Կյանքից հեռացավ ՀՍՍՀ վաստակավոր /1970 թ./, ՀՀ ժողովրդական արտիստ /2006 թ./, Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր /2009 թ./, անվանի երգեհոնահար, Հայաստանում երգեհոնային կատարողական արվեստի նախամարտիկ ու ջատագով, 80-ամյակը վերջերս բոլորած Վահագն Պարույրի Ստամբոլցյանը:
Հունիսի 18-ին Վահագն Ստամբոլցյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նշենք, որ Վահագն Ստամբոլցյանը իր 80-ամյա հոբելյանի առթիվ համերգային շրջագայություններով էր հանդես գալիս: Հունիսի 17-ին Կապանի արվեստի պետական քոլեջը հյուրընկալել էր սիրված երգեհոնահարին:
Երգեհոնահարը նշել էր, որ ինքը չի սիրում նշել իր ծննդյան օրերը, բայց չի կարողացել մերժել մշակույթի նախարարության եւ կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությունը:
Ստամբոլցյանի հոբելյանին նվիրված առաջին համերգները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, քանի որ նա ուսումը ստացել է հենց այդ քաղաքում եւ 10 տարի էլ աշխատել այնտեղ: Կապանում իր ելույթից հետո Վահագն Ստամբոլցյանի առողջական վիճակը վատացել է եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ` Էրեբունի բժշկական կենտրոն:
Հայաստանում երգեհոնների տեղադրման և երգեհոնային երաժշտության առաջին կատարողն ու տարածողն էր Վահագն Ստամբոլցյանը։ Նա եղել է հանրապետական, համամիութենական, միջազգային ստուգատեսների, փառատոների, մրցույթների հեղինակավոր հանձնաժողովների անդամ ու նախագահ և իր անաչառ գնահատումներով նպաստել երաժշտական կյանքի վերելքին:
Անվանի երաժշտի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Վահագն Ստամբոլցյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 7-ին` ժամը 18:00-ից, Ս. Գևորգ եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 8-ին` ժամը 12:00-14:00-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորության արարողությունը կկայանա Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը: