Հուլիսի 9-ին, Ջազզվե «Օպերա» սրճարանում կայանալու է կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի (1908-2002) աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսն իրականանալու է «Ճանաչիր ինքդ քեզ» միջոցառումների շրջանակներում: Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ կին պատգամավորներ և գործարար կանայք:
Ծրագիրը կազմակերպել է Հայաստանի կանանց ակումբը ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո:
Կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը (Հովսեփ Քարշյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում:
Ցեղասպանությունից իրենց կյանքը փրկելու համար ծնողները, երեք երեխաների հետ, որոնցից ավագը Հովսեփ-Յուսուֆն էր, ստիպված են լինում փախչել Սիրիա, որտեղից երկու տարի հետո Քարշի ծնողները բավականաչափ գումար հավաքելուց հետո իրենց ավագ որդուն ուղարկում են Կանադա, որտեղ Շերբրուկ քաղաքում ապրում էր նրա մորեղբայրը` լուսանկարիչ Ջորջ (Գրիգոր) Նաղաշը:
1941 թ. դեկտեմբերի 30-ին Քարշը լուսանկարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլին՝ Օտտավայի Համայնքների պալատում ելույթի ժամանակ: Life ամսագրում Չերչիլի դիմանկարի տպագրվելուց հետո Քարշի պատվիրատուներին թիվ չկար: Քարշի լուսանկարների ամենահայտնի հերոսների թվում են ԱՄՆ 12 նախագահները, Հռոմի 4 Պապերը, Բրիտանիայի բոլոր վարչապետները, խորհրդային առաջնորդներ Խրուշչովը, Բրեժնևը և Գորբաչովը, Ալբերտ Էյնշտեյնը, Նելսոն Մանդելան, Օդրի Հեփբերնը, Էռնեստ Հեմինգուեյը, Սոմերսեթ Մոեմը, Պաբլո Պիկասոն, Բեռնարդ Շոուն, Էլեոնորա Ռուզվելտը և այլոք:
Քարշի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 100 այն մարդկանցից, որոնց International Who`s Who (2000 թ.) հրատարակությունը դասել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց շարքին, դիմանկարային լուսանկարի վարպետ Յուսուֆ Քարշը լուսանկարել է 51-ին:
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74077/
|