաստանը լքողներից չի համարում, մինչ այժմ Արաբկիրի պատվավոր քաղաքացի է: Ասում է՝ ինքն իր Հայաստանն է ստեղծել Իտալիայում: Նա Միքելանջելոյի գործերից մեկը Հայաստան բերելու մեծ ցանկություն ունի, կարծում է, որ ցանկությունը կիրագործի հաջորդ տարի: Հիմնականում դիմաքանդակներ կերտող քանդակագործը բազմաթիվ երկրներում է ցուցահանդեսներ ունեցել: Հայաստանում անհատական ցուցահանդես չի բացել, փոխարենը Արաբկիր համայնքի Վահագն Դավթյան պուրակում թողել է մի գործ՝ Ծովինարի աղբյուր-հուշաքարը, որը, ինչպես հեղինակն է ցավով փաստում, շարունակում է անուշադրության մատնված մնալ եւ իր նպատակին չի ծառայում՝ ջուրը կտրված է, միջավայրն էլ՝ անխնամ:

Վիգեն Ավետիսը նաեւ Մինաս Ավետիսյան հիմնադրամի ներկայացուցիչն է Իտալիայում եւ Մինասի որմնանկարների փրկության գործի կազմակերպիչներից է եղել: Վերջերս մեծ աղմուկ հանած պատմության, որմնանկարները Երեւան տեղափոխելու հետ կապված գյումրեցիների դժգոհության մասին քանդակագործն ասում է. «Գյումրեցիները նախ պետք է ուրախանային, որ ոչ թե «փինաչիներ», այլ Իտալիայից մասնագետներ հրավիրվեցին: Հարյուր տարի հետո չեն հիշի գյումրեցիների բողոքը, այլ կհիշեն, թե ինչպես ազնիվ մարդիկ դժվար ժամանակներում կարողացան սերունդներին փոխանցել արվեստի գործը: Թող Գյումրիի քաղաքապետարանը եւ մինասասեր գյումրեցիները առաջին հերթին շնորհակալություն հայտնեն Մինասի ընտանիքին, որ իրենց քաղաքում կործանվող որմնանկարը փրկվեց եւ տեղափոխվեց ապահով տեղ՝ թե ո՞ւր՝ երկրորդական է»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ կարծիք ունի փոփոխվող Երեւանի, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակում գմբեթի կառուցման մասին: «Հարցն այն չէ, թե այդ գմբեթով հրապարակը կգեղեցկանա, թե կտուժի, կա երրորդ ավելի կարեւորը՝ քաղաքացիների հոգեւոր աչքերը: Երբ հոգեւոր աչքերը սովորում են եւ իրենց համար կարեւոր է այդ տեսարանը, պետք է զգույշ լինել: Օրինակ, Միքելանջելո Բուոնարոտտին Սուրբ Լորենցո եկեղեցու պրոյեկտն էր արել: Եկեղեցին կառուցվեց, բայց տարբեր պատճառներով չավարտվեց եկեղեցու ճակատային ձեւավորումը եւ անավարտ մնաց մոտ 500 տարի: Տարիներ անց որոշեցին ավարտին հասցնել եկեղեցու անավարտ ճակատային հատվածը: Չնայած Ֆլորենցիայի կարդինալը եւ այդ եկեղեցու վարդապետը, որ եկեղեցական բարձր աստիճան ուներ, համաձայն էր ավարտելուն, որը գեղեցկացնելու էր ե՛ւ քաղաքը, ե՛ւ եկեղեցին, բայց Ֆլորենցիայի քաղաքապետարանը հարգեց քաղաքացիների կարծիքը: Չպետք է բռնանալ քաղաքացիների հոգեւոր աչքերին ու հոգեւոր ընկալմանը: Իհարկե, երբեմն համարձակ քայլեր պետք են: Փարիզում էլ բոլորը դեմ էին Էյֆելյան աշտարակին, բայց այն որոշ ժամանակ անց դարձավ Փարիզի սիմվոլը»,- պատասխանեց նա: Անդրադառնալով պատմական կառույցների, եկեղեցիների վերականգնմանը, այդ թվում՝ Գանձասարի եկեղեցու պարսպապատմանը, նա կարծում է. «Պետք է լինի պետական ապարատ, որի դիրքերն ավելի ուժեղ կլինեն օլիգարխական ուժերից, Հայաստանը թողնվել է օլիգարխների ճաշակի վրա: Իտալիայում, օրինակ, գոյություն ունի գեղարվեստական արժեքների պահպանության կոմիտե, որը Իտալիայում բացարձակ իրավունքներ ունի, նրանք կարող են կանգնեցնել մի քանի միլիարդ արժողության ծրագրով ահռելի շինարարությունը, եթե չի համապատասխանում գեղարվեստական արժեքների պահպանության մոտեցումներին: Հայաստանում եկեղեցին նվիրում են մեծահարուստ օլիգարխին, որն ասում է՝ իմ ճաշակն այսպիսին է եւ սկսում են ցեմենտով երեսպատել այն»:
 
ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95783/view

Կատեգորիա: Քանդակագործություն | Դիտումներ: 1667 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արցախ, Վիգեն Ավետիս, Հակոբ Գյուրջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0