Խոհանոցը մեր մշակույթի անքակտելի մասն է, մեր ոչ նյութական ժառանգությունը, և միայն մեզանում է, որ «խոհ արար» նշանակում է միտք արարող, և այդ հիմքի վրա է միտքը զարգանում. հայը միշտ այդպես է ընկալել խոհարարությունը և այդպես բնորոշել։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։ «Եթե մենք չունենայինք մեր այս խոհանոցը, չօգտվեինք համակարգված սննդից, մեր նախնիների ուղեղն այնքան լավ չէր աշխատի, որ այդքան նորարարություններ ունենայինք աստղագիտության, մաթեմատիկայի ու մյուս բնագավառներում»,- ասաց նա։
Մամուլյանն ընդգծեց, որ խոհանոցը հայոց ոչ նյութական ժառանգությունն է, և երբ օտարերկրացիները զարմանք են հայտնում, թե ինչպես կարող ենք այլ ոլորտներում ունենալ հարուստ ժառանգություն, խոհարարը փաստում է, որ հայկական խոհարարական արվեստն ուղղակի բավականաչափ ներկայացված չէ։
«Բոլոր ազգերն ավելի շուտ են հասկացել, որ դա հարստություն է, քան մենք»,- նշեց նա։ Խոհարարության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն, ըստ Մամուլյանի, խորհրդային տարիներից է սկսվել, երբ մտավոր կարողություններ կամ աշխատասիրություն չունեցող երեխաներին ասում էին՝ դու լավ արհեստավոր կամ խոհարար կդառնաս։
«Փոլ Բոքյուզը վերջերս համարվեց 20-րդ դարի խոհարար, որի շնորհիվ ֆրանսիական խոհանոցը UNESCO-ի պահպանման և այլ բաների շարքում գրանցվեց. մի մարդու շնորհիվ,- ասաց Մամուլյանը։- Այն ճանապարհը, որով մենք ուզում ենք գնալ՝ գյուղերից բաղադրատոմսեր հավաքելով և մշակելով և ներկայացնելով՝ որպես ավանդական խոհանոց, դրանով անցել են արդեն բոլոր երկրները»։
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/12/armeniankitchen/
|