Խորհրդային տարիներին դասական կիթառը Հայաստանում ասոցացվում էր Էդուարդ Բադալյանի, իսկ մեր օրերում՝ Հակոբ Ջաղացպանյանի անունների հետ: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 1990-ականների սկզբին բացվեց դասական կիթառի դասարան, իսկ այսօր միակ կոմպոզիտորը, որ ստեղծագործում է այս գործիքի համար, նշված բուհի դոցենտ, ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ Նարինե Զարիֆյանն է:
Ավստրիայի Mozarteum համալսարանի ուսանող, 16-ամյա լիտվացի կիթառահար Յոնաս Կուբլիցկասը «Առավոտին» տեղեկացրեց, որ «դրսում» ճանաչում ու պահանջարկ ունեն Երեւանի կոնսերվատորիայի դասական կիթառի դասարանի որոշ շրջանավարտներ:
Յ. Կուբլիցկասը հայտնեց, որ ուսմանը զուգահեռ, համերգային-հյուրախաղային գործունեության հետ միասին ինքը հետեւում է արեւմուտքում դասական կիթառի միջազգային փառատոներին եւ հատկապես նշեց Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ (դոցենտ Հակոբ Ջաղացպանյանի դասարան) Լիլիթ Մարդիյանի անունը, ով Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում եւ Կալիֆոռնիայում կայացած հեղինակավոր մրցույթների դափնեկիր է:
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ կայացավ համերգ՝ նվիրված լիտվացի բանաստեղծ եւ կոմպոզիտոր Մ. Չուրլյոնիսի մահվան 100-րդ տարվան ու Լիտվայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Համերգին մասնակցեցին նաեւ լիտվացի երիտասարդ կլարնետահար Ժիլվինաս Բրազաուսկասը եւ ռուսաստանցի շեփորահար Իգոր Կրամարեւը:
Յ. Կուբլիցկասի խոսքերով՝ Մ. Չուրլյոնիսը, ում նվիրված էր համերգը, նաեւ նկարիչ էր ու հասարակական գործիչ, երաժշտության եւ գեղանկարչության ասպարեզում հանդես է եկել որպես ռոմանտիզմի եւ սիմվոլիզմի ավանդույթների շարունակող: Նա լիտվական դասական կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է, կամերային-գործիքային եւ սիմֆոնիկ առաջին ստեղծագործությունների հեղինակ:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է հայտնվել Ավստրիայում՝ շրջանցելով Մերձբալթիկայում դասական կիթառի դպրոցի հարուստ ավանդույթները: «Ուսանում եմ հանրահայտ Մարիա Իզաբել Սիվերս դե Պացուրի ղեկավարությամբ, ով ինձ անցյալ տարի նկատեց Լիտվայում կայացած մրցույթ-փառատոնում: Երիտասարդ արվեստագետի համար կարեւորում եմ մասնակցությունը մրցույթներին: Չեխիայում, Բելառուսում, Գերմանիայում կայացած մրցույթների դափնեկիր եմ, մասնակցել եմ Իտալիայում, Ավստրիայում եւ այլ երկրներում մեծ տրադիցիա ունեցող փառատոներին, վարպետության դասեր էլ եմ առել Յորգե Մորելից, Յորգե Կարդոսոյից, Ռենե Գոնզալեզից եւ այլ անվանի կիթառահարներից: Իմ հայրենիքում էլ Ռոստրոպովիչի «Լիտվայի երեխաների օգնության հիմնադրամի» կրթաթոշակառու եմ: Նշածս փառատոներում հանդես եմ եկել անսամբլների կազմում... Հաջողություններիս համար շնորհակալ եմ լիտվացի մանկավարժներիս, որոնց մոտ առաջին քայլերս արել եմ 5 տարեկանից»,- հայտնեց Յ. Կուբլիցկասը: Իսկ թե չի՞ պատրաստվում դուետով հանդես գալ հայաստանցի կիթառահարի ընկերակցությամբ, Կուբլիցկասն ասաց, թե դրա շուրջ մտածել է եւ կհասցնի իրականացնել, քանի որ նոր-նոր է սկսել իր կարիերան: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95673/view
|