20-ամյա երկարատև ընդմիջումից հետո կրկին մեր օպերային թատրոնում կբեմադրվի Ջուզեպպե Վերդիի լայն կտավի գլուխգործոցներից մեկը` «Աիդա» օպերան: Այս իրադարձությունը կրկնակի նշանակալի է դառնում նրանով, որ բեմադրիչ ռեժիսորը հրավիրվել է օպերայի հայրենիքից: Իտալացի ռեժիսոր Մարիո Կորրադին իր երաժշտական բեմադրություններով բավականին հայտնի է ոչ միայն իտալիայում, այլև` ԱՊՀ երկրներում: Նրա բեմադրություններից երաժշտասեր հասարակությունը հատկապես հիշում է «Պուչչինիի» Ջոկոնդան Կիեվի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Օպերայի բեմադրությանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանում Իտալիայի դեսպանատունը: Ինչ վերաբերում է երևանյան պրեմիերային, հայտնենք, որ օպերային թատրոնի նվագախումբը կղեկավարեն նույն թատրոնի դիրիժորներ Կարեն Դուրգարյանը և Հարություն Արզումանյանը: Առայժմ ոչինչ հայտնի չէ օպերայի նկարչական ձևավորման, ներկայացման մասնակիցների հագուստների և դրանց հեղինակների մասին: Աիդայի կերպարը կմարմնավորի մեր հայրենակցուհի, համաեվրոպական ճանաչում վայելող երգչուհի Հասմիկ Պապյանը: Գլխավոր դերակատարների վերաբերյալ դեռևս հայտնի է միայն այսքանը: Երգիչների վերջնական կազմը կձևավորվի հունվարի կեսերին: Շատ հավանական է, որ գլխավոր դերերգերը պրեմիերային կատարեն բացառապես արտասահմանից հրավիրված երգիչները: Հուսով ենք, որ «Աիդայի» բեմադրությունը կսկզբնավորի այն ժամանակների վերադարձը, երբ մայրաքաղաքի օպերային թատրոնում մեկ տարվա ընթացքում բեմադրվում էին լրիվ տարբեր ժանրերի և ուղղությունների ավելի քան 50 օպերա: Ցանկալի կլիներ, որ վերադառնար նաև նվազագույնը նախկին կատարողականության բարձր նշաձողի որակը: