Մի խումբ երեխաներ հուլիսի 18-ին մեծ ոգեւորությամբ ու ժպիտներով եկել էին նշելու ծննդյան տոն. առիթը "7 Հերմես” բարեգործական թերթի 1-ամյակն էր: Մարի Իզմիլյանի անվան մանկատան 3-ից 15 տարեկան երեխաները, Նուբարաշենի նախկին հատուկ դպրոցի սաները գիտեն, որ թերթը ոչ մի միջոցառում ու տոն առանց իրենց չի նշում:):
Բարեգործական թերթի հիմնադիրը 27-ամյա Լիլիթ Համբարձումյանն է, ում գաղափարով էլ փոքրիկները տոնական օրերը նշում են մանկատան պատերից դուրս: "Երեխաներն իմ կյանքում ուղղակի հայտնվեցին, երբ աշխատում էի բժշկական կենտրոնում. փոքրիկներին բերել էին ստուգման: Հենց այդ օրվանից մտածում էի՝ ինչ կարող եմ անել նրանց համար: Հիմնադրելով թերթը՝ գովազդի միջոցով ստացված գումարը կարող էի նրանց տրամադրել, ինչպես եւ անում ենք: Տոնական օրերը նշելիս մտածում ենք նրանց հարմարավետության մասին, նաեւ մի քանի երեխա կարողանում է հաճախել պարի, կարատեի”, – ասաց մասնագիտությամբ դիզայներ Լիլիթը:
Երեխաներին գունեղ տրամադրություն պարգեւեցին "Երազանք” թատերախմբի ծաղրածուներն ու մուլտֆիլմային հերոսները:): Տոնական միջոցառմանը հյուրընկալվեցին ու իրենց երգերը կատարեցին նաեւ Լանա Խաչատրյանը, Աիդա Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը:
Փոքրիկները պարում էին, երգիչների հետ երգում, փուչիկներով խաղում: 11-ամյա Տաթեւիկն ամենաաշխույժներից էր:). պարում, կատակում, նույնիսկ չարաճճիություն էր անում:). "Շատ եմ ուզում պարի գնալ”:
Տոնական տորթը կտրելուց ու համտեսելուց հետո երեխաները թերթի շապիկն ու մեծ կապույտ փուչիկը բաց թողեցին դեպի երկինք, որ հրեշտակային լուրը տարածեն ու իրենց երազանքներն ի կատար ածվեն:):