Ազգային դրամի խորհրդանիշի հեղինակ Կարեն Կոմենդարյանն առաջարկում է Երևանում՝ Շահումյանի և Մյասնիկյանի արձանների միջև ստեղծել ազգային դրամի զբոսայգի: Նա առաջարկում է պայմանականորեն այդ բուլվարը կոչել ազգային դրամի զբոսայգի:
«Այս զբոսայգում առաջարկում եմ տեղադրել հուշադրամներ, ավելի ճիշտ՝ կոլեկցիոն մետաղադրամներ, որոնք կրում են շատ հետաքրքիր ինֆորմացիա: Այդ հուշադրամները ներկայացնում են հայ ազգի նվաճումները, ժառանգությունը, նշանավոր մարդկանց, ներկայացնում են նույնիսկ մեր կենդանաբուսական աշխարհը: Այսինքն՝ այն, ինչ մենք ունենք, կարելի է ներկայացնել մի զբոսայգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարեն Կոմենդարյանը:
Ներկայացնելով իր առաջարկի նպատակը՝ Կոմենդարյանը նշեց, թե յուրաքանչյուր ազգ ցանկանում է ներկայացնել իր արժեքները, ինչի համար ինչ-որ ճանապարհներ է գտնում՝ հուշարձաններ, թանգարաններ կամ այլ մշակութային կենտրոններ հիմնելով: Բանախոսը նշեց, որ ինքը, լինելով արտասահմանում, հասկացել է, որ Հայաստանն այնքան էլ հայտնի չէ մարդկանց, ինչքան էլ որ «մենք մտածում էինք, թե ամբողջ աշխարհը մեզ գիտի»: «Դա այնքան էլ այդպես չէ: Արմենիա անունը լսելով մարդիկ խառնում էին Ռումինայի և Ալբանիայի հետ, էլ չեմ ասում Հայաստանի արժեքների մասին»,- ասաց զբոսայգի հիմնելու գաղափարի հեղինակը:
Ըստ նրա՝ ցավոք սրտի, շատերը լսելով ազգային դրամի զբոսայգի հիմնելու գաղափարի մասին և առանց ուսումնասիրելու առաջարկի էությունը, մտածում են, թե զբոսայգում ներկայացվելու է սովորական փողը: «Բայց դա այդպես չէ, այնտեղ չեն լինելու ոչ պատմական, ոչ էլ ժամանակակից դրամները: Դա այն դրամը չի, ինչի միջոցով, կներեք, մենք գնում ենք նրբերշիկ կամ լվացքի փոշի»,- հայտարարեց Կոմենդարյանը՝ պարզաբանելով, որ զբոսայգում պետք է ներկայացվեն այն մետաղադրամներն ու հուշադրամները, որոնք ենթակա չեն շրջանառության, այլ կոչված են կրելու մի յուրահատուկ ինֆորմացիա: Կոմենդարյանն առաջարկում է, որ զբոսայգու ջրավազանում յուրաքանչյուր այցելու մետաղադրամ նետի ջրի մեջ և ինչ-որ լեզվով մաղթանք հղի հայերին: Հետո, այդ դրամները, նրա խոսքով, պետք է հավաքել և կառուցել Սիսն ու Մասիսը, որին մոտենալիս մարդիկ իրար կհարցնեն. «Դու այս սարի մասնի՞կն ես»: Նա առաջարկում է զբոսայգում ազգային հուշադրամները ցուցադրող վահանակներ տեղադրել, ինչպես նաև ցուցանակներ՝ հատուկ կույրերի համար: Այգում պետք է լինեն նաև ծառուղիներ:
Ազգային սիմվոլի հեղինակը տեղեկացրեց, որ ինքն անցած տարվա փետրվարին իր առաջարկը ներկայացրել է երկրի նախագահին, վարչապետին, ԿԲ նախագահին և նախկին քաղաքապետին: Պաշտոնական անձանցից Կոմենդարյանը ստացել է միայն դրական արձագանանքներ, բայց բացասական արձագանքներ էլ է ստացել ոչ պաշտոնական անձանցից:
Կարեն Կոմենդարյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը շուտով քննարկելու է իր առաջարկը՝ մեծերի արահետ հիմնելու մասին մեկ այլ նախագծի հետ միասին՝ վերջնական որոշում կայացնելու համար: Նա հուսով է, որ քաղաքապետարանն ընտրություն կատարելիս օբյեկտիվ կլինի:
«Սա երևանցիների համար չէ, սա ուղերձ է ողջ աշխարհի համար»,- հայտարարեց նա:
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/22/symbol/
|