Ֆրանսիայում ապրող մեր հայրենակցուհու` դերասանուհի Արևիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ արվեստին հայ հանդիսատեսը ծանոթացավ Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմով, որտեղ նրա խաղընկերն է ամերիկաբնակ Ժան Նշանյանը: Արևիկը հանդես է գալիս ֆրանսիական տարբեր թատրոններում, հեռուստատեսությամբ, պարում է «Արաքս» խմբում, որը համերգներով շրջագայել է աշխարհի բազում երկրներում: Նա սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում` բալետի պարուհու մասնագիտությամբ, բայց 1990-ականներին հանգրվանելով Ֆրանսիայում և ավարտելով թատերական դպրոցը` հայտնվել է դերասանական արվեստի ճանապարհին:
- Հաճախ որևէ մասնագիտություն սովորելուց հետո մարդ այլ` ավելի հոգեհարազատ ուղի է ընտրում` արարելու համար: Ինչը տեղի ունեցավ նաև ձեր կյանքում:
- Կյանքը մարդուն միշտ այս ու այն կողմ է նետում` երևի թե ի սկզբանե նախատեսված մասնագիտությունը կամ կոչումը գտնելու համար: Բայց սովորաբար մինչ դրան հասնելը` ստիպված ես լինում մի շարք փորձությունների միջով անցնել, որոնք էլ քեզ ուղղորդում են դեպի նպատակակետդ: Երևի ամենաերկար ճանապարհը դեպի քեզ տանող ճանապարհն է:
- Բայցևայնպես պատմեք այդ ճանապարհի սկզբի մասին:
- Ծնվել եմ Երևանում: Մայրս անգլերենի մասնագետ է, հայրս` Նորայր Մարտիրոսյանը, լրագրող, 1960-ականներին նա հիմնել է հայկական հեռուստատեսության մարզական լրատվության խմբագրությունը: Ծնողներս ինձ բազմակողմանի կրթություն են տվել: Միջնակարգ դպրոցին զուգահեռ հաճախել եմ գեղասահքի, թենիսի և այլ խմբակներ: Իսկ մորս շնորհիվ (նաև մեր սերնդի սիրելի «Բիթլզ» խմբի երգարվեստի շնորհիվ) անգլերեն եմ սովորել: Դեռ դպրոցական տարիներից սիրել եմ գրականությունը: Միշտ մասնակցում էի դպրոցում կազմակերպվող գրական երեկոներին: Հենց այդ տարիներին էլ ի հայտ եկավ սերը դեպի բեմը: Այնուհետ հաճախեցի պարարվեստի ուսումնարան և այնտեղ էլ հասկացա, թե ինչ է իրական բեմը: Ուսումնարանն ինձ շատ բան սովորեցրեց` նվիրվել, ապրել մասնագիտությամբ: Եթե բալետով չես ապրում, չես շնչում` չես կարողանա պարել, նույնը` դերասանական արվեստում` եթե այն կենսականորեն կարևոր չէ քեզ համար` կարող է շատ հեշտությամբ քեզ դուրս նետել իր շրջապտույտից: Պարարվեստի դպրոցը նաև կարգապահություն է դաստիարակել իմ մեջ, դժվարությունները հաղթահարելու ունակություն: 1990-ականների սկզբներին տեղափոխվեցի Ֆրանսիա: Կարծում եմ` որևէ մեկիս կյանքում հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում: Ես էլ հայտնվելով Ֆրանսիայում` ստիպված եղա կյանքս սկսել զրոյից և վերջնականորեն պարզեցի, որ պետք է զբաղվեմ բեմարվեստով:
- Այդ երկիրը հայտնի է օտարերկրացիների հանդեպ «գրկաբաց» վերաբերմունքով: Հեշտությա՞մբ հարմարվեցիք նոր միջավայրին:
- Իսկապես, Ֆրանսիան բաց երկիր է, իսկ ֆրանսիացիները` չափազանց հանդուրժող: Չնայած դրան` ես այնտեղ ապրելու առաջին տարիներին ստիպված էի շատ դժվարություններ հաղթահարել: Պատկերացրեք` այնտեղ էի հայտնվել առաջին անգամ` չիմանալով ֆրանսերեն, չճանաչելով այդ երկրի բարքերը, օրենքները, մարդկային հարաբերությունները: Ճիշտ է` ծանոթ էի նրանց գրականությանը, մշակույթին, բայց դա շատ քիչ էր ֆրանսիական երկնքի տակ տեղ գտնելու համար... Եվ այդ օտարության, անօգնականության, անելանելիության զգացումը ճնշում էր ինձ: Բայց դա չստիպեց ընկնել համընդհանուր հոսքի մեջ. ընդհակառակը` ստեղծագործելու ուժը, որը նաև ապրեցնող ուժ է, ինձ ստիպեց ճանապարհներ փնտրել: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, բայց կարծում եմ` վատ պայմաններում ապրելը ստեղծագործելու, արարելու ուժն ավելի է զորեղացնում և մղում պայքարելու: Դրա արդյունքն այն էր, որ ֆրանսերեն չիմանալով` ընդունվեցի թատերական դպրոց` Մոլիերի ստեղծագործություններից մի մենախոսություն պարզապես ֆրանսերեն անգիր անելով: Բախտն ինձ ժպտաց` ընդունվեցի Դանիել Աժորեի դասարան: Աժորեն հրաշալի դերասանուհի է, խաղացել է «Կոմեդի ֆրանսեզում», եղել Ժան Գաբենի խաղընկերուհին: Ավարտելուց հետո ինձ հրավիրեցին ֆրանսիական մի թատերախումբ, որի կազմում մինչ օրս հանդես եմ գալիս:
- Ի՞նչ դերեր եք խաղացել և հետաքրքիր է, թե ֆրանսիացի հանդիսատեսն ինչպես է ընդունում ձեր արվեստը:
- Այն հանգամանքը, որ ֆրանսերենն իմ մայրենի լեզուն չէ, Ֆրանսիան` իմ հայրենիքը` ստիպում է ավելի շատ աշխատել, ավելի մեծ ձեռքբերումների հասնել: Դա նաև դրական ազդեցություն է ունենում` մասնագիտական վերելքի առումով: Սկզբում ինձ բարի և քնքուշ արքայադուստրերի դերեր էին առաջարկում, մի գեղեցիկ օր էլ Մեդեա խաղալու հնարավորություն ընձեռվեց: Իսկ Մեդեան հոգեբանական, բնավորության բազմակողմանի գծերով օժտված կերպար է: Այդ կերպարի մեջ արտացոլված են զգացմունքների ու ապրումների գրեթե բոլոր գույները` անձնվեր սիրուց մինչև խանդ և ատելություն, զավակներին զոհաբերելու մղումից մինչև սպանություն գործելը: Ֆրանսիացի հանդիսատեսն ինձ ջերմորեն ընդունեց` առանց հաշվի առնելու` ֆրանսիացի՞ է Մեդեային մարմնավորող դերասանուհին, թե այլազգի: Ընդհանրապես ֆրանսիացիներն իրենց երկրում օտարներին ինքնարտահայտվելու մեծ հնարավորություններ են տալիս: Դա երևում է հատկապես թատրոնում: Նրանք ընդունում են դրսինը, օտարը, քանի որ դրանում ֆրանսիական արվեստում դեռ չեղած երանգներ են գտնում, որը հարստացնում է այդ արվեստը:
- Թատրոնին զուգահեռ նկարահանվում եք տարբեր հեռուստանախագծերում, հենց Երևանում լինելու ժամանակը զուր չեք վատնել և նկարահանվել եք նաև «Կարգին սերիալում»: Նաև շարունակում եք պարել, հանդես գալ որպես երգչուհի: Մի՞թե թատրոնը չի բավարարում բեմական բոլոր պահանջները:
- Ինձ համար դերասանական արվեստը լայն հասկացություն է: Պետք չէ սահմանափակվել ընդամենը մեկ ոլորտով, մանավանդ որ ձեր թվարկվածները բոլորն էլ սերտորեն լրացնում են միմյանց:
- Առաջին հեռուստանախագիծը, որում նկարահանվեցիք` Պասկալ Լեժիտիմուսի «Կապիտոլն» էր, և դուք այնտեղ հանդես եկաք կատակերգական դերով: Շատերը պնդում են, որ կատակերգություն խաղալն ամենաբարդ գործն է: Դուք և՞ս այդպես եք կարծում:
- Կատակերգությունը, հատկապես տրագիկոմեդիան, ամենաբարդ ժանրերն են: Ֆրանսիայում բավականին հայտնի էքսցենտրիկ դերասան և սցենարիստ Պասկալ Լեժիտիմուսը, որի մայրն ի դեպ հայուհի է, ինձ հրավիրեց մասնակցելու «Մարդը, որն ուզում էր նկարահանվել հեռուստատեսությունում» կատակերգական ծրագրում: Այն բաղկացած է տարբեր սքեչներից, որոնց միջոցով Պասկալը ծաղրում է ֆրանսիական հեռուստատեսությունը:
- Վերջերս նկարահանվել եք հայկական երկու հեղինակային ֆիլմերում: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները:
- Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել եմ Միքայել Դովլաթյանի «Սողանքն» է: Ես Միքայելի հետ ծանոթացել եմ Փարիզում վաղուց: Այդ ծանոթությունից 10 տարի անց նա ինձ զանգահարեց և առաջարկեց նկարահանվել իր նոր ֆիլմում: Այն գրեթե ավարտված է և շուտով մեծ էկրանին կցուցադրվի: Այդ ֆիլմում ևս ես խաղում եմ Ժան Նշանյանի հետ, ով մարմնավորել է գլխավոր հերոսին: Երկրորդ կինոնախագիծը «Վանա ծովուն արշալույսն է», որտեղ խաղում եմ բավականին հետաքրքրական, կարելի ասել` առեղծվածային դեր: Շատ շնորհակալ եմ տաղանդաշատ բեմադրիչ Արտակ Իգիթյանից` այդ դերն ինձ առաջարկելու համար: Նկարահանումներն անցան ջերմ մթնոլորտում, դրանք բոլորի համար անմոռաց օրեր էին:
- 16 տարի Ֆրանսիայում ապրելով` կարողացա՞ք հաղթահարել օտար լինելու զգացողությունը:
- Այդ հոգեվիճակով աշխարհի ոչ մի երկրում չի կարելի ապրել: Բայց կան կարևոր հարցեր, որոնց հայրենիքում չես անդրադառնում: Սակայն բավական է մեկնես օտար երկիր` այդ հարցերն անմիջապես ծառանում են: Մեր երկրում անհրաժեշտություն չկա բացատրել, բարձրաձայնել ցեղասպանության մասին, կարիք չկա ապացուցելու մեր ինքնությունը: Բայց երբ դու մի երկրում ես, ուր ժամանակ առ ժամանակ պետք է բացատրել, թե որտեղից ես, ով է հայը` կրկին և ավելի խորությամբ սկսում ես վերապրել քո ժողովրդի պատմությունը: Եվ դա պայքարելու, արմատներդ չկորցնելու, ապրելու ուժ է տալիս:
Աղբյուր` http://www.sobesednik.am/index.php?option=com_content&view=article&id=44552:2011-05-16-18-00-30&catid=2888:2010-09-03-09-51-22&Itemid=15210
|