«Ցավոք սրտի, մեր աչքի առջև այսօր սփյուռքը նահանջ է ապրում, և այսպիսի մարդկանց պակասն է, որ մենք զգում ենք: Ես միշտ նրա մասին ասում եմ `«մեծ նավ՝ փոքր օվկիանոսում»:
Այպես բնութագրեց արվեստագետ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն Ասատուր Կյուզելյանին: Վերջինս սփյուռքահայ գրող և լրագրող, հասարակական գործիչ է: Հակոբյանի կարծիքով` մեր ամենամեծ խնդիրն անմիասնականությունն է, և այն հսկա ուժը, որ կա Հայաստանում և սփյուռքում, համախմբվելու դեպքում կհաղթանակի:
«Ստեղծենք համահայկական կենտրոնական մեծ ուժ, թող բոլորը նստեն մեկ սեղանի շուրջ և ասեն` մենք հիմա վիճելի հարցերը զանազանում ենք անվիճելի հարցերից: Այնուհետև համախմբվենք անվիճելի հարցերի շուրջ: Հիմա անկախ Հայաստան ունենք, մտածենք որպես պետականություն ունեցող ժողովրդի զավակ»,- ասաց Կյուզելյանը:
Հիշելով իր հանդիպումը Հովհաննես Շիրազի հետ` նա մեջբերեց բանաստեղծի` իրեն ուղղված խոսքը. «Դուք սփյուռքում մատ եք մնացել, մինչև չբռունցքվեք, տեղ չեք հասնի»:
«Այս պատգամը ես հիմա տալիս եմ ձեզ»,- ասաց Կյուզելյանը:
Հանդիպման ժամանակ Կյուզելյանը ներկայացրեց նաև իր վերջին գիրքը` «Թերթելով մամուլը»: Այն ներկայացնում է Կյուզելյանի 50 տարիների լրագրողական նոթերը, թղթակցությունները տարբեր թերթերի հետ, հոդվածները, հարցազրույցները և այլն:
Կյուզելյանը նշեց, որ իր հաջորդ գիրքը լինելու է մեծերի`Սևակ, Շիրազ, Խաչատրյան և մյուսների հետ եղած նամակագրությունները: Միայն Վազգեն կաթողիկոսի մասին նա ունի մոտ 300 էջանոց հուշեր:
Խոսելով գրականության խնդիրների մասին՝ Կյուզելյանը նկատեց, որ սովետական շրջանի հետ համեմատած, երբ կային իսկապես մեծ ու տաղանդավոր գրողներ, այսօր նման մարդիկ չկան: Ըստ Կյուզելյանի՝ հիմնական պատճառը տնտեսական վատ վիճակն է. «Մարդը գիշերն իր ընտանեկան հոգսի մասին մտածի՞, թե՞ լուրջ կերպով գրականությանը հետևի: Երբ մեկի միտքը մտահոգ է, նա չի կարող ստեղծագործել»:
Նրա կարծիքով` արժեքվոր գրական գործ ստեղծելու համար անհրաժեշտ են ներշնչող, ուղորդող մարդիկ, ովքեր այսօր չկան:
Աղբյուր`http://hetq.am/arm/news/2771/
|