Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց Կերպարվեստի բնագավառում երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքների ցուցահանդես-մրցույթ: Այն կազմակերպվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի նկարիչների միության կողմից: Ցուցահանդես-մրցույթին մասնակցում են 35 նկարիչներ, որոնցից մրցույթի արդյունքում պետք է հաղթեն 6 լավագույնները: Մրցանակային ընդհանուր գումարը 15 հազար ԱՄՆ դոլար է:
Ինչպես նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ուրախալի է, որ նմանատիպ ցուցահանդես-մրցույթի բացումն իրականանում է ամռանը, քանի որ ներկայացված աշխատանքներն էլ են արեւով լեցուն: «Իհարկե, եղել են երիտասարդների մասնակցությամբ բազմաթիվ ցուցահանդսներ, սակայն սա ցուցահանդես-մրցույթի առաջին նախադեպն է»,- ասաց նա' հավելելով, որ մրցույթը կկրի ավանդական բնույթ:
Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանի խոսքով' մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ ստեղծագործողներին, որպեսզի նրանք արարեն Հայաստանի Հանրապետությունում: «Պատահական չէ, որ այս մրցանակաբաշխությունը երիտասարդների մասնակցությամբ է իրականանում, քանի որ այս տարին երիտասարդներինն է»,- ասաց նա' շեշտելով, որ անընդհատ պետք է երիտասարդներին տալ հնարավորություւն' բոլորին իրենց տաղանդով ուրախացնելու համար: «Արվեստը եւ գեղեցիկն իսկապես փրկելու են աշխարհը»,- համոզմունք հայտնեց Մ. Շահգելդյանը:
Մրցութային ժյուրիի անդամ, արվեստաբան Հրավարդ Հակոբյանն այն համոզմունքը հայտնեց, որ հայ ժողովրդի այցեքարտը հայ մշակույթն է եւ պետք է անընդհատ խրախուսել տաղանդավոր երիտասարդների աշխատանքները, որպեսզի նրանք կարողանան ինքնադրսեւորվել: «Իսկ ժյուրիի մասով ես կարող եմ խոստանալ, որ այն կլինի անաչառ»,- հավաստիացրեց արվեստաբանը:
Նշենք, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերին:
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659305/
|