Այսօր ամփոփվում է հոգևոր երաժշտության երկամյա համերգաշարը, որը նախաձեռնել է Հոգևոր երաժշտության կենտրոնը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց 1998թ. Ստեփան Լուսիկյանի հիմնադրած «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը՝ նշելով. «Սա միայն համերգ չէ, այլ աղոթք է ամբողջ հայ ժողովրդի անունից»։ Համերգաշարում ներկայացվել է Կոմիտասից մինչև Երվանդ Երկանյան՝ ամբողջ հոգևոր կուլտուրան՝ «Մաշտոցը մոնոդիկ, ինչպես հնչել է միջնադարում, և մշակմամբ, հնի և նորի համադրմամբ և համաշխարհային երաժշտության հենասյուների հետ կողք-կողքի», ինչպես նաև դասական երաժշտության համաշխարհային մասշտաբի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
«Մեր խնդիրն այն է, որ մեր հոգևոր մշակույթը՝ իր ընդգրկումներով համաշխարհային չափանիշներով բարձրարվեստ երաժշտությունը, չընկալվի որպես առանձնացված, մի տեսակ գավառականացված»,- նշեց «Հոգևոր երաժշտության կենտրոն»-ի տնօրեն Մհեր Նավոյանը։
«Երբեք մշակութային այսքան մեծ պայթյուն չի եղել,- ասաց Դանիել Երաժիշտը,- փառատոնը փառատոնի հետևից, համերգներ, միջոցառումներ, սակայն նյութաշխարհի պատճառով մեծ շեղում կա՝ խախտված է կապը բարձր արվեստի ու ցածր կյանքի միջև։ Եթե ուզում են բարձր արվեստը կյանքն ազնվացնի, պիտի այդ կապը ստեղծեն»։
Ըստ բանախոսների՝ «Շարական» համույթի և Հոգևոր երաժշտության կենտրոնի այս նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել հենց այդ կապը։ «Այսօր առավել քան երբևէ մեր ժողովրդին պետք է հոգևոր երաժշտություն»,- ասաց Դանիել Երաժիշտը։
Հոգևոր համերգաշարի շրջանակում «Շարական» անսամբլը հայ հոգևոր երաժշտությամբ հանդես է եկել Գյումրիում և Երևանում, Վիեննայում, Հոլանդիայում, Սլովենիայի Լյուբլիանա մայրաքաղաքում, այլուր՝ ներկայացնելով հայ հոգևոր երաժշտությունը։
«Ասում են, ուր Կոմիտասը գնում է, հաղթում ու վերադառնում է, հաղթում է մեր բոլորի փոխարեն, մեր բոլորի համար,- ասաց Նավոյանը,- բայց առավել ճիշտ է, որ ուր որ Կոմիտասը գնում է, հաղթում ու մնում է, մնում է իր բոլոր ունկնդիրների սրտերում»։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/15/navoyan/
|