Անկախության 20-ամյակի առիթով պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական միջոցառումների բաժնի պետ, գնդապետ Վանիկ Մինասյանն ասում է, որ ազգային հերոսներ Ջիվան Աբրահամյանի, Մովսես Գորգիսյանի ու Յուրա Պողոսյանի հոբելյաններին նվիրված պետական ծրագիր է իրականացվում: Վարչապետի հրամանով ձեւավորվել է խորհուրդ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Քանի որ տարին հոբելյանական է, Հանրային հեռուստաընկերությունը եւ «Օրդֆիլմ» ընկերությունը անկախության 20-ամյակին նվիրված համատեղ ֆիլմաշար են նկարահանում` «Ազգային հերոսներ» խորագրով:
Ֆիլմաշարի պրոդյուսեր Հայկ Օրդյանը հայտնեց, որ 3 ֆիլմերը, որոնք նախատեսված են պետական ծրագրով, այս կիրակի օրվանից Առաջին ալիքով եթեր են հեռարձակվելու: «Շատ քչերն այսօր գիտեն 15 ազգային հերոսների անունները, էլ չեմ ասում նրանց կենսագրական կարեւոր դրվագների մասին»:
Հայկ Օրդյանը նշում է, որ հիմնական դժվարությունները կապված են արխիվային նյութեր գտնելու հետ: «Կան հերոսներ, որոնց կենդանության օրոք գրեթե ոչ մի տեսանյութ չի նկարահանվել: Կադրերը շատ քիչ են, եղածներից էլ բոլորը չէ, որ կարող ես ցուցադրել, բայց այս հարցում մեզ օգնում է Հանրային հեռուստաընկերությունը, ՊՆ լրատվության վարչությունը, երբեմն նաեւ անհատներ, որոնք մարտերի ժամանակ արձանագրել են լսածն ու տեսածը: Իհարկե, չմոռանամ նաեւ հերոսների ընտանիքների անձնական արխիվների մասին:
Այս ֆիլմաշարը կունենա նաեւ մեկ այլ կարեւոր առաքելություն` ազգային հերոսների հազվագյուտ արխիվային նյութերի համախմբում»,- պատմում է պրոդյուսերը: Նա կարեւորում է պատմության անաչառությունը: Ասում է, որ ազգային հերոսների մարտական ընկերները, հարազատ-բարեկամները հաճախ սուբյեկտիվ տեսանկյունից են պատմում, իսկ իրենք անում են հնարավորը, որպեսզի ներկայացնեն օբյեկտիվ պատկերը: Դրա համար ուսումնասիրում են հերոսների մասին գրքերը, ժամանակի մամուլի հրապարակումներից են ինչ-որ տեղեկություններ պրպտում:
Միքայել Ահարոնյան
Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/15/ereq-film/
|