8-րդ "Ոսկե ծիրան”-ի շրջանակներում Երեւան է ժամանել Ֆանի Արդանը: Միջազգային կինոփառատոնի շրջանակներում հռչակավոր ֆրանսիացի դերասանուհին ներկայացնում է իր ռեժիսորական աշխատանքները: Այսօր երեկոյան "Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվեն Ֆանիի հեղինակած` 2009 թվականի արտադրության "Մոխիր եւ արյուն” եւ կարճամետրաժ "Բացակա երազներ” ֆիլմերը: Ֆրանսուհին Երեւանը կվայելի մինչեւ հուլիսի 12-ը, իսկ կինոփառատոնի բացման նախաշեմին հանրահայտ դերասանուհին երեկ հանդիպել է լրագրողների եւ երկրպագուների հետ:
Վաղուց երազում էի Երեւան գալ: Հայաստանն ինձ համար քրիստոնեության օրրան է` հին քաղաքակրթություն ունեցող երկիր: Իմ կարծիքով` այն խորհրդավոր է ու գեղեցիկ:
Լսել եմ` երեւանյան գիշերները գեղեցիկ են, բայց դեռ չեմ հասցրել վայելել. գիշերն անկողնում եմ անցկացրել:
Չեմ ճանաչում հայ հեղինակների ու դերասանների: Առհասարակ, չեմ կարեւորում ազգությունը:
Ռուսաստանից եմ ժամանել Հայաստան: Սանկտ-Պետերբուրգում Ժերար Դեպարդյեի հետ նկարահանվում էի "Ռասպուտին” ֆիլմում:
Նախ` թողեք մի քիչ քայլեմ Հայաստանով, նոր որոշեմ` ինչ եմ տանելու այստեղից:
Չեմ սիրում զբոսաշրջություն, բայց միշտ հավանել եմ այն վայրերը, որտեղ ժամանել եմ` աշխատելու:
Չեմ սիրում մրցանակներ հանձնել:
Ես երկար ժամանակ կարծում էի, թե Դոն Քիշոտը ֆրանսիացի է:
Այն ամենը, ինչ եղել է քո կյանքում, կարեւոր է: Ամեն ինչ կարեւոր է, եւ ոչինչ կարեւոր չէ:
Քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, միայն սիրային ծանոթություններ ունեմ:
Սիրածս դերի մասին ինձ մահվանս մահճում կհարցնեք: Կյանքը շարունակվում է: Միգուցե վաղը նկարահանված ֆիլմի դերը դառնա իմ ամենասիրելին:
Կյանքում ամեն ինչ կապակցված է:
Ամենից կարեւորը սերն է: Միշտ սիրով եմ արել իմ գործը: Եթե մի բան չեմ հավանել, չեմ արել: Սիրել եմ ծնողներիս, տղամարդկանց, երեխաներիս: ԷդիթՊիաֆն էր ասում` առանց սիրո մենք ոչինչ ենք:
Սիրուն սպասելն էլ սեր է:
Երբեք չեմ պայքարել տղամարդկանց եւ կանանց հավասարության համար. պայքարել եմ ազատության համար: Երբեք չեմ ուզել տղամարդու հանդեպ գերակա լինել: Երբ ազատ ես, հասկանում ես, որ ազատ չես: Ազատությունը մտքի վիճակ է:
Բավական կանոնավոր կերպով խաղում եմ թատրոնում: Ես թատրոնից եմ սկսել: Թատրոնը վայրի է եւ մաքրում է դերասանի միտքը:
Ես շատ եմ սիրել Մարիա Կալասին: Նա փնտրում էր բացարձակը: Երբ Կալասի դերն էի խաղում, չէի փորձում նրան վավերականորեն ներկայացնել: Մարմնավորելիս հավատում էի նրան. Կալասը փորձում էր բարելավել մարդկանց վիճակը:
Ես գերադասում եմ դերասանուհու կարգավիճակը, քան` ռեժիսորի:
Իմ կյանքի շքեղությունն ու ազատությունն այն է, որ արել եմ այն, ինչ ուզել եմ: Եղել է, որ նկարահանվել եմ ֆիլմերում, որոնք մեծ հաջողություն չեն ունեցել, բայց երջանիկ եմ եղել այդ ֆիլմերում նկարահանվելու ժամանակ:
Ամեն անգամ ֆիլմի աշխատանքներին համընթաց սկսում ես վազել: Եթե չհավատաս, չես կարող վազել:
Անհնար է միշտ երջանիկ լինել. երջանկության պահեր կան: Ու եթե այդ պահերը ուժեղ են, դու հետո տխրում ես, որ դրանք այլեւս չկան:
Ավելի լավ է բուռն կյանքով ապրել, քան երջանիկ լինել:
Հիմա ես երջանիկ չեմ:
Սիրում եմ գնալ այնպիսի երկրներ, որտեղ սիրում են կինոն: "Ոսկե ծիրան” փառատոնի շնորհիվ է, որ ժամանել եմ Հայաստան:
Այժմ տարբեր ծրագրեր ունեմ: Աշխատում եմ թե որպես ռեժիսոր, թե որպես դերասանուհի:
"Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ հաջորդ տարի փառատոնի շրջանակներում մտադրված են անցկացնել հռչակավոր դերասանուհի Ֆանի Արդանի ռետրոսպեկտիվը: Տեղի կունենան 15-ից ավելի ֆիլմի դիտումներ, եւ այդ ժամանակ դերասանուհին ավելի շատ ժամանակ կունենա Հայաստանի հետ ծանոթանալու համար: