Անի Մանուկյանը հաճախ է այցելում երիտասարդական ցուցահանդեսներ: 22-ամյա նկարչուհու համար հենց դրանք են խթան հանդիսացել, որ հատուկ ցուցադրության համար նախատեսված հավաքածու ստեղծի:): Հուլիսի 21-ին "Բյուրոկրատ’’ գրախանութում տեղի ունեցավ աղջկա անհատական առաջին ցուցահանդեսը: Ի դեպ, Անին աշխատանքային 4 ամսվան գումարում է նաեւ անքուն անցկացրած գիշերները եւ համարում, որ հավաքածուն ստեղծել է 8 ամսում:):
Այդ օրը գրախանութը ժամացույցների աշխարհի էր վերածվել, որոնք մի պահ կանգնեցրել էին ժամանակն ու այցելուներին տեղափոխել նկարչուհու ներաշխարհ: Ցուցահանդեսին ներկայացված 19-ը աշխատանքը օվալաձեւ ապակու վրա տպագրված նկարներ են, որոնք էլ իրենց հերթին ժամացույցներ են: Աշխատանքային պրոցեսի սկզբում Անին մտադրված է եղել պարզապես նկարներ ներկայացնել, այնուհետեւ որոշվել է տպել նկարները ապակու վրա: Հետո էլ, շատ հանկարծակի, նկարազարդ ապակիները ժամացույցների են վերածվել: Սակայն հեղինակը խոստովանում է, որ աշխատանքները որպես նկարներ է ընկալում:):
Անի Մանուկյանը, ում ընկերներն Անինա են անվանում, մասնագիտությամբ մոդելավորող է: Ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան: Նկարել սկսել է մանկուց, աշխատել է նաեւ հագուստի ձեւավորման վրա, ինչպես նաեւ ստեղծել բատիկ աշխատանքներ: Անին սիրում է աբստրակցիոնիզմը: Մտքերը շատ են, եւ Անին հիշում է յուրաքանչյուր նկարի ստեղծման պատմությունը: Մեկ ժամացույցը հեղինակը ստեղծում է ամենաքիչը մեկ ամսում: Խորհուրդներ եւ կարծիքներ հարցնում է բոլորից, բայց վերջում իրենն է անում:
Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 3-ը: Ի դեպ, ցուցադրված աշխատանքները նաեւ վաճառվում են: