Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթը անդրադառնում է Սուրբ Ամենափրկիչ վանքից հայկական սրբապատկերների գաղության փաստին եւ մանրամասնում, որ հունիսի 12-ին, Լոնդոնում երկու անհայտ հայ անձինք փորձել են վաճառքի հանել հայկական թանգարանային հինգ սրբապատկերները՝
«Սուրբ թաղումն Տիառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», Սարգիս Պիծակ, 1329թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16/23 սմ.
«Վերնայտուն», (Ոտնալվա) Կիրակոս Սյունեցի, 1300թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16/23 սմ.
«Հոգիգալուստ», Կիրակոս Սյունեցի, 1330թ. մագաղաթի վրա, չափսը՝ 16/23 սմ.
«Ավետարանիչ», Սարգիս Աբեղա, 1600թ. թղթի վրա, չափսը՝ 18/25 սմ.
«Ավետարանիչ», Հակոբ Ջուղայեցի, 1607թ. թղթի վրա, չափսը՝ 18/25 սմ, ու նաեւ կտավի վրա երկու յուղաներկ նկարչություններ:
«Հարցի մանրամասը պարզելու համար, թերթի խմբագրությունը կապ հաստատեց Սպահանի հայոց թեմի առաջնորդարանի հետ, մեր հարցումին ի պատասխան առաջնորդարանի գրասենյակի պատասխանատու Բարթուխ Բաղումյանը հաստատելով սրբապատկերների թալանի լուրն ասաց. «Այո, լուրը ճիշտ է, հաստատում ենք»:
Բաղումյանն, իհարկե, չկարողացավ հստակեցնել յուղաներկ նկարչությունների պարագան. «Դրանց մասին դեռ հստակ բան չենք կարող ասել» եւ ավելացրեց նաեւ, որ հարցը հետեւում են եւ, ի զարմանս մեզ, շեշտեց, որ «անպայման սրբաապատկերները վերդարձվելու են»:
Նկատի ունենալով, որ սա քանիերորդ անգամն է ինչ թալանի է ենթարկվում Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանը, հարց է առաջանում.
Ինչո՞ւ, երեք շաբաթ դեպքից հետո, լուրի մասին դեռ լուռ են մնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ու Սպահանի հայոց թեմի առաջնորդարանը, հակառակ նրան որ հունիսի 13-ին արդեն իսկ իրենց տեղեկացվել էր այդ մասին: Չէ որ լռությունն ինքնին թալանին մեղսակցել է նշանակում:
Արդյո՞ք ոստիկանությունն հարցից տեղյակ է: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ:
Քանի՞ թանգարանային նմուշ է թալանվել Վանքից, եթե իհարկե դա հայտնի է Սպահանի Հայոց թեմի պատասխանատուներին»,- գրում է պարբերականը:
Աղբյուր`http://news.am/arm/news/67164.html
|