Գլխավոր » 2011»Հուլիս»22 »
ԱՄՆ-ը Թուրքիային դրդում է արագացնել հայկական քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը. հուշարձանագետ
17:22
ԱՄՆ-ը Թուրքիային դրդում է արագացնել հայկական քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը. հուշարձանագետ
Քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին վերադարձնելու՝ Թուրքիային ուղղված ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների պալատի կոչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տեղի հայկական հուշարձանների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
«Այս կոչը կարող է ավելացնել թուրքերի անհանդուրժողական վերաբերմունքը, որը նրանք միշտ ունեցել են քրիստոնեական հուշակոթողների նկատմամբ, ինչը կարող է նպաստել տեղի արդեն սակավաթիվ հուշարձանների ոչնչացման արագացմանը»,-նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ միջազգային ուժերը մշտապես՝ սկսած 19-րդ դարից խառնվում էին Թուրքիայի ներքին քաղաքականությանը՝ օգտագործելով այդտեղ ապրող քրիստոնյա ժողովուրդների հանգամանքը, թե պետք է բարենորոգումներ անեք, չճնշեք ու չկեղեքեք նրանց եւ այլն: Եւ թուրքերը, որպեսզի ազատվեին միջազգային դիվանագիտության մշտական միջամտությունից, գնացին կարճ ճանապարհով՝ պարզապես ոչնչացրին քրիստոնյա ժողովուրդներին՝ հայերին, հույներին, ասորիներին:
«Կրկին տեսնում ենք միջամտություն Թուրքիայի ներքին գործերին. այժմ էլ որպես առիթ օգտագործվում է ոչնչացված քրիստոնյա ժողովուրդների հիշատակները: Թուրքերն իրենց դարավոր փորձառությունը գործի դնելով կվարվեն նույն կերպ, եւ ինչպես ժամանակին ոչնչացրին կենդանի «խանգարողներին», այժմ էլ կանցնեն անկենդան «խանգարողներին»՝ հուշակոթողները ոչնչացնելուն»,-հայտարարեց հուշարձանագետը:
Նշենք, որ Թուրքիայում առկա հայկական հուշարձանների, մասնավորապես եկեղեցիների թվի վերաբերյալ կոնկրետ տվյալ չէ: Սամվել Կարապետյանը նշեց, որ տեղի հայկական գյուղերից յուրաքանչյուրն առնվազն մեկ-երկու եկեղեցի ուներ, ինչպես նաեւ պաշտամունքային այլ կոթողներ՝ վանք ու մատուռ: Ըստ Պոլսո պատրիարքարանի ներկայացրած ցանկի, որը կազմվել է 20-րդ դարասկզբին եւ ներկայացվել երիտթուրքական կառավարությանը, Թուրքիայում կա շուրջ 2400 պաշտամունքային կոթող:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ Պոլսո հայոց պատրիարքարանը որեւէ կերպ չի արձագանքելու Թուրքիային ուղղված ԱՄՆ կոչին, Կարապետյանն պատասխանեց. «Ի՞նչ արձագանք էիք սպասում, չէ՞ որ իրենք գերստրկական վիճակում են, անգամ հայերեն անուն ազգանուն չունեն 1934 թվականից: Խեղճ ու կրակ այդ մարդկանցից այլ բան մի սպասեք, իրենց մեղադրել պետք չէ»:
Նշենք, որ ներկայումս Պոլսում կա ընդհանուր թվով 44 եկեղեցի: Մասնավորապես 1 գործող հայկական եկեղեցի կա Կեսարիայում, 3-ը` Իսքենդերունում, 2-ը` Տիգրանակերտում, 1-ը՝ Մարդինում՝ Դեւրիքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 43 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Դեյվիդ Չիչիլինեի առաջարկած լրացումը։ Այն Թուրքիային կոչ է անում իրենց օրինական տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները եւ դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումները։