Հինգշաբթի, 21.11.2024, 19:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » “Ամեն ինչ պետք է երազով սկսել”
13:20
“Ամեն ինչ պետք է երազով սկսել”
Նորա Արմանի
Կինոյի եւ թատրոնի ֆրանսահայ դերասանուհի եւ գրող Նորա Արմանին այս տարի Երեւանում է "Ոսկե ծիրան" 8-րդ միաջազգային կինոփառատոնի հրավերով: Նրա համոզմամբ "Ոսկե Ծիրանը" աշխարհի լավագույն փառատոններից է եւ կարող է մրցել միջազգային ցանկացած կինոփառատոնի հետ: Նրան գրավել է կազմակերպվածությունը, ֆիլմերի ընտրությունն ու բազմազանությունը:

Դերասանուհին վստահ է` հայ կինոյի զարգացմանը խոչընդոտում է միայն ֆինանսական հնարավորության բացակայությունը: Երիտասարդ արվեստագետների մեջ տաղանդավորներ կան, պարզապես հեղինակավոր վարպետների խորհուրդներն ու դասերն են պակասում:

Նորա Արմանիի կարծիքով` փառատոնները շատ կարեւոր են մշակույթի պահպանման ու ճանաչման համար: Մատնանշելով օրերս կայացած "Տոլմայի փառատոնը"` Նորա Արմանին վստահեցրեց, որ առաջին հայացքից անհեթեթ թվացող փառատոնն իրականում ոչ միայն սփյուռքահայերին, այլ նաեւ օտարազգիներին հայի տեսակն ու մշակույթը ներկայացնելու լավագույն ձեւն է:

Ապագա ծրագրերից դերասանուհին առանձնացրեց հատկապես իր գլխավոր դերակատարմամբ Հայաստանում նկարահանվելիք ֆիլմը, որը պատմելու է արտասահմանից եկած եւ հայկական գյուղերից մեկում հայտնված մի կնոջ մասին: Նկարահանումներն սկսվելու են հաջորդ տարի, ռեժիսորը դեռ հայտնի չէ: Իսկ ներկայումս դերասանուհին նկարահանվում է ԱՄՆ-ում` ռեժիսոր Զաք Յոհանսենի "Ձյունը Լոս Անջելեսում" աշխատանքային անունը կրող ֆիլմում, որտեղ մարմնավորում է հետախույզ-փաստաբանի: Դերասանուհին իրեն հատուկ հումորով նշեց, որ իր կերտած կերպարը, սցենարի համաձայն, պետք է սպանվի. "Պիտի սեպտեմբերին գնամ, որ ինձ սպանեն, այդ տեսարանը Հայաստանից գնալուն պես արդեն պետք է նկարահանվի",- տեղեկացրեց դերասանուհին լրագրողների հետ հանդիպմանը:
 
Ներկայացնում ենք Նորա Արմանիի հարցազրույցը armedia.am կայքէջին:
 
 -Թատրոնի եւ կինոյի դերասանուհու համար տեխնոլոգիական այս գերառաջընթացը արդյո՞ք մտահոգիչ չէ: Կարելի՞ է ենթադրել, որ շուտով հարկ չի լինի գնալ թատրոն կամ կինոթատրոն: Այս արվեստների երկրպագուները առանց տանից դուրս գալու ամենը կդիտեն համացանցում:

-Կարծում եմ` ամեն ինչ կմնա իր տեղում: Երբ առաջ եկավ հեռուստատեսությունն ու հեռուստացույցը, մարդիկ ասացին` հիմա կինոթատրոն էլ մարդ չի գնալու: Բայց ահա, տեսեք, կինոն գոյություն ունի եւ շարունակվում է: Ես կարծում եմ` ամեն ինչ իր տեղն ու դերը ունի մեր կյանքում: Հնարավոր է` հեռուստատեսային լրատվության դերը կպակասի, քանի որ այսօր համացանցին միանալիս, օրինակ, Yahoo-ի առաջին էջում ամենակարեւոր նորությունների մասին տեղեկանում ես: Դրանից հետո, իրոք որ, ի՞նչ կարիք կա նույնը լսել հեռուստատեսությամբ: Բացի, իհարկե, եթե ուզում ես իմանալ՝ "Հայլուրը"՝ քո երկրի լրատվական գործակալությունը, ի՞նչ է ասում: Դա արդեն այլ հարց է:
   
-Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Նորա Արմանիին նախկինի պես հաջողվո՞ւմ է հավասարապես ծառայել այդ երկու "տերերին":

-Դժբախտաբար թե բարեբախտաբար, ես հիմա ավելի շատ հակված եմ կինոյին: Որովհետեւ թատրոնը դարձել է "լյուքս", այսինքն` այնքան էլ էժան չէ ներկայացում բեմադրելը, ներկայացում խաղալը…Եվ
ստացվում է, որ եթե ես այս մեծ ծախսը անելու եմ, եւ մի քանի հոգի պիտի գան նայեն-գնան ու դրանով վերջանա… Ավելի լավ չէ՞ ֆիլմ նկարահանել, այդ ֆիլմը շատ ավելի մեծ տարածում կունենա, ավելի շատ մարդիկ կտեսնեն, եւ, վերջապես, այն տարիներ շարունակ կմնա: Այսօր ես խոսում էի Արա Երնջակյանի հետ 1991-ին նկարահանված իմ առաջին ֆիլմի մասին, որի 20 ամյակն այս տարի է, տեսե՛ք, 20 տարի անց այդ ֆիլմը գոյություն ունի, եւ մենք կարող ենք հեռահաղորդակցության որեւէ միջոցով ցուցադրել այն: Բայց ներկայացումը, որ խաղացել եմ 20 տարի առաջ, այսօր դիտել չենք կարող: Կարելի է նորից բեմադրել նույն ներկայացումը, ինչպես որ ես արել եմ, եւ շատ հաջող է ստացվել, բայց դա արդեն նույնը չէ:

- Այդ դեպքում, ճի՛շտ է, փոքր-ինչ ուշացումով, բայց ներկայացումը կամ կինոն նույնպես կարելի է դիտել համակարգչով:

- Այո՛, եւ դա լինում է, բայց կարծում եմ` միշտ կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն մեծ դահլիճները, ուր բոլորովին այլ զգացում ես ապրում, քան փոքր էկրանի առջեւ: Այնպես որ ճգնաժամի չենք հասել, բայց եւ շատ դժվար է գուշակել մոտ ապագան: Գուշակ չեմ…Պետք է ասեմ նաեւ, որ հիմա զարմանալիորեն շատացել են web-TV –ները:

-Ձեր զուգահեռ մասնակցությունը երկու ֆիլմերում` ամերիկյան եւ հայկական, ի՞նչ է հուշում Ձեզ. ո՞ր ֆիլմը, այսպես ասած, դատապարտված է հաջողության, եւ կարո՞ղ է դա պայմանավորված լինել ֆիլմի "ազգությամբ" կամ "ծննդավայրով":

-Դժվարանում եմ ասել, երկուսն էլ այնքան տարբեր են, չեմ կարող ասել` որ մեկն ավելի հաջողված կլինի: Բայց վստահ եմ, որ աշխարհագրությունը նշանակություն չունի: Եթե լավ ֆիլմ է` լավ պատմություն է, լավ սցենար է, դերասանական լավ խաղ է, անկախ դրանից, թե ինչի մասին է` հայի, չինացու կամ հայի, որ Չինաստան է գնում` հաջողություն ունենում է: Այնուամենայնիվ, ֆիլմերն ունեն ազգություն, համենայն դեպս, այդպես են դրանց դասակարգում ֆիլմերի աշխարհում` ըստ ռեժիսորի, պրոդյուսերի, որոշ ձեւեր կան` որոշելու` այս ֆիլմը ֆրանսիական է կամ հայկական: Հատկապես, եթե "համապրոդուկցիա" է, գործում են տոկոսային չափորոշիչներ: Վերջին հաշվով` ֆիլմի հաջողությունն իր ազգային պատկանելությունից կախված չէ: Իր լավ կամ վատ լինելով է պայմանավորված: Այնպես որ հուսամ` երկու ֆիլմերն էլ բավականին հաջողված կլինեն:

-Տարեցտարի է՛լ ավելի հմայիչ եք, կանացի, երիտասարդ: Գաղտնիքը հրապարակման ենթակա՞ է:

-Պետք է "պոզիտիվ" լինել ամեն ինչի հանդեպ: Ես նշանավոր մարդկանց անուններն եմ տալիս երբեմն եւ մանտրայի նման կրկնում` Մայր Թերեզա, Գանդի, Դալայ-լամա, Նելսոն Մանդելա: Նրանց կյանքը շատ օրինակելի է: Նելսոն Մանդելան ինձ շատ է հրապուրում: Մարդ, ով 28 տարի բանտ է նստել, վերջը դառնում է նախագահն այն երկրի, որ նրան բանտարկել էր: Դա անկարելի մի երեւույթ է, բայց նա հավատացել է: Այնպես որ հավատը շատ կարեւոր է: Հավատքն է, որ մեզ մղում է գտնել ապրելու միջոցը: Ամեն ինչ պետք է երազով սկսել:

Սուսաննա Հովհաննիսյան


Աղբյուր`http://www.armedia.am/?action=InnerLife&what=show&id=1247166124&lang=arm


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 884 | Ավելացրեց: admin | Տեգեր: Նորա Արմանի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0