Թերթի նախորդ համարներում ընթերցողին ներկայացրել էինք «Կորել եւ գտնվել է Հայաստանում» կատակերգության սյուժեն, ֆիլմի ռեժիսորին՝ Գոռ Կիրակոսյանին (ում ճանաչում են՝ որպես «Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում» ֆիլմի ռեժիսոր), եւ ֆիլմի պրոդյուսերներ Վալերի Մաքքեֆրիին եւ Մարալ Ջերեջիանին:
Օրեր առաջ հանդիպելով ֆիլմի պրոդյուսեր Վալերիի հետ, ով նաեւ զբաղվում է դերասանների ընտրությամբ, պարզվեց, որ Հայաստանում են գտնվում նաեւ ֆիլմում ընդգրկված ամերիկյան դերասանները: Ավելին, Հայաստանի մի քանի գյուղերում արդեն 5 շաբաթ նկարահանումներ են ընթանում: «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ֆիլմը «բազմալեզու» է. նկարահանման հրապարակում խոսում են 4 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն եւ, ինչպես կատակում են նկարահանող խմբի անդամները՝ նաեւ «գլենդելերեն»: Բայց քանի որ նկարահանող խմբի անդամներից յուրաքանչյուրը գիտի իր անելիքը, նկարահանման հրապարակում իշխում է միայն կինոյի լեզուն: «Պատահում է, իհարկե, որ սկսում ենք ինչ-որ բան իրար ոտքով-ձեռքով բացատրել: Կարեւորը, որ նույնիսկ այդպես հասկանում ենք իրար»,- նշում է ռեժիսորը: Մեր հանդիպմանը ներկա էին ֆիլմի գլխավոր հերոսները` Ջեյմի Քենեդին, Անժելա Սարաֆյանը, Հրանտ Թոխատյանը, ինչպես նաեւ` ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն ու ֆիլմի պրոդյուսերներ Վալերի Մաքքեֆրին եւ Մարալ Ջերեջիանը: Հարցին, թե ինչո՞ւ են ընտրվել հենց այդ դերասանները, Գոռը պատասխանեց. «Երբ սցենար եմ գրում, միշտ փորձում եմ տեսնել այն «խարակտերը», որն ինձ հետաքրքիր է: Եվ ըստ այդմ՝ քասթինգ (դերասանի ընտրություն) եմ անցկացնում»:
Ջեյմի Քենեդուն հանդիսատեսը ճանաչում է ամերիկյան «Դիմակ», «Սարսափ-1», «Սարսափ-2» եւ այլ ֆիլմերից: Իսկ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով ԱՄՆ-ում է ապրում 4 տարեկանից, նկարահանվել է ամերիկյան «Մթնշաղի Սագա»` բազմասերիանոց, ինչպես նաեւ` «Գեղեցիկ կյանք», «Քեբլուի» ֆիլմերում:
Գոռ Կիրակոսյանը պատմում է, որ հայաստանյան նկարահանումները տեղի են ունեցել գյուղերում, որոնց անունները որոշեց առայժմ գաղտնի պահել, քանի դեռ նկարահանումները շարունակվում են: «Զարմանալի էր, բայց երբ նկարահանող խմբի հետ շրջում էինք այդ գյուղերում, պարզվեց, որ ամբողջ կյանքը Հայաստանում ապրած մեր ֆիլմի մասնակիցները երբեւէ չէին եղել այդ գյուղերում: Շատ հաճելի էր ինձ համար այն փաստը, որ ոչ միայն խմբում աշխատող ամերիկացի, իտալացի եւ վրացի մասնակիցները տեսան այդ գյուղերը, այլեւ Հայաստանի բնակիչներն, ի վերջո, տեսան իրենց գյուղերը»,- նշեց Գոռը: Գյուղերի մասին խոսելիս ակամայից հարց առաջացավ՝ արդյոք ամերիկացի մեր հյուրերը «շոկի» մեջ չհայտնվեցի՞ն՝ տեսնելով հայկական գյուղերում տիրող աղքատությունը: «Ես եղել եմ նաեւ ամերիկյան գյուղերում, սակայն երբեք չեմ տեսել այնտեղ այն ջերմությունն ու հոգատարությունը, որը հանդիպեցի այստեղ: Երբեք չէի տեսել կովեր, հավեր: Չէի պատկերացնում, որ այս շոգին մարդիկ կարող են ժամերով դանդաղաշարժ կովերին արոտավայրերից դեպի իրենց գոմերն ուղեկցել: Շատ գեղեցիկ տեսարան է՝ ասես պատրաստի կինո լինի: Ես Ամերիկայի տարբեր նահանգներում շատ եմ շրջել, բայց այստեղի բնույթյան պես բնություն դեռ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Այնքան սեր, որքան այստեղ ենք հանդիպել մինչ այդ մեզ բոլորովին անձանոթ մարդկանցից, դեռ որեւէ տեղ չենք տեսել»,- պատասխանեց դերասանուհի Անժելա Սարաֆյանը:
Մեր դիտարկմանը, որ այդ թվացյալ ռոմանտիկան իրականում դաժան, ամենօրյա աշխատանք է, Գոռ Կիրակոսյանը պատասխանեց. «Ես Հայաստանում եմ ծնվել, որոշ ժամանակ ապրել եմ այստեղ, սակայն իմ կյանքի մեծ մասն անցել է ԱՄՆ-ում: Եվ բնական է, որ նույն հարցի շուրջ վերաբերմունքն իմ եւ Հայաստանի բնակչի միջեւ շատ անգամ տարբեր է լինում: Երբ ես ֆիլմի համար նկարահանման վայրեր էի փնտրում, ձգտում էի Հայաստանի գյուղը ներկայացնել որպես բարի եւ հեքիաթային մի վայր, որտեղ իշխում են միայն մարդկային հասկացողություններն ու փոխհարաբերությունները: Այն ամենը, ինչ մեծ մեգապոլիսներում, ցավոք, այլեւս երբեք չենք հանդիպի: Մեր ֆիլմի գյուղը հեքիաթային է: Նկարահանման ընթացքում գյուղում այնպիսի հրաշալի մարդկանց հետ ենք շփվել, այնպիսի վերաբերմունքի ենք արժանացել, որ մինչ օրս հիացած ենք»:
Դերասան Ջեյմի Քենեդին իր հերթին նշեց. «Ես ավելի շատ ոգեւորված եմ, քան շոկի մեջ: Այնքան վաղուց չեմ տեսել, որ մարդիկ կառուցեն իրենց տները, պատրաստեն իրենց սնունդը: Մի անգամ ինձ համար տոլմա պատրաստեցին տատիկը, նրա դուստրն ու դստեր աղջիկը՝ երեք սերնդի ձեռքով պատրաստած տոլմա կերա. հրաշալի էր: Ես շատ զգացված էի: ԱՄՆ-ում նման բան չես տեսնի: Ամերիկացիներն անվերջ շարժման մեջ են, դա արդեն վաղուց ապրելակերպ է դարձել: Իսկ այստեղ մարդիկ սիրում են ժամերով նստել սրճարանում, խոսել դեսից-դենից: Հետո տեղափոխվում են մեկ այլ սրճարան եւ կրկնում նույն ծրագիրը: Մարդիկ այստեղ սիրում են վայելել ժամանակը: Ես բազմազավակ ընտանիքից եմ՝ 7 երեխա ենք, ի դեպ` 7-րդն եմ: ԱՄՆ-ում վաղուց արդեն ընտանիքի անդամները չեն ճաշում մի սեղանի շուրջ, իսկ ձեզ մոտ այդ կարեւոր ավանդույթը դեռ շարունակվում է»:
Քանի որ ֆիլմում ընդգրկված են եւ հայ, եւ ամերիկացի դերասաններ, հետաքրքիր էր իմանալ, թե ինչպիսի՞ն է ամերիկյան եւ հայկական կինոարտադրության, նաեւ պրոդյուսեր եւ դերասան համագործակցության տարբերությունը: Այս հարցի շուրջ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի կարծիքը հետեւյալն էր. «Քանի որ մեր ֆիլմի նկարահանող խմբի անդամները հիմնականում դրսից են, նրանցից ամեն մեկը կատարում է զուտ իր աշխատանքը: Այդպիսին է ամերիկյան համակարգը՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է կատարել իր անելիքը: Ռեժիսորը ստիպված չէ լրացնել, ասենք, օրինակ, ադմինիստրատորի թերի աշխատանքը՝ դրանով իսկ սպասեցնելով ողջ նկարահանող խմբին»: Դերասան Հրանտ Թոխատյանը պատասխանի իր տարբերակն ուներ. «Տարբերությունը նրանում է, որ խումբը բավականին հավաքված է: Դերասանը գալով նկարահանման հրապարակ, արդեն գիտի, թե ինչ պետք է անի՝ ո՞ր հատվածն են նկարում, ինչպե՞ս են նկարում: Ամեն ինչ պատրաստ սպասում է դերասանին, որ նա կարողանա մեկ-երկու անգամ փորձ անել, եւ սկսվի բուն նկարահանումը: Այստեղ չկա «հայկական» տարբերակը, երբ գալիս ես նկարահանման հրապարակ, եւ պարզվում է՝ լույսերն անգամ չեն տեղադրել: Ստիպված սպասում ես` մինչեւ ամեն ոք կբարեհաճի իր աշխատանքը պատշաճ, մինչեւ վերջ կատարել: Իսկ արդյունքում` կադրում հայտնվում ես հոգնած եւ նյարդայնացած հայացքով: «Հայֆիլմի» ժամանակ մենք նման խնդիրների հետ չենք առնչվել, քանի որ հրապարակում միայն պրոֆեսիոնալներ էին աշխատում: Էլ չեմ խոսում հեռուստատեսության ոլորտում տիրող խայտառակության մասին, երբ իր գործի գիտակ յուրաքանչյուր ոք ստիպված ամեն անգամ հեծանիվ է հորինում, քանի որ բացակայում են պրոֆեսիոնալներն ու համակարգը»,- նշեց Հ. Թոխատյանը: «Կորել եւ գտնվել է Հայաստանում» ֆիլմը նախատեսված է առաջին հերթին ամերիկյան շուկայի համար: Ո՞րն է իմաստը` Հայաստանում նախապես ֆիլմի մասին տեղեկություններ տարածելու, PR կազմակերպելու կամ ասուլիս հրավիրելու: Ֆիլմի պրոդյուսեր Վալերին պատասխանեց, որ իրականում նա կարող էր այս թեման՝ սցենարի թեթեւակի փոփոխությամբ, նկարահանել մեկ այլ երկրում: Սակայն նա ցանկություն է հայտնել անպայման ֆիլմ նկարահանել Հայաստանում եւ հայերիս մասին եւ հայերի համար: «Ճիշտ է, ֆիլմը սկզբնական շրջանում կցուցադրվի ամերիկյան վարձույթում, սակայն մենք, միեւնույն է, չէինք կարող անտեսել հայկական մամուլը, կամ պարզապես հայերին տեղեկացնելը, որ շատ հետաքրքիր կոմեդիա է նկարահանվում՝ Հայաստանում եւ ԱՄՆ-ում՝ հայ եւ այլազգի դերակատարների մասնակցությամբ: Եվ չնայած ազգերի, լեզուների բազմազանությանը, այս ֆիլմը համամարդկային թեմա է բարձրացնում: Այն է, որ անգամ նա, ում չճանաչելով համարում ես քո թշնամին, ճանաչելու պարագայում կարող է դառնալ քո հերոսն ու հարազատը»,- ասաց Վալերի Մաքքեֆրին: Ֆիլմի սյուժեն համառոտ հետեւյալն է՝ Թուրքիայում հանգստացող ամերիկացի երիտասարդը, բառացիորեն, երկնքից, ընկնում է հայկական գյուղերից մեկի գոմի մեջ: Կորցնում է գիտակցությունը, իսկ երբ արթնանում է, կարծելով, թե դեռեւս Թուրքիայում է, հավաքված բնակիչների հետ սկսում է խոսել թուրքերեն: Հայ գյուղացիները կարծելով, թե «հարեւան» երկրից լրտես է հայտնվել իրենց գյուղում` որոշում են լուծել վերջինիս հարցերը:
Ռեժիսոր Գ. Կիրակոսյանի կարծիքով` ֆիլմը կավարտեն ամենաուշը գալիք տարվա սկզբին: Իսկ ֆիլմի պրոդյուսերները մտադիր են այն նաեւ Կաննի փառատոնին ներկայացնել:
Աղբյուր`http://168.am/am/articles/28617
|