Թերթը գրում է, որ Գլենդելի Սուրբ Աստվածածին եկեղեցու սրահում Լոս Անջելեսի «Արեւմտյան Հայաստանի պաշտպանության խորհուրդը» հանդիպում էր կազմակերպել Ազիզ Առաքել Դաղչի հետ: Ազիզ Առաքելը սասունցի է, Եղեռնին զոհ գնացած գերդաստանի մի մասնիկ:
«2006 թ. Պոլսում նրա հիմնած «Սասուն, Բաթման, Մուշ, Վան-հայոց մշակույթի զորակցության հիմնադրամը» մեծ ու դժվարին առաքելություն է նախաձեռնել` վերադարձնել ու հայկական փոքրամասնության անունով գրանցել այդ շրջաններում հայոց եկեղեցիների եւ գերեզմանատների հողերը: Ընդհանրապես թուրքական սահմանադրությունը նման գործողության իրավասություն տալիս է հայերին, հույներին եւ հրեաներին: Եվ եթե եկեղեցի կառուցվի, այն եւս փոքրամասնության անունով կարելի է գրանցել եւ եկամուտն ուղղորդել պատրիարքարան:
Նշված տարածքներում հիմնադրամն առայսօր հաշվառել է 1000-ից ավելի հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ (միայն 365-ը` Սասունում), որոնք սպասում են վերակնքման ու վերագրանցման: Այդ եկեղեցիները գրեթե գոյություն չունեն, բացառությամբ թանգարանի վերածված Սուրբ Խաչ եկեղեցուց: Դաղչը պատմում է, որ 2006 թ. ի վեր, ամեն եկեղեցու համար զատ-զատ, տասնյակ անգամներ բախել են դատարանների դռները, սակայն ապարդյուն:
Ի վերջո, նույն հայցով դիմել են Եվրոպական դատարան, պահանջելով նաեւ 500 հազար եվրո, որպեսզի հողերի վերադարձից հետո նորոգեն հինը կամ նոր եկեղեցիներ հիմնեն, վերականգնեն ու ծաղկապատեն, պահակներ կարգեն ու պաշտպանեն դրանք: Հիմնադրամն ինքը սուղ միջոցներ ունի, բայց, Գլենդելում գտնվելու ընթացքում, հայահոծ այս համայնքի աջակցությունը ստանալու հնարավորությունն էլ չկա: Թուրքական ներքին օրենքներն արգելում են դրամ առնել հայկական միություններից, պատճառաբանելով, որ այդ դրամը ծախսվելու է իր երկրում, իրենից հողեր հետ առնելու համար:
Այդ տարածքների բնակչության մեծ մասը 1915թ. Եղեռնից հետո կրոնափոխ եղած հայեր են: Դաղչը զարմանալի թիվ է մատնանշում. տարբեր հաշվարկների համաձայն` Թուրքիայում 3-5 մլն մուսուլմանացած հայեր կան: Իրենց ամենակարեւոր առաքելությունը նրանց արթնացնելն է: Եթե եկեղեցի լինի այդ շրջաններում, քրդացած ու մուսուլմանացած հայերը գուցե կամաց-կամաց վերադառնան իրենց հավատին, եւ իրենց հոգում էլ ծիլ տա հողի պաշտպանության խորհուրդը: «Մենք մեր ճամփան պիտի շարունակենք, տակավին շատ բան կա անելու», ասում է Դաղչը:
Հարցին, թե ինչպես է թուրքական կառավարությունը վերաբերվում իրենց միությանն ու ձեռնարկին, Դաղչը դժվարացավ պատասխանել, պատճառաբանելով, թե իրենց հայցը Եվրոպական դատարանում է, եւ նման հարցադրումները կարող են խոչընդոտել դատաքննության ընթացքին:
Պարզ է միայն մի բան. թուրքերը հակադարձում են, թե 1915 թ. սկսած Սասունը ոչ մի հայ քահանա չի տեսել, եւ եթե եկեղեցիները հայանան կամ նորոգվեն, մուսուլման դարձած հայերն արդյոք կվերադառնա՞ն այնտեղ:
Դաղչը պնդում է, որ Թուրքիայում մոտավոր հաշվարկներով արդեն 20 հազար մուսուլմանացած հայ վերադարձել է իր հավատին»,- գրում է «Ազգը»:
Աղբյուր`http://news.am/arm/news/65259.html
|