«Երևանցիները թող չնեղանան, բայց Երևանը չեմ սիրում, ինչպես և Մոսկվան»,- խոստովանեց հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա ներկայացավ որպես հայկական ծագումով «խորհրդաուկրաինացի կինոռեժիսոր», որը ծնվել է Արցախում, բայց Արցախն իր հայրենիքը համարել չի կարող:
Բալայանը լրագրողներին պատմեց իր հիշողությունները՝ կապված Հայաստանի հետ: Նրա կուռքերից երկուսը հայ են` նրա մայրը և Սերգեյ Փարաջանովը:
Ըստ ռեժիսորի՝ ի տարբերություն իրեն՝ մայրը շատ հետաքրքիր մարդ էր, իսկ ի տերբերություն բոլոր հայուհիների՝ նա խմել գիտեր։ Բալայանը Ռուս Մարո մականունով իր մորը ներկայացրեց որպես շատ գեղեցիկ կին՝ սլացիկ կազմվածքով, շեկ վարսերով։
Տասնյակ հայտնի ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորը իրեն հայտնի մարդ չի համարում: «Ես մարդ եմ, որ զբաղվում է այն գործով, որով չէր կարող չզբաղվել»,- ասաց նա:
Այժմ կինոռեժիսորն աշխատում է «Փարաջանով գեղեցիկի սիրահար» միջազգային նախագծի վրա: Նախատեսվում էր, որ Ռոման Բալայանը կլինի ֆիլմի ռեժիսորը, բայց նա որոշել է այս նախագծում հանդես գալ որպես պրոդյուսեր` ռեժիսոր ու գլխավոր դերակատար ֆիլմում տեսնելով Սերժ Ավեդիքյանին:
Ռոման Բալայանը կարծում է, որ Փարաջանովի կյանքի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերակատարը չպետք է նույնանա Մեծ գեղագետի հետ: Նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին իր արվեստն է:
«Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվեն Ռոման Բալայանի՝ իր կարծիքով ամենահաջողված ֆիլմերը, որ նա նկարահանել է մինչև 1978 թվականը: «Այդ տարիներին ես հաշվի չէի առնում ոչ մի քննադատի կարծիք»,- հիշեց հայտնի ռեժիսորը՝ հավելելով, որ արդյունքում իր ռեպերտուարում հայտնվեցին լավագույն ֆիլմերը:
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/13/romanbalayan/
|