Հայաստանում է արգենտինացի նշանավոր սցենարիստ Մարիա Մեյրան' իր «Անտեսանելի աչք»-ը ֆիլմով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Վահագն Ստամբոլցյանը, այժմ քիչ է ուշադրություն դարձվում արգենտինական կինոյին: «Սակայն հուսով ենք, որ ապագայում արգենտինական ֆիլմերի հատուկ ծրագիր կլինի»,- ասաց նա:
Մարիա Մեյրայի խոսքով' «Անտեսանելի աչք»-ը տոտալիտար համակարգի մասին է: «Այս թեմայով շատ ֆիլմեր են նկարահանված:Մեր առջեւ խնդիր էր դրված' խոսել նույն խնդրի մասին' արդեն նոր հայացքով»,- ասաց նա' նշելով, որ ֆիլմը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր իրենց այդ հասարակարգի պատճառով ճնշված են զգում:
Ֆիլմը նկարահանված է «Բարոյական գիտություններ» վեպի հիման վրա, սակայն գրքի եւ ֆիլմի միջեւ կան մի շարք տարբերություններ: «Առաջինն այն է, որ ֆիլմից դուրս են մնացել գլխավոր հերոսի' Մարիա Տերեսայի ներքին մենախոսությունները, որոնք արտահայատվել են հերոսուհու շարժուձեւերի, ներքին մենախոսության, հայացքի միջոցով: Ֆիլմն է ցանկացել մտնել նրա զգացողությունների մեջ»,- ասաց նա: Սցենարիստի խոսքով' ֆիլմն արդեն ներկայացվել է Կաննի եւ Հավանայի կինոփառատոներում:
Անդրադառնալով խորագրի ընտրությանը' նա նշեց, որ ի նկատի է ունեցել այն հայացքը, որը ցանկացած տոտալիտար համակարգում գոյություն ունի: «Դա կարող է լինել ուսուցչի հայացքն աշակերտին, տնօրենինը' ուսուցչին, պատերինը' բոլորին եւ այլն»,- ասաց նա' հավելելով, որ ֆիլմը դիտելիս հանդիսատեսն էլ այս հայացքի տակ է ընկնում:
Նրա տեղեկացմաբ' Արգենտինայում տարեկան ութսունից-հարյուր ֆիլմ է նկարահանվում:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658335/
|