Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում Փարիզի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք Մանուկյան Մշակութային կենտրոնում օրերս տեղի է ունեցել մշակութային միջոցառում` Գյումրիից ժամանած արվեստագետների և երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը:
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Արվեստագետ Վազգեն Պահլավունի Թադևոսյանը ներկայացրեց «Հայաստանը և Ֆրանսիան հայ և ֆրանսիացի երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը, ինչպես նաև իր հեղինակած «Հայկական թուղթ» էտյուդային դիմանկարների շարք ֆիլմը` ֆիլմի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի ներկայությամբ:
Ցուցադրվել են Արմեն Տեր-Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները: Միջոցառման առանցքը Գյումրիից ժամանած «ԲԱՄԲԻՌ» ֆոլք-ռոք երաժշտախմբի համերգային ծրագիրն է եղել` խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Բարսեղյանի, Նարեկ Բարսեղյանի և Արիկ Գրիգորյանի մասնակցությամբ: Երաժշտախումբը հանդես է եկել հայկական երաժշտական ստեղծագործությունների մշակումների և սեփական երգացանկի կատարումներով: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՀԲԸՄ ղեկավարությունը, հայ, ֆրանսիացի և արտերկրից ժամանած արվեստագետներ: