Ուրբաթ, 22.11.2024, 00:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Ապոկալիպսիցիզմ` նոր ուղղություն
14:29
Ապոկալիպսիցիզմ` նոր ուղղություն
«Ոսկե ծիրան»
«Ոսկե ծիրանի» շրջանակում ռեժիսոր Թերենս Մալիքի «Կենաց ծառը» ֆիլմի դիտումը, որ, պարզվում է՝ Կաննի փառատոնում ցուցադրելիս արժանացել է սուլոցների, բայց անհասկանալի  կերպով արժանացել մրցանակի, փաստորեն, լուրջ փորձություն էր: Կինոդահլիճը լեփ-լեցուն էր, որոնց մեջ, իհարկե, կային մարդիկ, ովքեր սպասել էին ու հատուկ եկել Մալիքի հերթական ինքնատիպ ֆիլմը դիտելու հույսով:

Ֆիլմը սկսվեց  խավարի մեջ ձեւավորվող գազային բաղադրությամբ լույսով, որին համընթաց ու նաեւ ողջ ֆիլմի ընթացքում Աստծուն ուղղված ձանձրալի ճակատային աֆորիզմներ էին հնչում: Որոշ ժամանակ անց ֆիլմն իրոք սկսվեց: Պատկերվում է ամերիկյան միջին խավի ընտանիք:

Հայրն օրուգիշեր ձիու պես բանում է ընտանիքին պահելու, կերակրելու, լավ կյանք ապահովելու համար: Մայրը տիպիկ ամերիկյան  միջին խավին պատկանող «լավ» կին է` անկողնում ու ընտանեկան կեցության հարցերում հավատարիմ ամուսնուն: Եվ ահա մի օր սարսափելի ողբերգություն է տեղի ունենում. նրանց դեռահաս տղան կամ մահանում է, կամ ինքնասպան լինում: Եվ հենց այդ պահից սկսած՝ Մալիքը մեզ ուղեկցում է դեպի աշխարհի արարման պրոցեսը: Գռեհկության հասնող գեղեցիկ կադրերով մեզ ցույց են տալիս, թե ինչպես է տիեզերքում հավաքվել այդչափ թանձր գազը, ինչպես է տրոհվել ամեն ինչ, ինչպես տեղի ունեցավ մեծ պայթյունը (ի դեպ, դահլիճում մենք դա լիովին զգացինք ու նստած տեղից վեր թռանք, որովհետեւ մեր ականջների թմբկաթաղանթները քիչ մնաց պատռվեին պայթյունի սարսափազդու ձայնից, որովհետեւ ֆիլմի ձայնը, գուցե ինչ-ինչ էֆեկտներ հաղորդելու համար, ավելի էին բարձրացրել, քան պետք էր նորմալ ականջին):

Մեծ պայթյունից հետո ջրերն ու հրաբուխները հանդիպում էին, բախվում իրար` թշշում էին ու վշշում, հետո ամեն ինչ հանդարտվեց. փաստորեն ջուրը կյանք է՝ ասաց Մալիքն ու կյանքը թեւածեց աշխարհքիս երեսին: Ու եղեվ դինոզավրերի ժամանակը: Չգիտեմ՝ իխտիոզավր էր թե մեզոզավր, բայց էս ֆիլմի ամենահմայիչ կերպարը հենց դինոզավրն էր, որ հանկարծ դուրս ելավ անտառից ու, տեսնելով գետի մոտ պառկած մեկ այլ դինոզավրի, վազելով մոտեցավ նրան ու ագրեսիվ ձեւով թաթը դրեց գլխին:

Տեսնելով նրա կատաղած հայացքը, շունչներս պահած սպասում էինք, որ հեսա ուր որ է՝ գետի մոտ պառկած դինոզավրիկից ոչ մի պատառ չի մնա, բայց արի ու տես, որ ըստ Թերենս Մալիքի նոր փիլիսոփայության՝ հենց դինոզավրերից է սկսվել խիղճ, սեր ու գթասրտություն ասվածը: Այս դրվագում մելանխոլիկ հայացքով դինոզավրը, նրան խժռելու փոխարեն, կյանք է պարգեւում ու, մռութից թաթը հանելով, հեռանում է:

Հենց այդ պահին մտքովս անցավ՝ գուցե ֆիլմը հումորային է, բայց տեղի ունեցած մյուս իրադարձություններն աղաղակեցին հակառակը: Շուտով այս ընտանիքում ծնված տղա երեխաները սկսում են մեծանալ, ու պարզվում է՝ ինչքան մեծանում են, այդքան ավելանում են հարցերն ու բարդանում նրանց հոգեվիճակները:

Ընտանիքի հայրը՝ ջղային Բրեդ Փիթը, փորձում է խիստ դաստիարակություն տալ` սովորեցնելով երեխաներին կյանքում ուժեղ լինել, որովհետեւ այս կյանքում միայն  ուժեղն է գոյատեւում. ցավոք դա էլ չի ստացվում: Հոր եւ որդիների միջեւ սկսվում են վիճաբանություններն ու լարված հարաբերությունները:

Մայրը տառապում է, իսկ «Կինոմոսկվայի» դահլիճում նստելն ու դիտել շարունակելն այլեւս անհնարին են դառնում, բայց պետք է գոնե սպասել ինչ-որ մի իրական ու համոզիչ ասելիքի: Հետո պարզվում է, որ դերասան Շոն Փենը երեխաներից մեկն է ու հիմա մեծ տղա է դարձել` բիզնեսմեն տղա, ու տառապում է մահացած եղբոր մասին հիշողություններով, որոշ ժամանակ անց գնալով նրա խորհրդավոր կանչի, նրա ձայնի հետեւից, բջջային հեռախոսը ձեռքին երկնաքերի վերելակով անընդհատ վերուվար է անում, եղբոր փնտրտուքներով հանկարծ հայտնվում է ամերիկյան անապատային այս կամ այն վայրերում: Ցնցող, բարոյախրատական աֆորիզմները շարունակվում են. «Եղեք բարի, սիրեք միմյանց, օգնեք միմյանց, նկատեք ձեզ շրջապատող գեղեցկությունը»: Կողքս, ետեւս լացի փռթկոցներ են լսվում:

Կուլմինացիան է: Բայց չէ, մառազմը դեռ շարունակվում է: Օվկիանոսի ափին հանկարծ հարություն են առնում բոլոր հին ու նոր մեռելները, փաթաթվում են, արտասվում, համբուրվում. Աստված եկավ, տեր Աստված, եկավ ու լույս բերեց, թողություն տվեց հերոսներին, այսինքն մարդկության մեղքերին: Բոլորը երջանիկ են, բոլորը արտասվաթոր աչքերով ժպտում են: Վերջ: Չէ: Դեռ էլի կա:

Հանկարծ խավարում առկայծում է ֆիլմի սկզբում հայտնված գազային բաղադրությամբ լույսը, որ մառախուղի նման կամացուկ գալարվում է: Հաստատ սա ֆիլմի ավարտն է: Ոչ: Փաստորեն, ֆիլմի ավարտը հաջորդ կադրն է` Շոն Փենը միայն իրեն հասկանալի էքզիստենցիալ հայացքով նայում է հսկա երկնաքերներին, ու ֆիլմն ավարտված է: Ֆուուուոուուուու: Վեեեեերջ:

Մի կերպ դահլիճից դուրս եմ գցում ինձ: Մի կին սրբում է արցունքները: Հիացական քննարկումների արձագանքներ են լսվում: Չգիտես ինչու՝ գլխումս անընդհատ  էն «սիմպո դրակոնչիկն» է, որ էդպես էլ գնաց ու կորավ մութ անտառում, երեւի ինքն էլ հոգնեց ֆիլմից ու էլ հետ չեկավ: Ահա էսպիսի «ծիրանային մղձավանջ, ամառային ոսկե էքշըն:

Իսկ իրականում «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, ուղղակի ցուցադրվեց պաթոսախեղդ, լուրջ կուլ տված ամերիկյան տխմար ապոկալիպսիցիզմի հերթական անորակ դրսեւորում` ցավալիորեն նկարահանված հերթական տաղանդավոր ռեժիսորի կողմից, ցավալիորեն արժանացած մի մրցանակի, որին ժամանակին արժանանում էին հանճարեղ ֆիլմեր:

Ապոկալիպսիցիզմն ամերիկյան կինոյում նոր ուղղություն է, իրոք նրանք կարողացան, նրանց հաջողվեց, տառապալից փնտրտուքներն ի վերջո տվեցին արդյունքը, նրանք բացահայտեցին, գտան ճանապարհը ու այդ ճանապարհն ի ցույց են դնում, այդ ճանապարհի տեղը մատնացույց են անում անհույս փնտրողներին, ստանում են Կաննի մրցանակ, նրանց ֆիլմերի ընթացքում սուլում են դահլիճում, բայց նրանք «տանձի տեղ չեն դնում» սուլոցներին, չէ՞ որ իսկական արվեստագետն իր գործն է անում` հաշվի չառնելով ոչ մի արտաքին վերաբերմունք:

Այս նոր ուղղության բացառիկ առավելությունը ուղղության հավերժականությունն է: Այն երբեք չի հնանում: Օգտագործվում է ամենաէքստրեմալ պայմաներում, երբ ԱՍԵԼԻՔ չկա, բայց դրա փոխարեն կա շատ փող ու շատ լավ որակի տեսախցիկ…


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/19/apokalipsis/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 777 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0