Հայտարարում է գալերեայի համադրող Արթուր Սարգսյանը
Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան» գալերեան նոր դուռ է ժամանակակից արվեստը բացահայտելու համար: Վերջին շրջանում նկարիչների համար ինքնարտահայտվելու սրահներն ավելի շատ փակվում են, քան բացվում: Համաձայն շրջանառվող լուրերի` հարեւան Ադրբեջանը, որին հեգնելով համարում ենք «անմշակույթ» ազգ` Նյու Յորքի նահանգային իշխանությունների հետ բանակցություններ է վարում Ադրբեջանում Գուգենհեյմի թանգարանի մասնաճյուղ կառուցելու ուղղությամբ: Վերջերս այդ երկրում նաեւ բացվել է ժամանակակից արվեստի պատկերասրահ: Իսկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անձամբ շրջում էր Վենետիկի 54-րդ Բիենալեի տաղավարներում: Հայաստանն ի դեմս ՀՀ Մշակույթի նախարարության` դուդուկի, տրեխի ու մասնավորապես գեղարվեստում` ցեղասպանության թեմատիկայի պատյանից դուրս չի գալիս, նորարարության առջեւ տաբու է դրված: Արդյունքում միայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում փակվել են «Գեւորգյաններ», «Առաջին հարկ», «Գաբոնե», «Գոռ», «Ականաթ» գալերեաները: Երկրի մշակույթը ներկայացնող առաջին դեմքը` նախարարուհին հազվադեպ է իր ներկայությամբ պատվում ժամանակակից արվեստի ցուցահանդեսները: Ի դեպ, նկարիչներից շատերը համարում են, որ նախ` պետք է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին կրթել, որից հետո միայն նրանից ինչ-որ բան ակնկալել: «Դալան» գալերեան ստեղծվել է մի խումբ էնտուզիաստների շնորհիվ, ովքեր առայժմ կոմերցիոն ակնկալիքներ չունեն` հասկանալով, որ նախ պետք է հասարակությանը ծանոթացնել ժամանակակից արվեստի, հեղինակների հետ, այնուհետեւ` նրանց բերել արվեստի շուկա: Գալերեայի տնօրեն Արա Մելքոնյանը չի շտապում հեռանկարում ժամանակակից արվեստը դիտարկել իբրեւ բիզնես, քանի որ նախաձեռնող խումբն առաջնային նպատակ է համարում Հայաստանում ապրող հետխորհրդային եւ հետանկախության սերնդի 25` հիմնականում էքսպերիմենտալ ոճով աշխատող արվեստագետներին ներկայացնել աշխարհի կոլեկցիոներներին, ցուցասրահներին եւ թանգարաններին: «Ես ուղղակի արվեստ սիրող եմ, որը պատրաստ է զարգացման համար իր համեստ ներդրումն ունենալ: Նախկինում գալերեայի տարածքը բնակելի, ավերված տուն էր, որը վերանորոգեցինք հին ոճով, հրավիրեցինք նկարիչների խումբ եւ մեր մշակած կոնցեպցիայով որպես համադրող ներկայացրեցինք նկարիչ Արթուր Սարգսյանին: Պետք է նշեմ, որ շատ ոգեւորված ենք, եւ բացումն էլ շատ տպավորիչ ստացվեց: Ընթացքում կունենանք նաեւ անհատական ցուցահանդեսներ»,- վստահեցնում է Ա. Մելքոնյանը` հավելելով, որ բավական հավակնոտ ծրագրեր ունեն, որոնց շնորհիվ հայ նկարիչների գործերը նաեւ լայն արձագանք են ստանալու աշխարհի արվեստի կենտրոններում: Ա. Մելքոնյանը գալերեայի գործունեությունն ամրապնդելու համար պատրաստ է երկարաժամկետ ներդրումներ կատարել եւ մտավախություն չունի, որ «Դալանն» էլ կարժանանա մայրաքաղաքի փակված սրահների ճակատագրին: Նախաձեռնող խումբը պատրաստվում է նաեւ գործի դնել PR տեխնոլոգիաները. Համացանցում «Դալանն» իր կայքէջը կունենա, եւ տարբեր ծրագրերով կներգրավվեն նաեւ այլ երկրների արվեստ սիրողները: Գալերեան գտնվում է անմիջապես «Երեւան» հյուրանոցի հարեւանությամբ, որն իր տեղանքով զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է: Ա. Մելքոնյանն ասում է, որ շուտով մայրաքաղաքի հյուրանոցներում «Դալանի» բուկլետներ եւ գովազդային պաստառներ կտեղադրվեն: Ի դեպ, թեեւ գալերեայի պաշտոնական բացումը եղել է հուլիսի 1-ին, այդուհանդերձ, այդ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ վաճառք են ունեցել: Համադրող, նկարիչ Արթուր Սարգսյանն անկեղծորեն զարմացած է այցելությունների ակտիվությունից, քանի որ իրենք նման աժիոտաժ չէին ակնկալում: «Գալերիստների դիմադրությունը, ուժը պիտի հաղթի բոլոր տեսակի փակման վտանգներին: Այլ երկրներում գալերեան կարող է 1000 դոլարանոց գործը երկրորդ օրը դարձնել 100.000 դոլար. հավատացնելու խնդիր կա: Դրսում գալերեան ֆաբրիկա է, որը պատրաստում է նկարիչների ոգեւորությունը, էքսպերիմենտների դաշտ է ստեղծում, այնուհետեւ գործերը ներկայացնում է թանգարաններին, կոլեկցիոներներին: Մեզ մոտ չի ստացվում, որովհետեւ ամեն մի բացվող սրահ իր հետեւից խնդիր է բերում` տնտեսական, միջավայրի, քանի որ մարդն ունի անձնական գալերեա, բայց չունի կոլեկցիոներների շրջապատ: Դրսում երբ ցուցահանդես է բացվում` գալերիստն ամենաքիչը 600 կոլեկցիոների հրավիրատոմս, տեղեկատվություն է ուղարկում, որոնցից գոնե քսանը աչքերը փակ կարող են գործ գնել: Այսինքն` գալերիստը գիտի, թե կոլեկցիոներն ինչ է ուզում, իսկ կոլեկցիոներն էլ գիտի, թե գալերիստն իրեն ինչ է առաջարկելու»,- ասում է Ա. Սարգսյանը` հասկանալով, որ աշխարհի պատկերասրահների փորձը մեր երկրում կիրառելու համար անհրաժեշտ է «շարժիչի» պես աշխատել, ընդ որում` գալերիստն անպայման պետք է նաեւ լավ կառավարիչ լինի: Այդուհանդերձ, Ա. Սարգսյանը համարում է, որ գալերեայի հաջող գործունեության համար երկարաժամկետ դիմանալու խնդիր կա, որին իրենք պատրաստ են, քանի որ Հայաստանում նկարիչն էլ երկարաժամկետ դիմանալու խնդիր ունի: «Վստահորեն հայտարարում եմ` գալերեան ունենալու է համաշխարհային անուն»,- ասում է նա` հավելելով, որ ՀՀ Մշակույթի նախարարությունից ընդհանրապես որեւէ ակնկալիք չունեն, քանի որ նախարարությունն ի դեմս նախարարի` կապ չունի ժամանակակից արվեստի հետ. «Նախարարության համար դուդուկիզմն է մշակույթ: Թող մի քանդակ տնկեն Ֆրանսիական հրապարակում, իսկ երեխեքը թող բարձրանան, անցքերից դուդուկ փչեն: Կդառնանք դուդուկի հանրապետություն: Մշակույթի նախարարը ժխտում է ժամանակակից արվեստը, այնպես, ինչպես հռոմեացիները ժխտում էին հունացիներին` ջարդելով քանդակները: Նախարարությունը պիտի առողջ լինի, ժամանակակից արվեստն առաջ տանի, բայց, եթե նախարարությունը պատկերասրահի «դիրեկտոր» է նշանակում Փարավոն Միրզոյանին, ուրեմն` չկա նախարարություն: Հայաստանում, կոնյակից բացի, մեկ էլ մի լավ բան կա` ինտերնետը, որի օգնությամբ մենք կրում ենք համաշխարհային ժամանակակից արվեստը: Տեղայնացնելու դեպքում` տարերային բնույթ է կրում»: Ա. Սարգսյանը կարծում է, որ մեր երկրում արվեստը նաեւ բիզնես, եկամտի աղբյուր դարձնելուց հետո շատերը` չինովնիկից մինչեւ մեծահարուստ, կդառնան ժամանակակից արվեստի ջատագով, եւ արվեստի գործեր գնելու հերթեր կգոյանան: Իսկ ընդհանրապես ժամանակակից արվեստը խրախուսելու համար մեր պետությունը կարող է նաեւ գալերեաների համար հարկային արտոնություններ սահմանել, որը թույլ կտա նրանց աստիճանաբար ոտքի կանգնել:
Ինչեւէ, «Դալանում» ներկայումս ցուցադրվում են թվով 25 այնպիսի նկարիչներ, ովքեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ` այլ երկրներում ցուցադրվել են եւ ունեն թարմ, էքսպերիմենտալ գաղափարներ: Նկարիչ Խաչատուր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ նկարիչների այս խումբը դրսում ավելի ճանաչված է, քան Հայաստանում: «Վերջին տարիներին գալերեաների իրար հետեւից փակվելու դեպքերը մեզ ընդհանրապես զրկել էր ցուցադրվելուց: Հավատացնում եմ, որ դրսում հայ նկարիչներին ավելի շատ գիտեն, քան Երեւանում, որովհետեւ ցուցադրվելու տեղ չունենք: «Դալանը» շատ հետաքրքիր ցուցասրահ է, բայց կոնկրետ ես մտավախություն ունեմ այն իմաստով, թե ինչքան կդիմանա գալերիստն ու ինչքան կյանք կունենա այս գալերեան»,- ասում է նա` վստահեցնելով, որ արվեստի հարցեր չեն բարձրացվում, որի արդյունքում դաշտում գերիշխում են իլյուստրատորները: Խ. Մարտիրոսյանը կարեւորում է նաեւ գալերեայի քաղաքի կենտրոնում գտնվելու փաստը, քանի որ այն զբոսաշրջիկներին էլ է «կանչում»: Վերջինս վստահեցնում է, որ վերջերս Ավստրալիայից հյուրեր է ունեցել, ովքեր իրեն խնդրել են ուղեկցել Վերնիսաժ. «Հետո պարզվեց, որ նրանց ընկալմամբ` Հայաստանում արվեստը ցուցադրվում է Վերնիսաժում: Մեզ պատմեցին, որ նախորդ տարիներին եկել են, եւ երբ հետաքրքրվել են, թե հայ նկարիչների գործերին ինչպես կարող են ծանոթանալ` նրանց ուղեկցել են Վերնիսաժ: Հետո, երբ նրանց տանում ես գալերեաներ կամ արվեստանոցներ` ապշում են ու սկսում են հրավերներ կազմակերպել` մերոնց իրենց երկրներում ցուցադրելու համար»: Նկարիչ Գարիկ Կարապետյանն ասում է, որ, երբ մարդիկ աբստրակտ նկար են նայում, անմիջապես հարցնում են` սա ի՞նչ ա. «Իրականում ոչ մի բան է, որովհետեւ նկարի արժեքը նկարչությունից դուրս է: Վիգեն Թադեւոսյանը սիրում էր ասել` ամենակարեւորը չնկարվածն է: Երբ մարդու համար ճիշտ վիճակի մեջ հայտնվելու տարածություն ես ստեղծում` նա ավելի ռոմանտիկ է դառնում, սկսում է ապագայի մասին մտածել, որովհետեւ ապագայի պրոյեկցիան հենց արվեստի տարածության մեջ գոյություն ունի: Ամեն մի ռոմանտիկ մարդ իր խենթ մարտահրավերները հիմնավորում է էդ դաշտում, էդ տարածքում ինքը պաշտպանված է զգում իրեն»: Ըստ նրա, երբ սկսվում է արվեստի նյութականացումը` արվեստը տանում են մի կոպիտ վայր ու ամեն ինչ փչացնում են: Բոլոր դեպքերում, նկարիչը կարծում է, որ թեեւ մեզանում գերիշխում է չընդունված լինելու միտումն, այդուհանդերձ, իրականում նկարիչը «թքած» ունենալով դրա վրա` շարունակելու է նկարել: «Մենք շատ ոգեւորված ենք, որովհետեւ մի տեսակ սովորել էինք մեր երեք միլիոնանոց հանրապետությունում առանց գալերեաների ապրել: Մենք, փաստորեն, շատ ավելի հեշտությամբ դրսում ենք ցուցահանդեսներ անում, քան Հայաստանում: Հույս ունենք, որ այս գալերեան մի բան կփոխի մեր իրականության մեջ, որովհետեւ ես շատ կարեւորում եմ միջավայրը: Նկարչությունը, մեծ հաշվով, միջավայր, տարածություն է ստեղծում: Մենք մեր քաղաքում այդ տարածությունները չունենք, եւ այդ խառնաշփոթի մեջ «Դալան» գալերեան կարող է ճշգրտում անել»,- ասում է նկարիչ Գ. Կարապետյանն, այնուամենայնիվ` գալերեայի զարգացման իմաստով բնականորեն տագնապ ունենալով: Վերջինիս հավաստմամբ` շատ անհատներ մեծ ոգեւորությամբ գալերեաներ բացեցին, մեծ ջանքեր գործադրեցին, սակայն մեր իրականության մեջ արձագանք չգտնելու պատճառով` դրանք փակվեցին: «Մշակույթի նախարարությունը պիտի աջակցություն ցուցաբերի կամ գոնե բարենպաստ մթնոլորտ ստեղծի ժամանակակից արվեստի համար: Եթե ֆինանսապես չեն կարողանում աջակցել` գոնե պիտի բարոյապես աջակցեն` այցելեն, ընդունեն, ակտիվ լինեն եւ այլն»,- ասում է նա` հավելելով, որ Մշակույթի նախարարության համար այս ամենն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը վստահ է, որ «Դալան» գալերեայի նախաձեռնող խումբն ի զորու է ժամանակակից արվեստի այս «ինֆորմացիան» ճյուղավորել ողջ աշխարհում։ «Շատ եմ կարեւորում նաեւ համացանցը, որի վրա կաշխատեն մասնագետները, եւ կոլեկցիոներների, արվեստի գիտակների հետ համագործակցության եզրեր կգտնենք: Պետք է նշեմ, որ երեւանյան արվեստասերների շրջանում «Դալանը» մեծ հետաքրքրություն է առաջացրել, ու այցելուների պակաս չկա: Զարմանքով պիտի նշեմ, որ Հայաստանի մարզերից էլ են շատ գալիս, ցանկանում են հեղինակների հետ ծանոթանալ, զրուցել»,- վստահեցնում է նա` ասելով, որ մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող շատ օտարերկրացիներ են գալիս, հետաքրքրվում եւ նույնիսկ առաջարկներ ներկայացնում: Այդուհանդերձ, նկարչուհին ՀՀ իշխանություններին կոչ է անում տուրիզմի զարգացման համար նաեւ ժամանակակից արվեստի մատուցման ծրագրեր ներգրավել, քանի որ, ի տարբերություն Հայաստանի` աշխարհը սիրում է արվեստ:
ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Աղբյուր`http://168.am/am/articles/28586
|