Ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավեդիքյանը չի վերադառնա և ապրի Հայաստանում։ Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում։
«Ես հերոս չեմ։ Ես չեմ վերադառնա։ Եվ գալ, ապրել այստեղ ամեն օր ես չեմ կարող, ես արդեն լիովին ինտեգրված եմ ֆրանսիական կյանքում։ Եվ ես իրավունք չունեմ որևէ մեկին ասել՝ ինչո՞ւ ես գնում, ինչո՞ւ ես լքում հայրենիքդ։ Ես ինքս չեմ ապրում հայրենիքում»,- ասել է ռեժիսորը։
Արդեն 40 տարի Փարիզում բնակվող Ավեդիքյանը պատմել է, որ իր ծնողները 1947 թվին են եկել Հայաստան ու «քաշվել» են։ «Իրենք չգիտեին՝ ո՞ւր են գնում, ինչի՞ համար։ Պատրիոտիզմի համար էին գնում, բայց սովետական կարգի ժամանակ դուք շատ լավ գիտեք՝ ինչպես իրենց ընդունեցին, և ինչ ստացվեց այդ «ախպարների» հարցով։ Ես չեմ ուզում ասել, որ ամեն անգամ պատմությունը կրկնվում է, բայց ամեն անգամ կարծես թե կրկնվում է՝ հորինելով ինչ-որ մի նոր բան, որից դաս կարծես թե չի ստացվել»,- ասել է նա։
Ըստ Ավեդիքյանի՝ արտագաղթի հարցը լուծելու համար քաղաքական գործիչները պետք է գործ անեն, ինչ-որ նախագիծ մշակեն։
«Մենք կարող է այսօր հերոսի պակաս ունենք, որովհետև, այն ժամանակաշրջանը չէ, երբ հերոսներն են խոսում։ Հայրենիքը լքելու, դուրս գնալու հարցը, իմ կարծիքով, պետք է անպայման Հայաստանի քաղաքական գործիչները և հասարակությունը լուծեն։ Ուրիշ ոչ ոք չի կարող դա անել։ Դա նշանակում է՝ ի՞նչ. դա նշանակում է գործ, տնտեսության զարգացում։ Դա նշանակում է ինչ-որ մի պրոյեկտ»,- նշել է ռեժիսորը։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/15/averdikyan/
|