Հուլիսի 23-ին, ժամը 18:00-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում «ՀԱՄԱԶԳԵՍՏ» խորագրով տեղի կունենա արվեստագետ Դմիտրի Սարկիսովի աշխատանքների ցուցադրությունը:
Հեղինակն ինքը այս գործերի մասին հետևյալ կերպ է արտահայտվում.
- Աշխարհի անբողջական ընկալման վերականգման էքսպերիմենտալ փորձ:
- Թեթև դիմադրություն կամքին և միաժամանակ համոզմունք, որ կհաղթահարես այդ դիմադրությունը:
- Ես համակարգիչ չունեմ:
- Գոյություն ունեցողը նորից ստեղծելու հաճույք:
- Հրամանի կատարման ստերիլություն:
Ցուցահանդեսի համադրող Գոռ Ենգոյանը այս կապակցությամբ, մասնավորապես, գրում է.
«Տեխնոլոգիաները և նրա գործիքային, նշանային համակարգը, որով մենք աշխատում ենք, իներտ չէ: Եվ որքան մենք ենք աշխատում տեխնոլոգիաների հետ, այնքան էլ նրանք են աշխատում մեր հետ: Մենք զգալիորեն ներգրավված ենք համակարգչային իրականության մեջ, ինչը, որպես կանոն, թույլ չի տալիս, որ ինքներս մեզ դիտենք կողքից՝ մարդ-համակարգիչ փոխհարաբերության մեջ: Կողքից հայացք մեզ մոտ առաջանում է կա՛մ այն դեպքերում, երբ բախվում ենք ծրագրային սխալի, կա՛մ երբ ձեռքի տակ չենք ունենում այն տեխնոլոգիան, որին սովորել ենք տնտեսական կամ այլ պատճառներով:
Ասել, որ մեր կրած համազգեստը իներտ չէ, նշանակում է ոչինչ չասել, առաջին հերթին, գոնե այն պատճառով, որ համզգեստը խոսուն վկայում է տվյալ համակարգում մեր ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ մասին: Ոչ միայն մարդն է կրում համազգեստ, այլ համազգեստն է կրում մարդուն, համազգեստով մարդը այլ մարդ է, քան մարդն առանց համազգեստի: Հաճախ անհետանում է սեփական մաշկի և համազգեստի միջև սահմանը: Մաշկի և համազգեստի փոխհարաբերությունը դառնում է տեսանելի, երբ համակարգը, որի նշանն է համազգեստը, «կախվում» է, սխալներ է թույլ տալիս: Օրինակ՝ երբ ծառայողները հանկարծակի և անհասկանալի պատճառներով ինքնասպանություն են գործում:
Արվեստագետը, իր կեցվածքից ելնելով, կամա, թե ակամա զատում է իրեն այն միջավայրից, որի մեջ գտնվում է: Արդյունքում, տեղի է ունենում որոշակի օտարում սեփական իրականությունից և որոշակի նույնացում՝ ընտրածդ դերի հետ: Այս դերի, կամ սեփական գործունեության հետ նույնացումը շատերի մոտ գիտակցված չէ և հղի է իրականության զգացողության կորստով: Սեփական համատեքստից օտարվելու ցանկությունը դեռ չի նշանակում, որ հնարավոր է դուրս պրծնել այդ համատեքստից: Նման իրավիճակում դժվար է տարբերել քեզ՝ քո սեփական դերից, ինչը կարելի է համարել դրական, եթե արվում է միտումնավոր: Այս վերջին պարագայում դու գիտակցում ես, որ գտնվում ես որոշակի սոցիալական, քաղաքական, տնտեսական կամ վիրտուալ համակարգի մեջ»:
Աղբյուր`http://www.epress.am/2011/07/13/%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%B9-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%B0%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%BD%D5%BF%D5%A8.html
|