Գլխավոր » 2011»Հուլիս»30 »
Երեւանում տեղի կունենա «Մարալ» երգի ու պարի համույթի համերգը
17:12
Երեւանում տեղի կունենա «Մարալ» երգի ու պարի համույթի համերգը
Օգոստոսի 16-ին ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի պետական ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա Ստամբուլի Էսայան Սանուց Միության «Մարալ» երգի ու պարի համույթը: Համերգի հովանավորն է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Ստամբուլի «Մարալ» երգի ու պարի համույթը հիմնադրվել է 1980թ. Բենոն Կուզաբաշի և ընկերների կողմից: Համույթի գործունեության հիմնական նպատակն է հայկական մշակույթը, պարերը, երգ- երաժշտությունը ներկայացնել սիրողական պարողներով: Մինչև 1986թ-ը, երբ Բենոն Կուզուպաշը անժամանակ հեռացավ կյանքից, «Մարալ» համույթը բազմաթիվ համերգներ տվեց ու շահեց համայնքի սերն ու գնահատանքը:Հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ մարալցիները 2 մեծ համերգներով ներկայացան արվեստասեր հասարակությանը:
Պարախմբի անդամները իրենց առաջին քայլերն առնում են մանկական պարախմբի կազմում, իսկ հետո համալրում են հիմնական խումբը: 1992թ. պարուսույցի պաշտոնն ստանձնեցին 1980-ականների մարալցի պարողներ Կարպիս-Իրիս Չափքան ամուսինները. նրանք 19 տարի շարունակ առանց ընդհատման համույթը հասցրին ներկա հանգրվանին:
Մարալը այժմ բաղկացած է 6-14 տարեկան երեխաներից կազմված 90 անդամներով մանկական խմբից և 16-33 տարեկան 50 պարողներից կազմված պարախմբից, որոնք կարգապահ աշխատանք են տանում Էսայան սանուց Միության հոգատար երդիկի տակ: Պարախմբին օգնում են նաև Մարալի տեխնիկական խումբն ու ծնեղները,որոնց ուշադրությունն ու սերը անպակաս են խմբի անդամներից:
2010-ի միջոցառումների շրջագծով Մարալ պարախումբը Պատրիարքարանի հրավերով գնաց Վան և Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում մատուցված Ս. Պատարագից հետո համերգ տվեց Վանի կենտրոնական մարզասրահում: Այս համերգը մեծ ընդունելություն գտավ վանեցիների ու աշխարհի չորս ծագերից ժամանած հայ ուխտավորների կողմից:
Մարալցիները մասնակցում են նաև բարեսիրական համերգների և անցյալ տարի նրանք այսպիսի ծրագրով օժանդակեցին ԶԻՊԵՉ հաշմանդամ մանուկների կենտրոնին: