«Պարենք հայերեն» Երիտասարդական նախաձեռնության կողմից կազմակերպված ազգագրական պարերի բաց դասընթաց-միջոցառումների շարքը շարունակվում է: Այս անգամ հանդիպում են հուլիսի 17-ին ժամը 20:00-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանին հարող այգում:
Միջոցառման անփոխարինելի աջակիցն է Կարին ազգագրական երգի-պարի համույթը` Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ոչ միայն ուրախությամբ ընդունել է այս միջոցառումներն անցկացնելու առաջարկը, այլ նաև տրամադրելու է անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ, ինչի համար նախաձեռնության կազմակերպիչները իրենց խորին շնորհակալությունն են հայտնում պարոն Օհանյանին և վարչական շրջանի կրթության և մշակույթի բաժնի աշխատակիցներին:
Հուսով ենք՝ այս դասերը կդառնան շարունակական, և մեր ազգային պարերին մասնակից կդարձնեն ավելի շատ երիտասարդների, քանի որ ազգային մշակույթին հաղորդակից լինելու առաջին նախապայմանն է ազգային ինքնության պահպանման համար:
Եկեք պարենք միասի՛ն, պարենք հայերե՛ն…
Հուլիսի 16-ի դրությամբ սոցիալական կայքում հրավերն ընդունել է 487 մարդ: