Գլխավոր » 2011»Հուլիս»13 »
Եվս 937 քաղաքացի վարչապետից պահանջում է վերադարձնել Մինասի որմնանկարները
12:30
Եվս 937 քաղաքացի վարչապետից պահանջում է վերադարձնել Մինասի որմնանկարները
Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Գյումրիից տարված Մինասի 4 որմնանկարները վերադարձնելու պահանջով ստորագրահավաքին են միացել եւս 937 քաղաքացիներ:
Նշենք, որ հունիսի 22-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին 4038 անձանց ստորագրություններով պահանջագիր էր ներկայացվել` որմնանկարները վերադարձնելու պահանջով:
«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ օրս, 4038 քաղաքացիների կողմից ՀՀ վարչապետին ուղարկված պահանջագրի պատասխանը դեռեւս չի ստացվել:
«Այսօր, մեր` «Շիրակ կենտրոնի» գրասենյակում վերջին տասն օրվա ընթացքում հավաքված 937 անձանց ստորագրություններով պահանջագիրը կրկին կից նամակով ուղարկվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ներկայացնում ենք նամակի բովանդակությունն ամբողջությամբ.
Հարգելի պարոն վարչապետ
Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տարված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք:
Այս գրությանը կից ուղարկում ենք եւս 937 քաղաքացիների ստորագրություններով պահանջագիրը»,- ասված է «Շիրակ կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մինասի երկու որմնանկարներ վերջրես տեղափոխվել են Երեւան, վերականգնվելուց հետո դրանք պետք է կախվեն «Զվարթնոց» օդանավակայանում: