Հունիսի 29 հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրն է:
Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտհարդի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ հայազգի մեծ ծովանկարիչն իր կյանքի ամբողջ ընթացքում ստեղծել է ավելի քան 6000 կտավ` նոր քայլ կատարելով գունաշխարհի կախարդանքները գաղտնազերծելու ճանապարհին:
Արխիվային փաստաթղթերը փաստում են, որ Այվազովսկուն մշտապես հուզել է Օսմանյան կայսրության լծի տակ տառապող իր հայրենակիցների ճակատագիրը։ Նա ապաստան է տվել ու նյութապես օգնել կոտորածներից փրկված եւ Ղրիմ տեղափոխված հայ գաղթականներին։ Այվազովսկին եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը:
Ներկայումս մեծ ծովանկարչի կտավները ցուցադրվում են աշխարհի նշանավոր թանգարաններում ու պատկերասրահներում։ Նրա գործերի խոշոր հավաքածուներից է Թեոդոսիայի Այվազովսկու պատկերասրահի ֆոնդը։ Ի դեպ, հարուստ հավաքածու կա եւ այսօր ցուցադրության է հանված Հայաստանի պետական պատկերասրահի՝ Այվազովսկու նկարների սրահում:
Տարիներ առաջ Երեւանի քաղաքային իշխանությունները մեծ ծովանկարչի արձանը կանգնեցրին Կամերային երաժշտության տան այգում: Ամիսներ անց պարզվեց, որ արձանից գողերը պոկել-տարել էին պղնձե վրձինը: Սա առիթ էր, որպեսզի մեր իշխանությունները մեծ նկարչի ծննդյան օրվա առթիվ նրան նոր վրձին «նվիրեին», բայց դե մեր իշխանությունները ավելի լուրջ հարցեր ունեն լուծելու, իսկ Այվազովսկին կսպասի: