Երեւանի կրկեսի շենքն առաջիկայում վերանորոգվելու է: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը: Նրա խոսքով՝ վերանորոգման համար կրկեսին անհրաժեշտ կլինի 10 միլիոնից ավելի դոլար գումար:
«Աշխատանքային պայմանները չեն համապատասխանում ժամանակակից կրկեսային արվեստին: Շատերը մեզ իրենց աջակցությունն են առաջարկել, սակայն երբ իմացել են, որ կրկեսը կոմերցիայի առարկա չէ, հրաժարվել են: Ես միշտ հավատացել եմ, որ կգտնվի մեկը, ով անկեղծորեն կգնահատի կրկեսն ու այդ մարդը «Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանն է»,-հայտարարեց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Կրկեսի տնօրեն Հ. Գասպարյանը հայտարարեց, որ վերանորոգման աշխատանքները կսկսվեն այս տարվա օգոստոսի 1-ին եւ կշարունակվեն մինչեւ 2013 թվականը: Գասպարյանը միաժամանակ հավելեց, որ «Տաշիր» ընկերությունն արդեն կատարել է շուրջ 6 միլիոն դոլարի ներդրում:
Տնօրենի խոսքով, բացի շինության վերակառուցումից, կթարմացվի նաեւ տեխնիկական բազան, մասնավորապես, կլավացվեն կրկեսի ձայնային եւ հնչյունային հնարավորությունները: Գասպարյանը նշեց, որ «Տաշիր» ընկերությունը հետագայում եւս կֆինանսավորի կրկեսի գործունեությունը: Նրա խոսքով, տոմսերի արժեքը վերանորոգումից հետո հնարավոր է՝ թանկանա: Կրկեսի աշխատակիցները վերանորոգման ընթացքում կստանան աշխատավարձ, իսկ նրանցից ոմանք կներգրավվեն համապատասխան վերանորոգողական աշխատանքներում: Կրկեսի կենդանիներն էլ կապրեն կենդանաբանական այգում:
Վերանորոգումից առաջ վերջին կրկեսային ներկայացումը տեղի կունենա հուլիսի 31-ին: Կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել: