Հինգշաբթի, 21.11.2024, 19:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Արցախում հայտնաբերվել է վաղ միջնադարյան նշանավոր Կարկառ բերդաքաղաքը
18:34
Արցախում հայտնաբերվել է վաղ միջնադարյան նշանավոր Կարկառ բերդաքաղաքը
Արցախ
Ներկայումս տիրում է այն կարծիքը, ըստ որի պատմական աղբյուրներում հիշատակվող Կարկառ քաղաք-ամրոցը ներկայիս Շուշի քաղաքն է:

Նման կարծիք է հայտնել տողերիս հեղինակը դեռևս 1994 թ. «Ալիք» թերթում և հետագայում (Ս.Սարգսյան, Խաչենի ամրոցները, Երևան, 2002, էջ 150-157), լրագրող Բ. Կարապետյանը, իսկ վերջերս էլ՝ հնագետներ Հ.Պետրոսյանն ու Վ.Սաֆարյանը, որոնք պեղումներ կատարելով Շուշիում, ի հայտ են բերել XII-XIV դդ. վերաբերող բազմաթիվ նմուշներ («Կարկառ ամրոցի հայտնաբերումն ու պեղումները»,- Շուշին՝ հայոց քաղաքակրթության օրրան, գիտաժողովի նյութեր, էջ 270 - 271):

Սակայն, պեղումների ընթացքում ավելի վաղ ժամանակաշրջանի նյութեր ի հայտ չեն բերվել, որոնք համադրվեին հատկապես արաբական աղբյուրներում եղած հիշատակումների հետ: Իսկ այդ աղբյուրներում (Յակուտ Ալ-Համավի, Իբն-Խորդադբեհ, Իբն Ալ-Ֆակիհ, Համդալլահ Ղազվինի) Կարկառը, որ ներկայացվում է որպես քաղաք և ամրոց, վերաբերում է պարսից արքա Խոսրով Անուշիրվանի ժամանակներին (531-578 թթ.), այսինքն վաղ միջնադարին, որին վերաբերող կամ բնորոշ հնագիտական նյութեր, ինչպես նշվեց, Շուշիի պեղումներում չեն հայտնաբերվել:

Կռահել կարելի է, որ հնագույն Կարկառն անմիջականորեն Շուշի քաղաքի կամ սարահարթի վրա չի եղել, այլ մեկ այլ տեղ, բնականաբար այդ բնակավայրի մոտակայքում, քանզի Կարկառն ունի «լեռնային բարձունք» իմաստը և այդ բնակավայրից շատ հեռու լինել չէր կարող: Վերջերս Շուշիի մերձակայքում կատարված փնտրտուքները տվեցին ցանկալի արդյունք:

Մեր կողմից գտնվեց հնագույն և վաղ միջանադարյան Կարկառ քաղաք-ամրոցը: Այն տեղակայված է Շուշի քաղաքից մոտ 2 կմ արևելք, Շոշ գյուղից 1.5 կմ հյուսիս, Կարկառ գետի ձախափնյա՝ ավտոմայրուղու վերին ապառաժոտ լեռան սարահարթի վրա: Տարածքը կոչվում է «Թագավորեն տեղ»: Զբաղեցնում է մոտ 20 հա մակերես: Պարսպապատերի հիմքերը մի քանի անկյունային, մինչև 10-12 մ տրամագիծ ունեցող աշտարակներով նկատելի են: Պատերի որոշ հատվածներում առկա է շարվածքի օրտոստատ ձևը՝ մեծադիր քարերով: Պարսպապատերը հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք ուղղությամբ ձգվում էին մոտ 1 կմ երկարությամբ, ընդ որում ուշագրավ են հողային կտրվածքներն ու պատվարները, արհեստականորեն ստեղծված անանցանելի խանդակները, որոնք կատարվել են բերդաքաղաքը առանձնացնելու և պաշտպանական նկատառումներով:

Ամրոց-բնակավայրը ծագումնաբանորեն վերաբերում է վաղ ժամանակների, նկատի ունենալով մերձակայքում գտնվող դամբարանները: Սակայն տեղում պատահականորեն ի հայտ բերված հնագիտական նյութերը վերաբերում են ուշ անտիկ-վաղ միջնադար ժամանակաշրջանին՝ համադրվելով վաղ միջնադարյան Կարկառ քաղաք-ամրոցի՝ աղբյուրներում եղած հիշատակությունների հետ:

Կարկառ քաղաք-ամրոցի համար որպես պաշտպանական գլխավոր դիտակետ է ծառայել նրա վերնամասում գտնվող կիկլոպյան ամրոցը, որը մեր կարծիքով Կարկառի հետ մի ամբողջություն էր կազմում: Ամրոց-բնակավայրի երբեմնի բնակիչները օգտվել են ոչ միայն մերձակա Կարկառ գետից, այլև հյուսիս - արևմտյան վերնամասում գտնվող երկու աղբյուրներից:

Եվս մեկ նկատառում. ըստ Կ. Գանձակեցու, 1251 թ. Խաչենի Հասան Ջալալ իշխանը մեկնում է մոնղոլ զորապետ Բաթուի և նրա որդի Սարթախի մոտ և խնդրում վերադարձնել իր հայրենական կալվածքները, որոնց թվում՝ Կարկառը: Պարզ է, որ այստեղ վաղ միջնադարյան վերը նշված Կարկառ քաղաք-ամրոցի մասին չէ խոսքը, այլ մեկ այլ Կարկառի՝ ներկայիս Շուշիի մասին, որն ինչպես ակներև է դառնում նշված հաղորդումից, ևս Կարկառ անունն էր կրում:

Հավանաբար, IX դ. հետո ընկած ժամանակահատվածում, կապված քաղաքական իրավիճակի և այլ հանգամանքների հետ, Հին Կարկառի բնակիչները տեղափոխվել են պաշտպանական առումով առավել հուսալի վայր՝ ներկայիս Շուշիի բարձրավանդակ՝ պահպանելով տեղավայրի հինավուրց Կարկառ անվանումը:

Խորհրդային ժամանակներում Կարկառ քաղաք-ամրոցի տարածքը հարթեցվել և ձևախեղվել է. շինությունների քարերը տեղափոխվել և օգտագործվել են բնակելի տների կառուցման համար, Շուշիի ադրբեջանցի կառավարիչների հրահանգով (հնարավոր է՝ կանխամտածված) տեղում ստեղծվել է կաղնու անտառ՝ տնկվելով Ռուսաստանից բերված ծառատեսակներ, ավելի ուշ տարածքով անց է կացվել Բաքու-Նախիջևան գազատարի Շուշի տանող հանգույցը:


Սլավա Սարգսյան

ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջությանվարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ


Գագիկ Սարգսյան
հնագետ, ք. Երևան


Աղբյուր`http://1in.am/arm/regional_karabagh_26712.html

Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 1070 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արցախ, Կարկառ բերդաքաղաք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 5
Հյուրեր: 5
Օգտվողներ: 0