Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի: Այն աշխարհի տարբեր երկրներում հայ ուսանող համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգություն հաղորդակցելու միջոցառում է:
Ֆորումին իրենց մասնակցությունն են ունեցել Սփյուռքը ( Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Արցախ, Հայստան և այլ երկրներ) ներկայացնող շուրջ 35 հայ ուսանողներ: Ծրագրի 14 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ են ունեցել հանդիպելու հայ մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, ինչպես նաև այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր:
«Նարեկացի» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ֆորումի ավանդական հանդեսը: Համազգային հայ կրթական և մշակութային միության երեւանյան գրասենյակի ղեկավար Զեփյուռ Հովհաննիսյանն ասաց, որ այս տարիների ընթացքում այսքան համերաշխ խումբ չէր տեսել. «Բայց ամենակարևորն այն է, որ երիտասարդները հայերեն կարողանում էին խոսել. դեռ չէր եղել այսպիսի խումբ, որ բոլորը հայերեն խոսեին»: Ֆորումի մասնակիցներից Հուրի Ջինբաշանը նշեց, որ տպավորությունները միայն դրական են: «14 օրերի ընթացքում արդեն հասցրել ենք ճանաչել երեխաներին, և բոլորն էլ շատ հետաքրքիր անձնավորություններ են: Ցավում եմ միայն, որ ժամանակը քիչ է և արդեն պետք է գնանք»,- ասաց նա:
Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/10313.htm
|