Այսօր «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ եվրոպական մշակութային երեկո, որին մասնակցեցին ավելի քան 20 երիտասարդներ եվրոպական 15 երկրից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով, միջոցառման գլխավոր նպատակը միջմշակութային ճանաչմանն է ուղղված, որն ընդունված ձևաչափ է եվրոպական շատ երկրներում: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում սա 2-րդ ամառային ծրագիրն է, որի ընթացքում Եվրոպայից ժամանած երիտասարդները ցույց կտան իրենց մշակույթը՝ երգ ու պարից մինչև իրենց ազգային խոհանոցին բնորոշ առանձնահատկությունները:
Արտերկրից ժամանած երիտասարդների հիմնական ընտրությունը կատարվել է ուսանողական եվրոպական ֆորումի կողմից: Երեկոյի ընթացքում հիմնականում խոսվեց այսօրվա երիտասարդությանը հուզող թեմաների մասին:
«Ամառային համալսարան» ծրագիրը եվրոպական խոշոր ծրագիր է, որն ունի 40 տարվա պատմություն և անցկացվում է 25 եվրոպական երկրներում: Եվրոպական մշակութային երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը: