Հայաստանի ազգային պատկերասրահում օրեր առաջ բացված «Դալին եւ սյուրռեալիստները» խորագիրը կրող ցուցահանդեսը այցելուների շրջանում մեծ իրարանցում է առաջացրել:
Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից Ազգային պատկերասրահում ներկայացվում են հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալիի գրաֆիկական աշխատանքներն ու նաեւ սյուրռեալիստական ուղղության մի շարք այլ ճանաչված նկարիչների գործեր, որոնք ԱՄՆ-ի «Արժիլե» պատկերասրահի հավաքածուից են: Եւ ահա այս բարձր արվեստին առնչվել ցանկացողների թիվը բավականին մեծ է, ինչի պատճառով էլ պատկերասրահի աշխատակիցներն աշխատում են գերծանրաբեռնված: Երեկ տեղեկացանք, որ սյուրռեալիստների ցուցահանդեսի բացումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահ օրական այցելում է միջինը 500 մարդ: Դա շուրջ 3 անգամ ավելի է, քան սովորական օրերի այցելությունները: Դալիով հետաքրքրվողների մեջ, սակայն, ինչպես երեկ պարզվեց, բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի կամ իշխանավորի Պատկերասրահի աշխատողները չեն տեսել: Չի բացառվում, իհարկե, որ նրանք դեռ կգան, քանի որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը:
Ինչ վերաբերում է առհասարակ Ազգային պատկերասրահի այցելուներին, արտասահմանյան գեղանկարչության բաժնի ղեկավար, սյուրռեալիստների ցուցադրության համակարգող Իրինա Բաղդամյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Այո, կարող եմ ասել, որ մենք վաղուց այցելուների այսպիսի հոսք չենք ունեցել, երբ նման հսկայական հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսը: Ու գիտե՞ք, հասարակության տարբեր շերտերի մեջ է այդ հետաքրքրությունը, ինչը շատ ուրախալի է: Ես պետք է ուրախությամբ ընդգծեմ նաեւ, որ հատկապես մեծ է երիտասարդության հոսքը, որոնք ոչ միայն նոր ցուցահանդեսն են այցելում, այլեւ ամբողջ պատկերասրահում են շրջում, այսինքն` անմիջապես չեն հեռանում: Դա առիթ է դառնում ողջ պատկերասրահը վերանայելու համար»:
Ազգային պատկերասրահի աշխատակցուհին թյուր է համարում այն կարծիքները, թե մեր հասարակությունն անտարբեր է արվեստի նկատմամբ: «Որովհետեւ մենք նկատում ենք, որ, օրինակ, կիրակի օրերին շատ այցելուներ են լինում, սովորական օրերին նույնպես այցելուներ ենք ունենում: Տարբեր տարիքի մարդիկ են գալիս: Ես չեմ կարող ասել` այնպիսի հոսք է լինում, ինչպիսին հիմա սյուրռեալիզմի դեպքում է, բայց, այդուհանդերձ, Ազգային պատկերասրահը բավականին պահանջված է»,- նշեց Իրինա Բաղդամյանը: Սյուրռեալիստների ցուցահանդես այցելող արվեստասերները տպավորությունների գրքում նաեւ գրառումներ են թողնում: Նրանք շնորհակալություն են հայտնում, իրենց հիացմունքն արտահայտում ու նաեւ ցանկանում, որ նման նախաձեռնությունները հաճախակի լինեն: «Շնորհակալություն` գեղեցիկ թրթիռներ պարգեւելու համար», «Շատ տպավորված ենք ... շնորհակալ ենք: Էլի ենք գալու», «Այսօր հեռանում եմ` երջանկության համը բերանումս»,- երեկ այսպիսի տողեր կարելի էր կարդալ այդ գրքում: Նշենք, որ սյուրռեալիստների ցուցահանդեսի օրերին ուժեղացվել է նաեւ պատկերասրահի անվտանգության համակարգը: Եթե սովորաբար 4-րդ հարկի ցուցասրահներում, որտեղ «հյուրընկալված» աշխատանքներն են ներկայացված, հերթապահում են պատկերասրահի 5 աշխատող, ապա այժմ արդեն նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է` հասցվելով 9-ի: Առավել աչալուրջ են նաեւ Ազգային պատկերասրահի անվտանգությունն ապահովող ոստիկանները: Պատկերասրահի հասարակական կարգի պահպանությունն ու անվտանգությունն ապահովում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ ձեռնարկությունների-պահպանության գունդը: Պատկերասրահի տարածքի տարբեր հատվածներում հերթապահող 2 ոստիկանի փոխարեն Դալիի եւ մյուս սյուրռեալիստների գործերը պահպանում են արդեն 3-ական ոստիկան: Բայց թե ինչ արժեք ունեն աշխարհահռչակ նկարիչների գործերը, երեկ մեզ պարզել այդպես էլ չհաջողվեց: Պետք է ենթադրել, սակայն, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Ըստ որոշ տեղեկությունների` ներկայացված աշխատանքների մեջ կան այնպիսիք, որոնք կարող են գնահատվել մինչեւ 600 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ցուցադրվում է շուրջ 160 ստեղծագործություն:
Աղբյուր`http://www.armtimes.com/26500
|